Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ո՞ւմ հաշւին են ուզում փոխել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը

ՅԱԿՈԲ ՔՈՉԱՐԵԱՆ

 

Հայաստանից քաղաքացիների ակտիւ արտահոսքը չի դադարում։ Անգամ ՔՊ-ականներն են սկսել խոստովանել, որ երկիրը հասցրել են աղէտալի ժողովրդագրական վիճակի։

Վերջերս Ազգային ժողովում նախորդ տարւայ պետական բիւջէի կատարողականի քննարկումների ժամանակ ՔՊ խմբակցութեան պատգամաւոր Արսէն Թորոսեանը յայտարարեց, որ տարբեր միջազգային կազմակերպութիւնների գնահատականներով, մասնաւորապէս՝ ՄԱԿ-ի բնակչութեան հիմնադրամի կողմից կատարւած ուսումնասիրութեամբ, եթէ միջին սցենարով գնայ մեր ժողովրդագրութեան զարգացումը, 2050 թ. կունենանք հազիւ 2,3 միլիոն մարդ։

Պատկերացնելու համար ասենք, որ վերջին մարդահամարի տւեալներով, Հայաստանի բնակչութեան թւաքանակը կազմում է 3 միլիոնից մի փոքր աւելի։

Այլ կերպ, միջազգային հեղինակաւոր կառոյցի գնահատումներով, այս տեմպերով գնալու դէպքում մինչեւ 2050 թ. Հայաստանի բնակչութեան թիւը կը նւազի շուրջ 700 հազարով։

Մինչդեռ՝ 2019 թ. Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինեանը խօսում էր մինչ 2050 թ. Հայաստանի բնակչութիւնը 5 միլիոնի հասցնելու մասին։

Այսօր դրան անգամ ՔՊ-ականներն են սկսել կասկածել, ովքեր սովորաբար անվերապահօրէն համաձայնում են իրենց կուռքի ասածներին։

«Ակնյայտ է, որ միայն ծնելիութեան խթանմամբ չենք կարողանալու ժողովրդագրութիւն բարելաւել, որովհետեւ մեր պտղաբերութեան ցուցանիշը 1,7 է, իսկ մենք գիտենք, որ անհրաժեշտ է առնւազն 2.1, որպէսզի ունենանք դրական դինամիկա»,- խոստովանում է առողջապահութեան նախկին նախարարը։

Իհարկէ, ծնելիութեան ցուցանիշը Հայաստանում շատ ցածր է, որքան էլ իշխանութիւնները ձեւ են անում, թէ ծնելիութիւն են խթանում։ Բայց խնդիրն ամենեւին էլ միայն ծնելիութիւն չէ։ Շատ աւելի էական դեր ունի արտագաղթը։

Արտագաղթի մասին իշխանութիւնները գերադասում են չխօսել։ Բայց դրանից արտագաղթի տեմպերը, բնականաբար, չեն թուլանում։ Արտագաղթը Հայաստանից շարունակւում է։

Ո՛չ ծնելիութեան խնդիրն են կարողանում լուծել, ո՛չ արտագաղթը կասեցնել, եւ ո՛չ էլ իրենց խոստացած մեծ հայրենադարձութիւնն ապահովել։

Փոխարէնը մտածելու ծնելիութիւնը խթանելու եւ արտագաղթը կանխելու, հայերին Հայաստան վերադարձնելու մասին, իշխանութիւնները պատրաստւում են Հայաստանը լցնել այլազգիներով։

«Իմ խորին համոզմամբ, կարող ենք մեր ժողովրդագրութիւնը բարելաւել միայն ներգաղթով, ուրիշ տարբերակ չկայ: Մեզ պէտք են շատ մարդիկ, որ գան Հայաստանում ապրեն, ակնյայտ է նաեւ, որ այդ շատ մարդիկ հայերը չեն լինելու: Հայեր էլ կը լինեն, իհարկէ, ոչ այդքան բարւոք երկրներից: Բայց մենք ի՞նչ ենք անում, որ այս հարցը սկսենք լուծել, որովհետեւ առանց աշխատուժի` մեր տնտեսութիւնը չի կարողանալու ապրել ու աճել»,-ասում է ՔՊ-ական պատգամաւորը։

