«ՏաԹեւեր» ճոպանուղու յարակից տարածքում ակցիա է տեղի ունեցել ի աջակցութիւն Ռուբէն Վարդանեանի եւ միւս գերիների

«ԱԼԻՔ» – «Ապրելու երկիր» կուսակցութեան խորհրդի անդամ Մարտա Գերասիմեանը ֆէյսբուքի իր էջում յայտնում է, որ «ՏաԹեւեր» ճոպանուղու յարակից տարածքում ակցիա է տեղի ունեցել ի աջակցութիւն Ռուբէն Վարդանեանի եւ Բաքւի բանտերում պահւող միւս հայ գերիների։ Այս մասին հաղորդել է yerevan.today-ը:
«Տաթեւ համայնքի բնակավայրերից, Գորիս եւ Տեղ համայնքներից «ՏաԹեւեր» ճոպանուղու յարակից տարածքում գտնւող քաղաքացիները իրենց անհաշտութիւնն են յայտնում՝ Բաքւի բանտերում գտնւող մեր հայրենակիցների նկատմամբ իրականացւող կեղծ դատավարութեան եւ անմարդկային վերաբերմունքի վերաբերեալ, ինչպէս նաեւ, կո՜չ անում ՀՀ կառավարութեանը, միջազգային հանրութեանը եւ ՀՀ-ում հաւատարմագրւած դեսպաններին, որպէսզի գործուն քայլեր ձեռնարկւի մեր հայրենակիցների նկատմամբ իրականացւող անմարդկային վերաբերմունքի դադարեցման եւ նրանց անյապաղ ազատ արձակման նպատակով»,- գրում է Գերասիմեանը։