Սրբազանը հէնց ցանկանայ, նորից հրապարակում տեղ չի լինելու
«Հրապարակ»-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Տօնոյեան» բժշկական կենտրոնի տնօրէն, ազատամարտիկ Տարօն Տօնոյեանի հետ:
– Վերջին շրջանում ՀՅԴ-ի դէմ ռեպրեսիաներ եղան, ոմանց կալանաւորեցին, ինչ-որ ձայնագրութիւններ տարածեցին իշխանական կայքերը՝ փորձելով պառակտում մտցնել ընդդիմութեան ներսում: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է տեղի ունենում:
– Գուցէ մի փոքր ինքնագովեստի նմանւի ասածս՝ որտեղից վտանգ են տեսնում, փորձում են հէնց այդտեղ էլ վնաս հասցնել: Հիմնական պատճառը թերեւս սա է: Մերոնց պահւածքին, կեցւածքին նայէք՝ 4 տարւայ ընթացքում մեզնից չեղաւ մէկը, ով պայքարից կիսատ-պռատ դուրս գար, թողներ գնար՝ անձական խնդիրների եւ այլ բաների յետեւից: Մերոնց տեսակը դա է: Ուստի պարզ է, որ հէնց մերոնց դէմ են պայքարում: Մենք եղել ենք այդպիսին, կանք ու շարունակելու ենք լինել: Քանի դեռ վտանգւած է հայրենիքը, ոչ մի անձնական պատճառ չի կարող մեզ հետ պահել այն համընդհանուր մեծ խնդրից, որը վնասում է մեր հայրենիքը․ անձնական բիզնես, առողջութիւն, շահեր… մեզ համար ոչինչ հայրենիքից կարեւոր չէ: Գուցէ ասածներս շատ վերամբարձ են հնչում, բայց սա Դաշնակցութեան տեսակէտն է:
– Բագրատ Սրբազանի գլխաւորած շարժումը պասիւացաւ, իշխանութիւնները չարախնդում են, որ հերթական անգամ յաղթեցին եւ շարունակելու են իրենց հակահայ քաղաքականութիւնը:
– Իշխանութիւնները սխալւում են՝ ասելով, թէ մարել է շարժումը: Եթէ մարած լինէր, նոյն այդ իշխանութիւններն ինչո՞ւ են մեզ ենթարկում բռնաճնշումների: Նշանակում է՝ լավ էլ գիտակցում են, որ շարժումը չի մարել: Այս պայքարի իւրայատկութիւնն այն է, որ ժամանակի գործօնը պայքարից հեռացաւ: Ես աւելի քան վստահ եմ, որ եթէ Բագրատ Սրբազանը ցանկանայ լցնել փողոցները, փողոցները կը լցւեն, պարզապէս ամռան այս տապին, հասկանալի է, որ ակտիւութիւնը որոշ ժամանակով նահանջելու է: Առջեւում, անկասկած, Նիկոլ Փաշինեանը գնալու է նոր զիջումների: Սրբազան շարժման մէջ չկայ ժամանակի գործօն: Այդ մարդիկ տուն են գնացել՝ յետ գալու յոյսով, գուցէ մի փոքր հատւածն իսկապէս հիասթափւել է, բայց մեծ մասը վերադառնալու է, եւ պայքարը յաջողելու է: Իշխանութիւնն աւելի շատ վախենում է նրանից, որ պայքարը չունի ժամանակի գործօն, Սրբազանը հէնց նորից ցանկանայ, հրապարակում տեղ չի լինելու: Ես դրանում կասկած չունեմ:
– Իսկ ինչո՞ւ չի ցանկանում:
– Որովհետեւ այս պահին հնարասոր չէ: +40 աստիճան տաքութիւն է դրսում: Մանաւանդ հիմա առանձնապէս քաղաքական գործընթացներ չկան, շուտով Ազգային ժողովն էլ արձակուրդ կը գնայ, մայրաքաղաքը կիսադատարկ է, ես չգիտեմ մի երկիր, որտեղ քաղաքական ակտիւ գործընթացներ լինեն ամռանը: Մայիսին շարժումը մեկնարկեց հարկադրւած՝ Տաւուշի սահմանազատման հետ կապւած, ես չգիտեմ, թէ տասն օրից ինչ կարող է լինել: Գուցէ նորից ոտքի կանգնելու անհրաժեշտութիւն առաջանայ:
– Ընդդիմութեանը մեղադրում են մանդատները վայր չդնելու համար: Դուք ի՞նչ կարծիքի էք սրա մասին:
– Նոյնիսկ Ռուբէն Ռուբինեանը բարձրաձայնեց, որ մանդատ վայր դնելով չի առաջանում սահմանադրական ճգնաժամ։ Ես չեմ բացառում, որ գալու է մի պահ, եւ այդ մանդատները վայր դնելու են, այն Ազգային ժողովը, որը վաւերացնելու է այդ սահմանազատում ասւածը, չպէտք է ունենայ ընդդիմադիրներ, այո, այդ ժամանակ պէտք է վայր դնեն մանդատները: Այսօր մանդատները վայր դնելով շահագրգռւած են իշխանութեան արբանեակները, իմ կարծիքով՝ շատերն էլ կրկնում են արբանյակների խօսոյթը՝ առանց խորամուխ լինելու: Նիկոլի երազանքն է, որ գայ Ազգային ժողով եւ այնտեղ չտեսնի ընդդիմադիրներին կամ տեսնի իր կողմից սիրելի «ընդդիմադիրներին»: