Հայաստան - Արցախ

Գագիկ Յարութիւնեան. «Սա ազգակործան հերթական քայլն է, որը համընկնում է թուրք-ադրբեջանական շահերի հետ»

Վերջին շրջանում իշխանութիւնը՝ ԱԺ նախագահը եւ իշխանական պատգամաւորները, մշտապէս խօսում են Հայաստանում ռուս սահմանապահների գտնւելու աննպատակայարմարութեան մասին։ ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանը վերջերս ասել էր, որ Ներքին Հանդում Ադրբեջանի իրականացրած սադրանքի ժամանակ ռուս սահմանապահները խոչընդոտել են ԵՄ դիտորդների աշխատանքներին։ Իսկ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի խօսքով՝ ռուս սահմանապահները «Զւարթնոց» օդանաւակայանում չպէտք է լինեն։ Իշխանական պատգամաւոր Արթուր Յովհաննիսեանն էլ խորհրդարանական ճեպազրոյցների ժամանակ հարցի առնչութեամբ ասաց՝ իրենց անհանգստացնում է ռուս սահմանապահների ներկայութիւնն օդանաւակայանում։

«Այո, այդ հարցը մեզ անհանգստացնում է, ինչպէս մեր շատ հայրենակիցների։ Այդ հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է, քննարկումներ են տեղի ունենում։ Երբ քննարկումների արդիւնքում լինեն որոշումներ, այդ որոշումների մասին եւս բոլորս կիմանանք»։

168.am-ի հետ զրոյցում Ցանցային հետազօտութիւնների ինստիտուտի տնօրէն, քաղաքագէտ Գագիկ Յարութիւնեանը խօսելով ՀՀ-ից ռուս սահմանապահների հնարաւոր դուրսբերման մասին, նկատել է՝ ինչպէս իշխանութիւնների միւս, այնպէս էլ՝ սահմանապահներին հեռացնելու քայլը չի բխում ՀՀ շահերից, քանի որ, եթէ նրանց հեռացնում են, ի վիճակի են, օրինակ, պահելու հայ-թուրքական սահմանը։

«Եթէ այս հարցը դիտարկենք Հայաստանի անվտանգութեան տեսանկիւնից, ապա դա այն աշխարհաքաղաքական մեծ նախագիծն էր, որն իրագործւում է Հայաստանում իր դաւաճան ներկայիս ղեկավարների կողմից։ Ակնյայտօրէն ՀՀ իշխանութեան նպատակն է Ռուսաստանին դուրս հանել այս տարածաշրջանից ու բերել Թուրքիային։ Հիմա ուկրաինական ֆրոնտում Ռուսաստանի գործերը յաջող են ընթանում, նրանք անհանգստացած են ու իրենց գործերն արագացնում են, որպէսզի կարողանան այստեղ երկրորդ ճակատ բացել։

Իհարկէ, հասկանալի է, որ այդ ամէնը կատաստրոֆիկ իրավիճակ կը ստեղծի մեր սահմաններին, որովհետեւ ռուս սահմանապահներն են, որ պահում են Թուրքիայի հետ մեր սահմանը»,- պարզաբանել է Գագիկ Յարութիւնեանը։

Քաղաքագէտի խօսքով՝ եթէ ռուս սահմանապահներին դուրս բերեն եւ հայ-թուրքական սահմանը դառնայ անվերահսկելի, ապա հաշւած օրերի ընթացքում Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմը կը վերածի «Արեւմտեան Ադրբեջանի»։

«Եթէ հայկական կողմը գիտակցէր, որ կը կարողանայ այդ սահմանը պահել, ապա երբեք ռուս սահմանապահները չէին յայտնւի այնտեղ։ Բայց գիտակցելով, որ ՀՀ անտանգութեան լրացուցիչ երաշխիք են, նրանց բերել ու կանգնեցրել են սահմանին։ Աշխարհաքաղաքական տեսանկիւնից այսօր մենք քանդում ենք մեր ինքնութիւնը պաշտպանելու հնարաւորութիւնը եւ այն հիմքերը, որոնց վրայ կառուցւած են հայ-ռուսական յարաբերութիւնները։ Սա ազգակործան հերթական քայլն է, որը համընկնում է թուրքական ու ադրբեջանական շահերի հետ»,- շեշտել է Գագիկ Յարութիւնեանը։

Դիտարկմանը՝ իշխանութիւնները մատնանշում են Արցախի հայաթափումը, ռուսական զօրքի անգործութիւնը ե՛ւ Արցախում, ե՛ւ ՀՀ սահմանին, Գագիկ Յարութիւնեանը նկատել է՝ սահմանապահ զօրքերը Հայաստանում չեն գտնւում իրաւաբանական դաշտից դուրս, սրա համար տասնեակ պայմանագրեր կան։

«Եթէ Հայաստանի ղեկավարը յայտարարում է, որ Արցախն Ադրբեջան է, ռուս խաղաղապահն ի՞նչ կարող է անել, դրանով ՀՀ իշխանութիւնը զէնք դրեց թշնամու ձեռքին՝ արագօրէն գործի անցնելու համար։ Եթէ ռուսական կողմը կարող էր աւելի կոշտ լինել, բայց մենք չգիտենք, թէ կուլիսներում օրւայ իշխանութիւնն ինչ էր պայմանաւորւել Ադրբեջանի հետ։

Ակնյայտ է, որ այստեղ Թուրքիայի մատն աւելի խառն է, քան հայկական կողմինը։ Եթէ մարդը հայ է, չի կարող իր սահմանը թողնել անպաշտպան։ Հետեւաբար, որեւէ քայլ անելուց առաջ պէտք է երկար մտածել»,- եզրափակել է Գագիկ Յարութիւնեանը։

Related Articles

Back to top button