Ալիեւի հրահանգը՝ Հայաստանը «կոնֆլիկտային տարածք» ներկայացնելու մասին. սա՞ է խաղաղութեան օրակարգը

ՏԱԹԵՒԻԿ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Պատմական գիտութիւնների թեկնածու
Ադրբեջանի հարցերով փորձագէտ
Օրեր առաջ՝ նոյեմբերի 3-ին, Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւը իրենց ԳԱԱ-ում ունեցած ելոյթի ժամանակ, Սեւանի թեմայով յայտնի խօսքերի հետ մէկտեղ, յստակ կարգադրութիւն տւեց բոլոր պետական մարմիններին՝ բառացի ասելով. «Աւելի շատ հետազօտականաշխատանքներ, նոյնիսկ փոքր գրքոյկներ պէտք է պատրաստւեն, որպէսզի ե՛ւ ադրբեջանական երիտասարդութիւնը, ե՛ւ համաշխարհային հանրութիւնը լաւ իմանան իրենց պատմութիւնը եւ, միեւնոյն ժամանակ, որպէսզի մեր վերադարձը ժամանակակից Հայաստան հնչի լիովին տրամաբանական եւ արդարացի…»։
Ալիեւի ելոյթի այս հատւածը աննկատ մնաց մեր հանրութեան ուշադրութիւնից, բայց ըստ իս՝ հէնց սա էր ամենակարեւոր ուղերձը, իսկ աւելի ստոյգ յանձնարարականը, որ Ալիեւը տւեց պետական բոլոր մարմիններին ու կառոյցներին։ Նա փաստացի հասկանում է, որ ադրբեջանցիների, այսպէս կոչւած, «վերադարձի» թեման ոչ տրամաբանական է, ոչ էլ առաւել եւս արդարացի։
Առհասարակ, ինչպէ՞ս կարող է Արցախի, Հայաստանի, հայ ժողովրդի դէմ պատերազմ, ագրեսիա սանձազերծած, էթնիկ զտում իրականացրած եւ պետական մակարդակով ատելութիւն քարոզող երկիրը նման օրակարգեր առաջ քաշել ընդդէմ Հայաստանի։ Իրապէս Ադրբեջանի վարած քաղաքականութիւնը չի տեղաւորւում որեւէ տրամաբանութեան մէջ, եթէ այդ ամէնին չես նայում ադրբեջանական ծաւալապաշտութեան եւ ատելութեան տեսանկիւնից։ Ալիեւը կարգադրել է ստեղծել կեղծ պատում (նարատիւ) Հայաստանի ու հայերի մասին եւ զբաղւել դրանց զանգւածային տարածմամբ՝ թէ՛ երկրի ներսում, եւ թէ՛ արտաքին քաղաքականութեան մէջ։
Արդէն երկու շաբաթ է՝ ադրբեջանական մամուլը ողողւած է ՀՀ տարածքը «հին ադրբեջանական հող» ներկայացնելու մասին լուրերով։ Այդ նպատակով անցկացւում են համաժողովներ, ելոյթ են ունենում բազմաթիւ պատգամաւորներ, այդ ամէնն ակտիւօրէն լուսաբանւում է Ադրբեջանի պետական լրատւամիջոցներով։
Օրինակ, «Արեւմտեան Ադրբեջան» զաւթողական անունը կրող համայնքի ղեկավար, պատգամաւոր Ազիզ Ալիքբերլին իր հարցազրոյցում ասել է. «20-րդ դարի սկզբին ցարական Ռուսաստանի կողմից պատրաստւած ռազմա-տեղագրական քարտէզներում Արեւմտեան Ադրբեջանի տարածքում գտնւող բնակավայրերը ներկայացւած էին իրենց բնօրինակ՝ թուրքական եւ ադրբեջանական անուններով։ Պետութեան ղեկավարը կարեւոր խնդիր է դրել գիտնականների եւ Գիտութիւնների ազգային ակադեմիայի կառոյցների առջեւ. անհրաժեշտ է աւելի լայնօրէն աշխարհին հասցնել Արեւմտեան Ադրբեջանի իրականութիւնը եւ աւելացնել այս ուղղութեամբ գրքերի, հետազօտութիւնների եւ ցուցահանդէսների քանակը»։
Ադրբեջանի իշխող ուժի պատգամաւոր Հիքմեթ Բաբաօղլուն էլ իր հարցազրոյցում ասել է. «Արեւմտեան Ադրբեջանի հարցը ռազմավարական հարցերից մէկն է, որը վերջին տարիներին յատուկ տեղ է գրաւել Ադրբեջանի հասարակական-քաղաքական օրակարգում: Արեւմտեան ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողերից տեղահանւած հայրենի հողեր վերադարձի հարցը շարունակում է քննարկւել ինչպէս մեր ազգային իրաւունքի, այնպէս էլ միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքների համատեքստում»:
Նա նաեւ մէկ այլ ուշագրաւ հանգամանք է շեշտել իր հարցազրոյցում. «Մինչեւ 2020 թւականը այս թեման ընդհանրապէս չէր քննարկւում։ Սակայն պատմական յաղթանակից յետոյ այս հարցը մտաւ քաղաքական օրակարգ եւ մեզ աւելի մօտեցրեց հայրենիք վերադառնալուն։ 2023 թւականից սկսած գործընթացը ձեռք է բերել աւելի իրատեսական բովանդակութիւն։ Այժմ, խաղաղութեան համաձայնագրի նախաստորագրմամբ, մենք մտել ենք հնարաւորինս ամենամօտ փուլ»։
