Սփիւռքահայ գործարարները ծաղրում են Փաշինեանին

«ԱԼԻՔ» – Շուրջ մէկ տասնեակ սփիւռքահայ գործարարներ բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինեանին՝ կոչ անելով հրապարակել այն բառերի, արտայայտութիւնների ցանկը, որոնք նեարդայնացնում են նրան, եւ որոնք կարող են յանգեցնել ազատազրկման։
Բաց նամակում ասւում է.
«Յարգելի պարոն վարչապետ,
Աշխարհի ամենահարուստ եւ ամենաազդեցիկ հայը՝ Սամուէլ Կարապետեանը, աւելի քան 30 տարի հարիւր միլիոնաւոր դոլարներ է նւիրաբերել Հայաստանում իրականացւող բարեգործական նախագծերին: Եւ հիմա, ձեր անձնական յանձնարարութեամբ, նա կալանաւորւել է, եւ սկսւել է նրա ակտիւների ազգայնացման գործընթացը: Պատճառը, ինչպէս մենք հասկանում ենք, ընդամենը Հայ եկեղեցու պաշտպանութեան համար նրա արտաբերած խօսքերն են. «Մենք հարցերը կը լուծենք մեր ձեւով»:
Մենք՝ մեր պատմական հայրենիքից դուրս ապրող եւ մեր համեստ խնայողութիւնները Հայաստանում բիզնես նախագծերում ներդրած ձեռնարկատէրերն ու գործարարները, մեղմ ասած, շփոթւած ենք: Եւ, անկեղծ ասած, սկսում ենք անհանգստանալ թէ՛ մեզ համար, թէ՛ մեր ներդրումների համար:
Մենք պարբերաբար այցելում ենք Հայաստան եւ, յանցագործութիւն կատարելուց խուսափելու համար, խնդրում ենք Ձեզ շտապ կարգով հրապարակել այն բառերի, արտայայտութիւնների ցանկը, որոնք արգելւած են օրէնքով Հայաստանում կամ որոնք նեարդայնացնում են ձեզ՝ այդպիսով դառնալով վտանգաւոր կամ անցանկալի օգտագործման համար: Մենք յատկապէս հետաքրքրւած ենք նրանցով, որոնք կարող են յանգեցնել ազատազրկման կամ գոյքի կորստի:
Նախապէս շնորհակալութիւն ենք յայտնում Ձեր ըմբռնման եւ աջակցութեան համար:
Յարգանքներով՝
Արսէն Բէյբուրթեան (Փարիզ, Ֆրանսիա)
Մարկ Փոթիկեան (Մասաչուսեթս, ԱՄՆ)
Ռոբերտ Կետիկեան (Միլան, Իտալիա)
Քրիստոֆէր Բալաջեան (Դորտմունդ, Գերմանիա)
Յակոբ Մակունց (Մոսկւա, Ռուսաստան)
Դաւիթ Ջրպէշեան (Կրասնոդար, Ռուսաստան)
Պատրիկ Սուվարեան (Ժնեւ, Շւէյցարիա)
Արմէն Բաղդասարեան (Սոֆիա, Բուլղարիա)»։