Արմէն Պետրոսեան. «Այլեւս անընդունելի է ընտրողաբար մօտեցումը Ռուսաստանի եւ նրա հեղինակած ինտեգրացիոն ձեւաչափերի նկատմամբ»
Արեւելագէտ Արմէն Պետրոսեանը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրել է․
Անթալիայի դիւանագիտական ֆորումի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի յայտարարութիւնն առ այն, թէ Մոսկւան ակնկալում է Երեւանից յստակեցում տարբեր ինտեգրացիոն կառոյցներում, ներառեալ ՀԱՊԿ-ում փոխադարձութեան սկզբունքով պայմանաւորւածութիւնների կատարման հարցում, որոշակիօրէն ուրւագծում է Ռուսաստանի մարտավարական քայլերի շրջանակը Հայաստանի հետ խնդրայարոյց յարաբերութիւններում։
Կարելի է ենթադրել, որ հասկանալի պատճառներով արդէն ՌԴ-ում նախագահի ընտրութիւններից յետոյ՝ պայմանականօրէն ապրիլին, Մոսկւան կը ձեւակերպի Երեւանին ուղղւած աւելի յստակ հարցադրում՝ «կամ մնում էք Ռուսաստանի հետ բոլոր ինտեգրացիոն ձեւաչափերում, կամ լքում բոլորը»՝ համապատասխան հետեւանքներով։
Ասել է թէ, այլեւս անընդունելի է ընտրողաբար մօտեցումը Ռուսաստանի եւ նրա հեղինակած ինտեգրացիոն ձեւաչափերի նկատմամբ։
Կարելի է նաեւ ենթադրել, որ այս հարցում Ռուսաստանին քաղաքական եւ քարոզչական լայն աջակցութիւն է ցուցաբերելու Բելոռուսիան։ Իսկ առաջիկայ ամիսը ծառայելու է թէժ բանավէճերի, քաղաքական եւ քարոզչական նոր գործողութիւնների համար։