Այո, իրապէս, մինչեւ Արցախի դէմ ագրեսիան ու դրան յաջորդած իրադարձութիւնները Ադրբեջանը ռիսկ չէր անում նման խօսոյթ զարգացնել, կային, իհարկէ, ելոյթներ, որտեղ Ալիեւը Երեւանը կամ Սիւնիքը «ադրբեջանական» էր անւանում, բայց որպէս «Արեւմտեան Ադրբեջան» զաւթողական հայեցակարգ՝ այս թեման Ադրբեջանի ղեկավարի կողմից շրջանառութեան մէջ դրւեց 2022 թւականի դեկտեմբերի 24-ին, երբ նա բառացի յայտարարեց. «Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրւայ Հայաստանը մեր հողն է»։ Սա, ընդ որում, տեղի ունեցաւ Նիկոլ Փաշինեանի կողմից Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց։ Սրանով Ալիեւը յայտարարեց ՀՀ տարածքը «կոնֆլիկտային» դարձնելու իր շատ վտանգաւոր մտադրութեան մասին, որը երեք տարի անց էլ մնում է չգիտակցւած մեր հանրային-քաղաքական շրջանակներում։
Ինչ խօսք, ադրբեջանական կողմի ախորժակն այնքան հեռուն է գնացել, որ իրենք չեն ուզում բաւարարւել այսպէս կոչւած «վերադարձի» թեմայով, իրենք որոշել են Հայաստանի Հանրապետութեան տարածքը ներկայացնել որպէս «Արեւմտեան Ադրբեջան»՝ կեղծ տերմին, որը չի բռնում որեւէ պատմական քննութիւն, չունի որեւէ աշխարհագրական ու քաղաքական հիմնաւորում։
Եթէ ուզում էք ճիշտն իմանալ, Ալիեւը մեզ փաստացի «նւէր» է մատուցում, երբ չի թաքցնում իր ծաւալապաշտական եւ զաւթողական նկրտումները, չի ձեւացնում, թէ խաղաղութիւն է ուզում եւ թաքուն պատրաստւում պատերազմի, ոչ, նա շատ ուղիղ ու յստակ ասում է՝ ինչ նպատակներ ունի, իջեցնում է վտանգաւոր կարգադրութիւններ ու անցնում դրանց իրագործմանը, դեռեւս՝ պատումի մակարդակով։
Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան բոլոր տարիներին էլ գեներացւում էին վտանգաւոր պատումներ, մղւում էր տեղեկատւական արշաւ, որն ի վերջոյ յանգեցրեց պատերազմի ու էթնիկ զտման։ Այսինքն՝ այն մտայնութիւնը, թէ թող Ադրբեջանի ղեկավարը երկրի ներսում ինչ ուզում է խօսի՝ մեզ ինչ, շատ միամիտ, ես անգամ կասէի՝ տգէտ մօտեցում է։
Նման կանխատեսելի հակառակորդի պարագայում, երբ վտանգաւոր ծրագրերը գտնւում են դեռեւս պատումների մակարդակում, կարելի է ու պէտք է աշխատել յստակ քաղաքական, տեղեկատւական, դիւանագիտական, իրաւական գործիքակազմերով՝ դրանք չէզոքացնելու համար։ Փաստացի, երբ մեր իշխանութիւնների թեթեւ ձեռամբ մենք հրաժարւում ենք Արցախի, մեր իրաւունքների մասին իրական, արդար ու տրամաբանական պատումներից, զուգահեռ իրականութեան մէջ պետութեան ղեկավարի ուղիղ հրահանգով ստեղծւում են կեղծ պատումներ եւ տրւում է յստակ հրահանգ դրանց բազմապատկման ու տարածման ուղղութեամբ։
Նման կանխատեսելի հակառակորդի պարագայում չի կարելի անգործ նստել ու սպասել, որ բանը հասնի մէկ այլ պատերազմի, էթնիկ զտման, ագրեսիայի, չի կարելի զոհասեղանին դնել մարդկային կեանքեր, այն դէպքում, երբ կարելի է այդ ամէնը չեզոքացնել կամքով, խելքով ու յամառ աշխատանքով։
Չի կարելի ինքնախաբէութեան զբաղւելով չնկատել հարեւան երկրում մեր պետութեան ու մեր բոլորիս դէմ գեներացւող զաւթողական նկրտումներն ու ատելութեան քարոզչութիւնը։ Այդ սպառնալիքները բոլորինս են՝ անկախ քաղաքական հայեացքներից։ Դրանք պէտք չի անտեսել, պէտք չի նաեւ խուճապահար լինէր, պէտք է հասկանալ, վերլուծել ու չէզոքացնել ճիշտ ժամանակին։ Դրա հնարաւորութիւնը մենք ունենք, քանի որ ինչպէս հէնց ինքը Ալիեւն է ասել, այդ օրակարգը ոչ տրամաբանական է, ոչ էլ առաւել եւս՝ արդարացի։
«Առաւօտ»



