Արցախի մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեան. Ո՞վ չգիտի, որ Արցախն Ադրբեջան չէ. այդ ցինիկ գրառումներն արւում են յատուկ

«ԱՊԱՌԱԺ» – Արցախի իշխանութիւնները եւ Արցախից Հայաստան վերադարձւած հայերի հարազատները նախօրօք տեղեակ չեն եղել, որ նրանք տեղափոխւում են Հայաստան։ Այս մասին ասել է Արցախի մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսէն Թորոսեանն այս մասին յայտնել էր, որ Արցախում բնակւող 10 հայեր եւ ազգութեամբ ռուս մէկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետութիւն տեղափոխւելու խնդրանքով։ Դիմումների հիման վրայ նշւած անձինք տեղափոխւել են Հայաստանի Հանրապետութիւն։ Գեղամ Ստեփանեանն ասել է, որ ոչ մի տեղեկութիւն չունեն, թէ որտեղ են հիմա Արցախից ՀՀ տեղափոխւած անձինք։ «Դեռեւս կապ չկայ մեզ հետ, եթէ յաջողւի կապի դուրս գալ, կը փորձեմ որոշակի տեղեկութիւններ ճշտել, բայց այս պահին այդ հնարաւորութիւնը դեռեւս չկայ»,- «Ապաժռաժ»-ին յայտնել է Արցախի ՄԻՊ-ը։ Գեղամ Ստեփանեանը յաւելել է, որ իրենց տեղեկութիւններով՝ 2023 թւականի բռնի տեղահանութիւնից յետոյ Արցախում մնացել էին տարեց եւ հոգեկան որոշակի խնդիրներ ունեցող շուրջ մէկ տասնեակ անձինք։
«Ապառաժ»-ը նաեւ նշել է, որ Արսէն Թորոսեանն իր գրառման մէջ Արցախը «Ադրբեջանի հանրապետութիւն» էր ներկայացրել։ Անդրադառնալով այս ձեւակերպմանը՝ Գեղամ Ստեփանեանն ասել է,- «Ձեզ համար զարմանալի՞ է, նորութիւն կա՞յ նրա յայտարարութիւնների մէջ։ Այդ մարդիկ էն գլխից յայտարարել են, որ Արցախն իրենց համար Ադրբեջան է։ Իմաստ էլ չկայ հակադարձելու, ո՞վ չգիտի, որ Արցախն Ադրբեջան չէ, բայց ով չգիտի նաեւ, որ իրենք յատուկ ցինիկաբար այդպիսի գրառումներ են անում։ Ի՞նչն էր խանգարում՝ Ադրբեջանի հանրապետութիւն չգրել, միանշանակ յատուկ է արւած»։



