Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ադրբեջանի թիրախում Հայաստանի տնտեսութեան ողնաշարն է

ԱՐՄԷՆ ԱԼԱՎԵՐԴԵԱՆ

 

Ներքաղաքական կեանքը հասկանալիօրէն կլանել է հանրային ամբողջ ուշադրութիւնը, մինչդեռ Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումները պահանջում են չնւազող աչալրջութիւն, քանի որ, դրանցում գոյութիւն ունեցող բացայայտ մարտահրաւէրներից եւ ռիսկերից զատ, կան նաեւ «խմորւողները», որոնք չունեն ագրեսիւ ֆիզիկական դրսեւորում, բայց կարող են ունենալ հեռուն տանող հետեւանքներ: Դրանից խուսափելու համար է, որ պահանջւում է աչալրջութիւն եւ կանխարգելիչ համապարփակ գործողութիւնների համակարգւած ամբողջութիւն:

Ադրբեջանն ամբողջ թափով պատրաստւում է Կլիմայի գագաթնաժողովին, այսպէս ասած՝ Cop29-ին, որը նոյեմբերին անցկացւելու է Բաքւում: Դրան ընդառաջ՝ կազմակերպւում են բազմաթիւ միջազգային համաժողովներ, որոնց «մեխն» այն է, որ Բաքուն փորձում է միջազգային հանրութեան առաջ դիրքաւորւել՝ իբրեւ «կանաչ էներգիայի» խաղացող:

Ինչպէս Տաւուշում սահմանազատման եւ սահմանագծման արդիւնքում զբաղեցրած դիրքերն ադրբեջանական պրոպագանդան ներկայացնում է Հայաստանի զինուժի հանդէպ ռազմավարական գերակայութեան դիրք, այդպէս էլ «կանաչ էներգիայի» դաշտում դիրքաւորումն Ադրբեջանը մտադիր է վերածել Հայաստանի հանդէպ նոր գրոհների յենակէտի:

Յիշենք, որ գրեթէ մէկ տարի առաջ ադրբեջանական աւելի քան երկու տասնեակ, այսպէս կոչւած, բնապահպանական ՀԿ-ներ նամակ էին հղել Հայաստանի վարչապետին՝ յորդորելով կասեցնել Հայաստանի հանքարդիւնաբերական մի շարք ձեռնարկութիւնների աշխատանքը, իբրեւ թէ ռեգիոնի շրջակայ միջավայրին հասցւող վնասի պատճառով:

Վաղուց յայտնի է, որ «բնապահպաններն» Ադրբեջանում յատուկ, այլ ոչ թէ հասարակական նշանակութեան ստորաբաժանումներ են, որովհետեւ Ադրբեջանում չկայ հասարակական նշանակութեան սեկտոր: Կայ կենտրոնաձիգ իշխանական համակարգ, որը հետեւողականօրէն առաջ է տանում Հայաստանը թիրախում պահելու քաղաքականութիւն:

Առաւել քան պարզ է, թէ ինչո՞ւ է Ադրբեջանի թիրախում յայտնւում Հայաստանի հանքարդիւնաբերութիւնը: Այն Հայաստանի տնտեսութեան խոշորագոյն ճիւղն է, որն առանցքային նշանակութիւն ունի Հայաստանի տնտեսական կայունութեան, ամրութեան, արդիւնաբերական ողնաշարի համար: Ադրբեջանը չի դադարելու այդ ողնաշարը «կոտրելու» մտքից: Եթէ մենք կարծում ենք, որ ադրբեջանցիների նամակը մէկանգամեայ ակտ էր, որ եղաւ ու անցաւ, ապա սխալւում ենք չարաչար: Պարզապէս, Բաքուն օգտագործում է Կլիմայի սպասւող գագաթնաժողովին իր դիրքերն ամրացնելու եւ այդ դաշտում ուժերը, այսպէս ասած, վերակազմակերպելու համար, իր գործողութիւնների նաեւ որոշակի միջազգային միջավայր ապահովելու նպատակով:

Հայաստանը պէտք է լրջօրէն զբաղւի նոյնքան համակարգային եւ ամբողջական պաշտպանութեան հարցերով, որը պէտք է ենթադրի պետութեան, հանքարդիւնաբերական ընկերութիւնների եւ հասարակական սեկտորի համակարգւած ու պլանաւորւած աշխատանք: Ըստ էութեան, աշխատանքի փաստական բազան գործնականում առկայ է: Եթէ Ադրբեջանը մոգոնում է մեղադրանքները, ապա Հայաստանի պարագայում դրանց հերքման մասնագիտական, գիտական, փաստական բազան բաւարար է լիուլի: Անհրաժեշտ է յղկւած ու համակարգւած մեխանիզմը, որ կիրականացնի անհրաժեշտ պաշտպանութիւնը, հարկ եղած դէպքում՝ ընդհուպ կանխատեսման եւ կանխարգելող տրամաբանութեամբ:

168.am

Related Articles

Back to top button