Իհարկէ, նրա ասածը նորութիւն ու եզակի չէ։ Ժամանակին էլ Սփիւռքի յանձնակատարն էր պատրաստւում Հայաստանը լցնել այլ երկրների քաղաքացիներով։

Ասում էր՝ պէտք է այնպիսի իրականութիւն ստեղծենք Հայաստանում, որպէսզի ապագայում չմտածենք միայն հայերի հայրենադարձութեան մասին:

Հայաստանը կարող է արաբների, ասորիների եւ այլ ազգերի հայրենիքը դառնալ։

«Մտածել այն մասին, որպէսզի Հայաստանը մեր նման ազգերի հայրենիքը դառնայ։ Խօսքն Իսպանիայի արաբների, ասորիների եւ այլ ազգերի մասին է, որոնք ազգային անվտանգութեան տեսանկիւնից սպառնալիք չեն ներկայացնում եւ կարող են հեշտութեամբ ինտեգրւել Հայաստանում:

Այսպիսով կարելի է փոխել ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում, եւ դրանից պէտք չէ ամաչել, դա ճիշտ քայլ է: Դա յաջողութիւն կը լինի:

Պատկերացրէք, որ մենք Հայաստանը կը դարձնենք մի երկիր, որը գրաւիչ է ոչ միայն հայերի համար»,- Սփիւռքի հարցերով գլխաւոր յանձնակատարը սա 2020 թ. օգոստոսին էր ասում։

Եւ հիմա նրա ասածը կարծես դարձել է պետական քաղաքականութիւն։

Եւ դա վերջին տարիներին տեսնում ենք մեր երկիր որոշ ազգերի ակտիւ հոսքերի տեսքով։

Մինչ Հայաստանը լցնում են այլազգիներով ու փորձում դրա հաշվին ժողովրդագրական վիճակը փոխել, Հայաստանի քաղաքացիները շարունակում են արտագաղթել։

Այս տարի էլ մեծ թւով քաղաքացիներ հեռացել են։ Մուտքերի ու ելքերի դինամիկան կրկին բացասական է։

Որքան էլ իշխանութիւնները սա փորձեն կապել արտագնայ աշխատանքի մեկնելու հետ, փաստն այն է, որ գնացողների մի զգալի մասն այլեւս չի վերադառնում Հայաստան։ Պարզապէս արտագաղթում է։

Դա է պատճառը, որ վերջին տարիներին ունենք մուտքերի ու ելքերի սարսափելի մեծ շեղումներ։

Նախորդ երեք տարիներին Հայաստանից գնացել ու չի վերադարձել շուրջ 138 հազար մարդ։ Միայն 2021 թ. հեռացաւ աւելի քան 73.5 հազար քաղաքացի։ Յաջորդ տարի՝ եւս 28 հազարը։ Անցած տարի գնաց եւ չվերադարձաւ 36.5 հազար մարդ։ Խօսքը բացառապէս Հայաստանի քաղաքացիների մասին է։

Այս տարի էլ միտումը նոյնն է, ոչինչ չի փոխւել. չորս ամսում մուտքերի ու ելքերի տարբերութիւնը գերազանցել է 8.3 հազարը՝ ի հաշիւ գնացողների։

Ակտիւ արտահոսք է եղել յատկապէս վերջին երեք ամիսներին։ Փետրւարին ելքերը 7 հազարով են գերազանցել մուտքերին, մարտին՝ 13 հազարով, իսկ ապրիլին՝ 18 հազարով։

Հեռանում են ոչ միայն Հայաստանի, այլեւ որոշ երկրների, մասնաւորապէս՝ Ռուսաստանի քաղաքացիները։ Չորս ամսում 2 հազարի կարգի տարբերութիւն է արձանագրւել։

Ակտիւութեամբ շարունակում է առանձնանալ գերազանցապէս Հնդկաստանի քաղաքացիների հոսքը։ Այդ երկրից ընդամէնը չորս ամսում 18 հազարից աւելի քաղաքացիների այց է արձանագրւել։ Երկու-երեք տարի առաջ այս թիւն անգամներով փոքր էր։

168.am

Related Articles

Back to top button