Հայաստան - ԱրցախՔաղաքական

Իշխան Սաղաթէլեան. «Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեսոր, դա նոր սպառնալիք է բոլորիս համար»

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը հանդէս է եկել տեսաուղերձով

«Սիրելի հայրենակիցներ,

Արցախի հայաթափման եւ էթնիկ զտման երրորդ տարելիցի նախօրէին Նիկոլ Փաշինեանը ստանում է խաղաղութեան մրցանակը եւ այդ խաղաղութեան մրցանակը ստանալիս յայտարարում է, որ ինքը շնորհակալ է Ալիեւին եւ այդ մրցանակը հաւասարապէս կիսում է նրա հետ։ Սա մէկ անգամ եւս վերհաստատում է մեր այն պնդումը, որ Արցախում տեղի ունեցած բռնի տեղահանումը եւ հայաթափումը Ալիեւը պլանաւորել էր Նիկոլ Փաշինեանի հետ, եւ Նիկոլ Փաշինեանը մեղսակից է Արցախում տեղի ունեցած ցեղասպանական գործողութիւններին հաւասարապէս։ Իսկ շնորհակալութիւն յայտնել Ալիեւին ինչի՞ համար, 150 հազար Արցախահայերին տնից, գերեզմանից եւ հայրենիքից զրկելո՞ւ համար, թէ՞ հազարաւոր զոհերի։

Երբ մենք խօսում ենք Արցախի հայկական լինելու մասին, Արցախի ժողովրդի հաւաքական եւ անվտանգ վերադարձի իրաւունքի մասին, Բաքւում գտնւող գերիների խնդրի մասին, մեզ ասում են՝ դուք սպառնալիք էք Հայաստանի ինքնիշխանութեան համար, մինչդեռ սպառնալիքի անունը ակնյայտ է, դա ՔՊ-ն է՝ իր ղեկավարի գլխաւորութեամբ, ով իր վարած այս քաղաքականութեամբ փորձում է հայ ժողովրդին զոհի կարգավիճակից դարձնել ագրեսոր, որովհետեւ երբ որ մենք հրաժարւում ենք մեր բոլոր իրաւունքներից, ասում ենք, որ Արցախը հայկական չի եղել, Հայաստանում պետական մակարդակով շարունակւում է Ադրբեջանի տարիների խօսոյթը, դա ստացւում է, որ ըստ էութեան, եթէ Արցախը հայկական չէր, մենք ի՞նչ գործ ունէինք Արցախում։

Երբ դու հրաժարւում ես քո իրաւունքներից եւ ագրեսորին՝ իրական միջազգային յանցագործին դարձնում ես խաղաղասէր, իսկ մեր ժողովրդին՝ ագրեսոր, դա անմիջական սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան համար, քանի որ դրանով դու խրախուսում ես Ադրբեջանի ագրեսիան կամ պահանջները Հայաստանի նկատմամբ։

Հետեւաբար այս խնդիրների մասին խօսող ուժերը, մարդիկ ոչ թէ սպառնալիք են, այլ Հայաստանի անվտանգութեան շահերից է բխում խօսել մեր իրաւունքների մասին, բարձրաձայնել գերիների հարցը, Արցախում հայկական պատմամշակութային ժառանգութեան պահպանման խնդիրը, խօսել Արցախի հայկականութեան մասին եւ Արցախի ժողովրդի անվտանգ եւ հաւաքական վերադարձի իրաւունքի մասին, իսկ ովքեր դեռ կասկածում են, որ սա խամաճիկ, Հայաստանի շահերից հեռու եւ թշնամու շահերը սպասարկող իշխանութիւն է, կարծում եմ, այս փաստը եւս մէկ անգամ ապացոյց էր այդ ամէն ինչի համար»:

Related Articles

Back to top button