Հայաստան - Արցախ

Գառնիկ Դանիէլեան. «Շարժման քայլերը քննադատում են մարդիկ, ովքեր Արցախի կորստի ժամանակ մատը մատին չեն խփել»

Մենք կարողացանք տրամադրութիւններ փոխել, մեր քայլերի շնորհիւ կարողացանք հասարակութեանը արթնացնել եւ հիմա էլ «Սրբազան պայքարը» կանգնել է բոլորի կոկորդին. այս մասին հոկտեմբերի 24-ին «Սրբազան պայքարի» աջակիցների իրաւունքների զանգւածային խախտումները» թեմայով հրաւիրւած ասուլիսի ժամանակ յայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներից Գառնիկ Դանիէլեանը։

Նա նշել է, որ իշխանութիւնները, եթէ ասում են, որ այս շարժումը մարել է, ապա ինչու են ամէն օր «Սրբազան պայքարի» ակտիւ համակիրների ու աջակիցների նկատմամբ բռնութիւններ կիրառւում։

«Այս մարդիկ ստեղծել են յանցաւոր խմբեր, որոնք առանց պատճառի կանգնեցնում են մարդկանց մեքենաները, ահաբեկչի գործելաոճով մարդկանց տանում են ոստիկանական բաժանմունքներ եւ կտտանքների ու հալածանքների ենթարկում։ Եթէ ամէն ինչ նորմալ է, շարժումը մարած է, ապա այս ճնշումներն ինչի՞ համար են»,- ասել է Դանիէլեանը։

«Այսօր «Սրբազան պայքար»-ը քննադատում են մարդիկ, որոնք ոչինչ չեն արել, մատը մատին չեն տւել։

Արցախի կորստի ժամանակ, երբ տասնեակ հազարաւոր քաղաքացիներ, քաղաքական գործիչներ դուրս եկան պայքարի, այդ մարդիկ ո՞ւր էին, Նիկոլ Փաշինեանի հետ զբաղւած էին Արցախը յանձնելու գործընթացով: Կիրանցում տեղի ունեցած իրադարձութիւնները կարեւո՞ր չէին իրենց համար։ Սրբազան շարժումը պատրաստ է բոլոր առաջարկները քննարկելու, պայքարի դռները բաց են բոլորի համար, այնպէս որ համագործակցողը կը համագործակցի, պայքարողը կը պայքարի, իսկ ստատուս գրողը կը մնայ ստատուս գրող»,- ասել է նա՝ յաւելելով՝ «Խոստովանում ենք նաեւ, որ այս կարճ ժամանակահատւածում իշխանութեանը հեռացնել չի ստացւել, բոլորս վճռական ենք պայքարը շարունակելու հարցում»։

Անդրադառնալով յունիսի 12-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ կատարւած բռնութիւններին՝ Գառնիկ Դանիէլեանն ասել է․ «Ակնյայտ է, որ իշխանութիւնների կողմից կայ յստակ հովանաւորչութիւն, ցուցում, որ նամանաւանդ ցոյցերի ակտիւ փուլի ժամանակ եւ անհնազանդութեան ակցիաների ժամանակ բռնութիւն գործադրեն ցուցարարների նկատմամբ․ օրինակ՝ «Զարեա-3»-ի՝ արգելւած միջոցների կիրառումը»։

Arfd.am

Related Articles

Back to top button