Հայաստան - ԱրցախՔաղաքական

Իշխան Սաղաթէլեան. «Եթէ առաջ Արեւմուտքը Փաշինեանին Թուրքիայի հետ համատեղ էր օգտագործում, հիմա կուրացիան ամբողջովին յանձնել է Էրդողանին»

168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանին։

Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.

– Փաշինեանը պաշտօնանկութիւններով մի քանի հարց է ուզում լուծել։ Նախ, նա միշտ պատրաստւում է ընտրութիւնների, ապա միշտ փորձում է մեղքը բարդել ուրիշների վրայ, զբաղեցնել հասարակութեանը, թիմակիցների մօտ ուժի ցուցադրութիւն անել։

– Այն պահին, երբ Փաշինեանը հասկանայ, որ կարող է յաղթել արտահերթ ընտրութիւններում, նա կը գնայ դրան։ Իսկ արտահերթ ընտրութիւնների պահանջը դրւում է Ադրբեջանի կողմից։ Ալիեւը չի համաձայնում 2027 թ․ Սահմանադրութիւն փոխել, աւելի շուտ է ուզում։ Փաշինեանը կապիտուլեացիայի պայմանագիրը ձեռքին՝ կընկնի գիւղերը ու հիմա էլ կը փորձի համոզել, որ դա է լաւը։ Արտահերթ ընտրութիւնների գնալու նաեւ աշխարհաքաղաքական գործօն կայ ու երկրի տնտեսութեան անընդհատ անկում ապրող վիճակը։ Երկրի տնտեսական վիճակը գնալով վատթարանում է, ժողովրդի դժգոհութիւնն էլ աւելի մեծ է լինելու:

– Փաշինեանը չի կարողանալու ապահովել տնտեսական աճի՝ ռուսական սանկցիաները շրջանցելով պայմանաւորւած գործօնը։ Ու դա շատ լուրջ պրոբլեմ է առաջացնելու երկրի սոցիալ-տնտեսական կեանքում։

– Խնդիրը բոլորովին էլ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Նազարեանի լուսանկարը չէ Ալէն Սիմոնեանի հետ եւ նոյնիսկ գործուղումը չէ։ Խնդիրը նրա դիրքորոշումն է ու հարցազրոյցը։ Եթէ Գեղամ Նազարեանի մօտ դիրքորոշում է փոխւել խմբակցութեան որդեգրած քաղաքականութեան նկատմամբ, առնւազն այդ հարցը պիտի քննարկւի խմբակցութեան ներսում։ Սա առաջին դէպքը չէ։ Մշտապէս փորձել ենք խնդիրները հարթել, որովհետեւ մենք ունենք մէկ թիրախ ու նպատակ, բայց եթէ հանրութեան մօտ խնդիրներ կան, հարցը պէտք է քննարկւի։ Առաջիկայ օրերին խմբակցութիւնում Գեղամ Նազարեանի հարցը կը քննարկւի, կը լսենք իրեն ու որոշում կը կայացնենք։

– Այո՛, մեր խմբակցութիւնն ունի որոշում, որ միջազգային հարթակները պէտք է օգտագործենք մեր խնդիրները բարձրացնելու համար։ Եղել է ժամանակ, որ բոյկոտել ենք ԱԺ գործուղումները, բայց տեսել ենք, որ իշխանութիւնն օգտւում է դրանից։ Եւ, այո՛, եթէ կայ հնարաւորութիւն այլ հարթակներում հակադիր տեսակէտներ ներկայացնելու, պիտի անենք։ ԵԽԽՎ-ում ու միջազգային այլ կառոյցներում մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Իսկ բարեկամական խմբերի դէպքում՝ ըստ իրավիճակի, քննարկում ու որոշում ենք կայացնում մասնակցութեան ձեւաչափի վերաբերեալ։ Տասնեակ կազմակերպութիւնների հետ հանդիպելու ու պատւիրակութիւնների կազմում ընդգրկւելու բազմաթիւ հրաւէրներ մերժել ենք։ Մենք Ալէն Սիմոնեանի կամ որեւէ մէկի քմահաճոյքով չենք առաջնորդւելու։ Մենք ենք որոշում՝ որտեղ լինենք եւ որտեղ՝ ոչ։ Կրկնում եմ՝ խնդիրը լուսանկարը չէ։ Եթէ որեւէ պատգամաւոր հրաժարւում է այն գծից, որը մենք 4 տարի որդեգրել ենք, այո՛, դա ամօթ է։

