«Նկարի տակի» սերունդը
ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային» նախագծեր խումբ
Մարտի 1-ի՝ վերսկսւող դատավարութիւնում չկայ մեղադրանք, չկայ մեղադրեալ, չկայ իրաւաբանութիւն, բայց կայ մի կարեւոր բան՝ դատաւոր, որը դրսեւորում է ձեռքում ազդեցութեան լծակ ունեցող դեռահասի վարքագիծ։
Նա բացառութիւն չէ, հակառակը. Հայաստանում արդէն ձեւաւորւել է մի առանձին սոցիալական խաւ կամ ենթամշակոյթ։ Ովքե՞ր են նրանք, որտեղի՞ց են գալիս։ Սա ցաւոտ, բայց արդէն կայացած փաստ է, որին առնչւելու ենք աւելի ու աւելի յաճախ։
Որտեղի՞ց եկան
Մենք մոռանում ենք, որ յայտնի մէկ հոգին արդէն 6 տարի է՝ իշխանութեան է, իսկ դա բաւարար է «մեծարգոների նոր սերունդ» ձեւաւորելու համար։ Այս 6 տարում գործել է մեծարգոների պատրաստման բնական դպրոց, դարբնոց, եւ հիմա Նիկոլն ունի սեփական կադրերի՝ իր սեփական լուսանկարի տակ մեծացած կադրերի պաշար։ Ու երբ շւարած հարցնում էք՝ սրանք որտեղի՞ց եկան, ովքե՞ր են, առաջ չկային, կամ՝ սա առաջ նորմալ մարդ էր, մի մոռացէք, որ արդէն 6 տարի է՝ իրենց պատից կախած յայտնի մէկ հոգու նկարի տակ եւ յայտնի պայմաններում նրանք կազմաւորւել են որպէս նոր խաւ։
Այս խաւը ձեւաւորւել է մի սպեցիֆիկ միջավայրում, որտեղ վեց տարի է՝ կարելի է սուտ ասել, վեց տարի է՝ կարելի է ամէն ինչ տապալել։ Նրանք տեսել են, որ կարելի է Արցախ կորցնել ու մնալ իշխանութեան, որ կարելի է Եռաբլուր կրկնապատկել ու յաջորդ օրը քէֆեր անել։ Վեց տարի տեսել է, որ կարելի է մի օր սա ասել, միւս օրը՝ լրիւ հակառակը։ Եւ վերջապէս, որ կարելի է քննչական կոմիտէից վերցնել ուրիշի նամակագրութիւնը, բացել կարդալ, բաժանել ու ստիպել թիմակիցներին՝ կարդալ։ Ու տեսել են շատ բաներ, որոնք մենք չենք էլ պատկերացնում, բայց որոնք նրանց դարձրել են հէնց այդպիսին։
Այս մարդիկ ձեւաւորւել են այդ Հայաստանում։ Սա այլասերւած ենթամշակոյթ է։ Նրանք վստահ են, որ նկարի միջի մարդը ի՜նչ ուզի կարող է անել, ու չեն պատկերացնում, որ շուտով լինելու է Հայաստան, որտեղ նկարների միջի մարդիկ չեն անելու՝ ինչ ուզեն։
Կարմիր կոմիսարները
Վեցամեայ կադրերից պահանջւում է շատ քիչ բան՝ արտասանել մեծարգոյ բառը՝ որպէս ենթամշակութային պատկանելութիւն, հրապարակայնօրէն ասել, որ կիսում են այս իշխանութեան արածների ամբողջ պատասխանատւութիւնը, եւ կատարել ցանկացած հրահանգ։
Զարհուրելի է, բայց մարդիկ, ովքեր երիտասարդ մայրեր են, կամ նոր պիտի դառնան, երիտասարդ տղաներ են, ովքեր ապրում են իրենց հազարաւոր տարեկիցների արեամբ ոռոգւած երկրում, առանց մտածելու ընդունում են այս խաղի՝ խիստ ժամանակաւոր կանոնները։
Կարմիր կոմիսարների տեսակն այդպիսին է՝ պաշտօնի, փողի, իշխելու համը առած, առանց խորքային արժէքների, առանց պետութեան ընկալման, պատասխանատւութեան, առանց կատարւածի հանդէպ ցաւի։ Խեղւած սոցիումի խեղւած գաղափարախօսութիւնը «Իրական Հայաստանն է»։ Ոչ ոք չգիտի, թէ դա ինչ է, բարդ հարցեր իրենք իրենց երբեք չեն տալիս, բայց բոլշեւիկի, ֆաշիստի, մաոիստի, խուտուի, պոլպոտականի յամառութեամբ՝ պատրաստ են ատամներով պահել առաջնորդի հռչակած «գաղափարը»։
Հայաստանում ձեւաւորւել է հրէշաւոր համակարգ, որը խժռում է մարդկային կեանքեր, խեղում է ճակատագրեր, վտանգում է պետութեան գոյութիւնը։ Բայց այդ համակարգն ինքը կազմւած է մարդկանցից։
Եթէ Նիկոլը վաղը իրեն յատուկ ոճով կանգնի ու ասի, որ Յովիկ Աղազարեանը հերոս է, ամենագաղտնապահն է ու հանրային բարոյականութեան պահապան հրեշտակը, ապա Ալէնը միանգամից կասի, որ «ուզում է իր ձեռքերով գրկել Աղազարեանին»։ Իսկ վաթսունքանիսը, որ արդէն չեն բարեւում Աղազարեանին, կը սկսեն փաթաթւել նրան։ Որպէս մարդ եւ որպէս միաւոր դեֆորմացւել են նրանք։ «Մեծարգոյ» ասողները նոյնպէս մարդիկ են. յանուն պաշտօնի դրան գնացող ցանկացածը կրում է պատասխանատւութիւն՝ թուրքին յանձնւած Արցախի, Եռաբլուրի, ու այն վտանգների համար, որոնց առաջ կանգնած է Հայաստանը։ Լատենտ նիկոլականներն էլ են մարդիկ՝ իրենց ֆռազով «Նիկոլը մի բան չի, բայց ո՞վ…»։
Փոխել է պէտք միջավայրը
Միջավայրը նրանցից շատերին հրէշ դարձրեց։ Չլինէր այս վեց տարին՝ մեծարգոների ենթամշակոյթից շատերը, ովքեր առանց հասկանալու խանդավառութեամբ յայտարարում են, թէ «կիսում են կատարւածի ողջ պատասխանատւութիւնը», կը լինէին նորմալ, գուցէեւ՝ լաւ մասնագէտներ՝ աճի եւ կայացման բնական ընթացքով։ Միջավայրը վճռորոշ է. գերմանացին մի միջավայրում տալիս է օրինապաշտ, արարող քաղաքացի է, միւսում՝ Աուշւիցի հիմնադիր։ Իսկ առջեւում, անշուշտ, ամօթի մեծ փուլն է՝ արածների, ասածների, տեսածների, լսածների համար… ոչ մի ժողովուրդ սրանից չի խուսափել։