Մուրադ Փափազեանի՝ ՀՀ մուտքի արգելքը կապւած է նրա հայրենասիրական գաղափարախօսութեան հետ
ՀՀ Վարչական դատարանում, դատաւոր Մհեր Պետրոսեանի նախագահութեամբ, օգոստոսի 21-ին տեղի ունեցաւ ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի Հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազեանի գործով նախնական դատական նիստը։
Դատական նիստից յետոյ, լրագրողների հետ զրոյցում, Մուրադ Փափազեանի շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակեանը դրական համարեց այն, որ դատարանը, համապատասխան որոշմամբ, հնարաւորութիւն տւեց Մուրադ Փափազեանին տեսակապով միանալ դատական նիստին։ Հարցին, թէ՝ այնուամենայնիւ հնարաւո՞ր էր ապահովւել Մուրադ Փափազեանի ֆիզիկական ներկայութիւնը դատական նիստին, փաստաբանն ասաց․ «Հնարաւոր է ներկայութիւնն ապահովել, բայց քանի որ Մուրադ Փափազեանի մուտքն արգելւել է եւ նա ոչ ցանկալի անձանց բանկ է մուտքագրւել, այսպէս կոչւած, անվտանգային նկատառումներից ելնելով, եւ քանի դեռ այդ որոշումը վիճարկւած, բեկանւած ու փոփոխւած չէ դատարանը յենւում է այդ որոշման վրայ, վստահում է այդ ակտին եւ մինչեւ դատական ակտի կայացումը զերծ է մնում այնպիսի գործողութիւններից, որոնք կարող են անվտանգային սպառնալիքներ պարունակել․ կարծում եմ օբիեկտիւօրէն նման սպառնալիքներ չկան, աւելին, վկայակոչւող հանգամանքները վրայ հասնելուց յետոյ էլ Մուրադ Փափազեանը եղել է ՀՀ –ում եւ նրա ներկայութիւնը բացասաբար չի անդրադարձել։ Աւելին, գիտենք, որ միջազգայնօրէն հայանպաստ գործունէութեամբ է զբաղւում, այդ թւում՝ Արցախեան հիմնախնդրի առնչութեամբ, եւ, վերջիվերջոյ, գիտենք, որ օրինակ ադրբեջանցիների ֆիզիկական ներկայութիւնը Հայաստանում ապահովւում է անվտանգային միջոցառումներով, ինչպէս օրինակ՝ սպորտային միջոցառումների ժամանակ Հայաստանը հիւրընկալում է այնպիսի երկրների քաղաքացիների, որոնց հետ մենք ունենք լուրջ անվտանգային մարտահրաւէրներ, պարզապէս ուժեղացւած հսկողութեան ներքոյ ներկայ են գտնւում, սպորտային խնդիրները լուծում են եւ վերադառնում են հայրենիք։ Արդարադատութեան իրաւունքը կարեւոր երաշխիքներ ունի, այդ թւում՝ անձամբ ներկայ գտնւելը, ուստի մեծ ցանկութեան պարագայում հնարաւոր էր նաեւ այս միջոցառումների միջոցների կիրառմամբ ժամանակաւորապէս ապահովել Մուրադ Փափազեանի ֆիզիկական ներկայութիւնը։
Իհարկէ, որոշում կայացնողը դատարանն է, բայց գոնէ դրական եմ գնահատում, որ այլընտրանքային հնարաւորութիւն տրւեց եւ ժամանակակից տեխնոլոգիաների հնարաւորութիւններն օգտագործելով հեռավար դատական նիստին մասնակցելու իրաւունքը երաշխաւորւեց»,-ասաց Սիրանուշ Սահակեանը։
Հարցին, ըստ որի՝ հաշւի առնելով Մուրադ Փափազեանի միջազգային հեղինակութիւնը, Հայ Դատի ու արցախեան հարցերով ակտիւ գործունէութիւնը միջազգային վարականիշի առումով ի՞նչ իրավիճակում ենք յայտնւելու, Մուրադ Փափազեանի շահերի պաշտպանն ասաց․ «Մենք այս արգելքը կապում ենք անձի գաղափարախօսութեան եւ գործունէութեան հետ, իրականում անձը ՀՀ անվտանգութեան, շահերին սպառնացող գործողութիւններ չի իրականացրել, բայց աչքի է ընկել իր ընդդիմադիր կեցւածքով, որն ուղղւած է եղել ոչ թէ Հայաստանի Հանրապետութեան, այլ՝ հանրային իշխանութիւն կրող որոշ պաշտօնեաների դէմ եւ այստեղ Հայաստանի շահը նոյնացւել է պետական քաղաքական գործիչների մասնաւոր շահերի հետ։
Այդ է պատճառը, որ սա մենք վիճարկում ենք, ընդորում, չենք սահմանափակւելու Հայաստանի ազգային դատարաններով։ Իհարկէ, ապաւինում ենք, այո, որ հնարաւոր է արդարացի որոշակի լուծումներ ստանալ ՀՀ-ում, բայց եթէ անգամ դրանք չստացւեն, երկարաժամկէտ ենք այս գործընթացին վերաբերւում եւ բարձրաձայնելու ենք Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում․ այստեղ է, որ գործը շահելու պարագայում կունենանք մեծ վարկանշային անկում եւ ես չէի ցանկանայ, որ այս հարցով ՀՀ-ի դէմ վճիռներ լինէին, այս գործի փաստական հանգամանքներն ինձ յիշեցնում է «Կոքսն ընդդէմ Թուրքիայի» գործը, որտեղ օտարերկրացի պատմաբանն իր դասաւանդման ընթացքում Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ տեսակէտներ էր արտայայտել, որի պատճառով բախւել էր թուրքական քարոզչամեքենայի վարկածների հետ»,-ասաց Սիրանուշ Սահակեանը։ Նրա խօսքով՝ հայրենասիրական գաղափարախօսութիւնն է հիմք ծառայել, որպէսզի Մուրադ Փափազեանի մուտքն արգելւի Հայաստան։
«Arfd.am»