Մարզական

Եւրօ-2024. Շւէյցարիան արգելակեց Գերմանիային եւ դուրս եկաւ յաջորդ փուլ

«ԱԼԻՔ »- Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եւրոպայի առաջնութեան խմբային փուլի վճռորոշ՝ երրորդ տուրի մեկնարկը տրւած է:

Երէկ՝ յունիսի 23-ին, յայտնի դարձաւ A խմբի ճակատագիրը: Հունգարիայի հաւաքականը դրամատիկ խաղում, աւելացւած ժամանակի 10 րոպէում Կեւին Չոբոտանի խփած գնդակի շնորհիւ, նւազագոյն՝ 1:0 հաշւով պարտութեան մատնեց Շոտլանդիայի ընտրանուն, եւ վաստակելով 3 միաւոր՝ հանգրւանեց խմբի մրցաշարային աղիւսակի 3-րդ հորիզոնականում: Այսպիսով, հունգարացիները պէտք է սպասեն միւս խմբերի արդիւնքներին, որպէսզի յայտնի դառնայ, թէ կարո՞ղ են արդեօք յայտնւել 3-րդ հորիզոնականը զբաղեցրած 4 լաւագոյն թիմերի շարքում, պայքարը յաջորդ փուլում շարունակելու համար, թէ՝ ոչ:

Այս խմբի միւս խաղում պայքարի դուրս եկան Գերմանիայի եւ Շւէյցարիայի հաւաքականները: Հանդիպումն աւարտւեց ոչ-ոքի՝ 1:1 հաշւով: Շւէյցարացիները շատ մօտ էին յաղթանակին, սակայն դարձեալ վճռորոշ դարձաւ մրցավարի աւելացրած ժամանակը: 90+2-րդ րոպէին Նիկլաս Ֆիւլկրուգը գլխի դիպուկ հարւածով հաւասարեցրեց հանդիպման հաշիւը:

Այսպիսով Գերմանիան վաստակելով 7 միաւոր, առաջին տեղով դուրս եկաւ 1/8-րդ եզրափակիչ փուլ, իսկ Շւէյցարիան 4-րդ միաւորով հանգրւանեց երկրորդ տեղում, նոյնպէս նւաճելով փլէյ-օֆֆի ուղեգիր:

Ուշագրաւ փաստ. Գերմանիայի հաւաքականի լեգենդար դարպասապահ Մանուէլ Նոյէրը Եւրոպայի առաջնութեան եզրափակիչ մրցաշարերում անցկացրեց իր 18-րդ հանդիպումը, ինչը ռեկորդային ցուցանիշ է դարպասապահների համար։

Նոյէրը գերազանցեց Իտալիայի հաւաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին, որը 17 հանդիպում է անցկացրել Եւրոպայի առաջնութիւններում։

Այսօր՝ յունիսի 24-ին, կը կայանայ 2 հանդիպում. B խմբում կը մրցեն Խորւատիան եւ Իտալիան, Ալբանիան ու Իսպանիան:

Related Articles

Back to top button