Էրդողանը «Բալուչ ահաբեկչական խմբաւորման» սլաքները փորձում է լարել իր ժամանակով
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ- Այսպէս կոչւած «Բելուչեստանի ազատագրման բանակի» ահաբեկիչները հակասական յայտարարութիւն են տարածել՝ պահանջելով կասեցնել Մետաքսի ճանապարհի նախագիծը, ինչը Չինաստանի, Պակիստանի եւ Իրանի առեւտրային միջանցքն է դէպի Եւրոպա։
Վիճայարոյց տեսանիւթն իրանցի փորձագէտների ուշադրութեանն արժանանալով համապատասխան մեկնաբանութիւններով է լուսաբանւել: Կովկասի հարցերով փորձագէտ դոկտ. Էհսան Մովահեդեանն իր տելեգրամեան ալիքում յիշեցնելով, որ տւեալ ահաբեկչական խմբաւորումը երբեւէ կարեւոր դերում չի եղել թմրանիւթերի մաքսանենգութիւնից ու մի քանի աննշան ահաբեկչական յանցագործութիւնից բացի, կարեւորել է միայն նրանով, որ «Բելուչեստանի ազատագրման բանակի» ահաբեկիչ զինեալների յայտարարութեան ժամացոյցը լարւած ու համապատասխանեցւած է Էրդողանի ծրագրերի ու Թուրքիայի ՄԻԹ-ի ժամացոյցին:
«Տւեալ ահաբեկչական խմբաւորումը զգուշացրել է Պակիստանին ու Չինաստանին Իրանի Բելուչեստանից անցնող տարանցման ծրագրի զարգացման «սարսափելի հետեւանքների» մասին»,- յաւելել է փորձագէտը:
«Տողատակերում հասկանալի է, թէ ով է այդ ահաբեկիչների գործատուն, որը շահագրգռւած չէ, որ Իրանով որեւէ միջազգային երկաթուղի, ճանապարհ ու խողովակաշար անցնի՝ ապրանքներ եւ էներգակիրներ տեղափոխելու համար, որպէսզի Իրանի անվտանգութեան եւ տարածքային ամբողջականութիւնը կարեւոր չլինի այլ երկրների համար»,- նշել է դոկտ. Մովահեդեանը, միաժամանակ յիշեցնելուվ «Զանգեզուրի միջանցք» դաւադիր նախագծի մասին, եւ Հայաստանի տարածքային կորուստների տրամաբանութեան մասին, եւ ընդգծել. «Արդեօ՞ք այս իրադարձութիւնների համընկնումը Էրդողանի համառութեան հետ՝ Հայաստանից եւ Իրաքից դէպի Թուրքիա երկու միջանցք ստեղծելու եւ Իրանին տարածաշրջանի կարեւոր տարանցիկ ուղիներից չէզոքացնելու հետ պատահաբար են ստացւել»:
Փորձագէտը յաւելել է, որ նման վտանգաւոր իրավիճակները շարունակւելու են այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը չի գտել համապատասխան կամք՝ միջազգային նշանակութեամբ միջանցքների շինարարութեան իր բաժինն աւարտին հասցնելու համար:
Մէկ այլ գրառմամբ, քաղաքագէտ Սերգէյ Մելքոնեանը յիշեցնելով տարանցիկ միջանցքներին անհրաժեշտ անվտանգային պայմանների եւ տարածաշրջանային հաւասարումների կարեւորութեան մասին, անդրադարձել է 44-օրեայ պատերազմից յետոյ Կովկասում ուժերի ռազմաքաղաքական յարաբերակցութեան էական փոփոխութիւններին, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի դէմ իրականացւած ագրեսիաների փաստին:
Քաղաքագէտը նշել է. «Զարգացումները յանգեցրին նրան, որ Երեւանի տեսանկիւնից Մոսկւայի հետ անվտանգութեան պայմանագրերը չեն աշխատում անարդիւնաւէտ, իսկ Հայաստանի անդամակցութիւնը ՀԱՊԿ-ին զսպող գործօն չէ: Արդիւնքում Հայաստանը փաստացի դադարեցրեց իր անդամակցութիւնը ՀԱՊԿ-ին»։
Անվտանգային դիտանկիւնից երկրների կայունութիւնն ու տարածաշրջանային հաւասարումներում դրանց վերագրւող դերը փոխկապակցւած է ռազմավարական նշանակութեամբ դաշինքների ու համագործակցող պետութիւնների երկարատեւ շահերի հետ: Այնպէս, որ եթէ այսօր Երեւանի կողմից զէնքի գնման պայմանագրերի ճնշող մեծամասնութիւնը կնքւել է Հնդկաստանի հետ, որի ընդհանուր արժէքը կազմում է աւելի քան 900 մլն. դոլար, ապա այն տեղափոխող տարանցման ուղիների անվտանգութիւնը եւ լոգիստիկ մարտահրաւէրները կապւած ճանապարհի հեռաւորութեան եւ տիրոյթի աշխարհագրական խնդիրների հետ եւս ունենում են իւրայատուկ նշանակութիւն, յատկապէս, մրցակցող բլոկի համար: