Արծւիկ Մինասեան. «Բաքուն ամէն կերպ փորձում է մաքրել իր արատաւոր հեղինակութիւնը»
«ԱԼԻՔ» – «ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան հարցերով COP29 կոնֆերանսը տեղի է ունենում մի երկրում, որը յայտնի է իր կոռուպցիոն սկանդալներով, խաւիարային դիվանագիտութեամբ եւ միջազգային մարդասիրական իրաւունքի համատարած խախտումներով»: Այս մասին նոյեմբերի 12-ին ՀՀ ԱԺ-ում «Ադրբեջանում պահւող հայ ռազմագերիների մասին» Ազգային ժողովի յայտարարութեան նախագծի քննարկման ժամանակ յայտարարել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը:
Նրա խօսքով՝ Բաքուն ամէն կերպ փորձում է մաքրել իր արատաւոր հեղինակութիւնը. «Այսօր ցեղասպանութիւն իրականացրած միջազգային յանցագործն ու մարդասպանը փորձում է մաքրել իր դէմքը, եւ մենք՝ որպէս կատարւած յանցագործութեան ցաւը կրող ժողովուրդ, պարտաւոր ենք մեր պահանջները ներկայացնել միջազգային հանրութեան առջեւ»։
Պատգամաւորի խօսքով՝ Ադրբեջանում գործող քաղաքական ռեժիմը շարունակում է սպառնալ հայ ժողովրդին եւ հայկական պետականութեանը, առանց արտայայտութիւնների մէջ ամաչելու։