– Մենք հաշտ չենք այն մտքի հետ, որ պէտք է սահուն կերպով գնանք դէպի 2026 թ. ընտրութիւններ ու հրաժարւենք փողոցային պայքարից ու այս իշխանութեան դէմ աւելի կոշտ միջոցներով պայքարելու եղանակներից։

– Դաշնակցութիւնը շատ առողջ օրգանիզմ է։ Մշտապէս կայ պայքար, քննարկումներ, բայց այդ խնդիրները անձերով պայմանաւորւած չեն։ Հաւատացնում եմ, որ ՀՅԴ հայաստանեան կառոյցում խնդիրներ չկան, յատկապէս՝ անձնաւորւած։ Դաշնակցութեան 134-ամեայ պատմութիւնը ցոյց է տալիս, որ բոլոր խնդիրներից մենք դուրս ենք գալիս աւելի ուժեղացած։ Ամերիկեան թեւի հետ խնդիրներ եղել են, բայց դրանք ամբողջութեամբ հարթւած են։ Ամէն դէպքում որեւէ խնդիր չի կարող անդրադառնալ կուսակցութեան որդեգրած գծի վրայ՝ Արցախ, անվտանգութիւն, այս չարիքի իշխանութեան հեռացում։

– ՀՅԴ-ն ամերիկեան ընտրութիւններում որեւէ մէկի օգտին աջակցութեամբ հանդէս չի եկել, որովհետեւ երկու թեւի հետ էլ՝ եւ Դեմոկրատական, եւ Հանրապետական, աշխատել ենք։ Բայց մենք շատ մօտ յարաբերութիւններ ունենք թէ՛ օրէնսդիրում, թէ՛ գործադիրում, նաեւ սենատորների հետ, ովքեր լինելու են Թրամփի կառավարութեան մէջ։ Անհատական մակարդակով գուցէ յայտարարութիւններ եղել են, բայց Հայ Դատի վաշինգտոնեան կամ լոսանջելէսեան գրասենեակները որեւէ յայտարարութիւն չեն արել։

– Ես շատ կարեւոր եմ համարում Փաշինեանի դէմ գաղափարական պայքարի անհրաժեշտութիւնը։ Փաշինեանը ստում է, երբ ասում է՝ «իզմ»-եր չունի։ Լաւ էլ ունի՝ ապազգային, սպառողական հասարակութիւն ստեղծելու գաղափարախօսութիւնն է։ Այս իմաստով ընդդիմութեան համար շատ կարեւոր է գաղափարական պայքարը։

– 2021 թւականին 300.000-ից աւելի մարդ քւէարկել է մեր օգտին։ Անցնող 4 տարիների ընթացքում շարունակւել է երկրից տարածքների յանձնումը, եւ մենք դեռ, ցաւօք, չենք կարողացել դիմագրաւել այդ մեքենային։ Այդ իմաստով մարդկանց՝ մեզ ուղղւած քննադատութիւնը հասկանալի է։ Բնականաբար, մարդիկ ինձնից պիտի պահանջէին, հօ Էդմոն Մարուքեանի՞ց չէին պահանջելու։ Բայց կայ կեղտոտ քարոզչամեքենայ, որն արեւի տակ տեղ ունենալու համար իշխանութեան կեղտոտ թէզերը բերում ու կապում է մեզ՝ ջուր լցնելով իշխանութեան մեքենային։ Ցինիկութիւնը հասել է այն աստիճանի, որ Էդմոն Մարուքեանը մեզ մեղադրում է իշխանութեան հետ համագործակցելու ու աշխատավարձ ստանալու մէջ։ Բոլոր ուժերը, ովքեր մեզ քննադատում են, հրաշալի հնարաւորութիւն ունեն ժողովրդի հետ աշխատելու, բայց չեն աշխատում ու միայն մեզ են քննադատում։ Որ մէկը հեռախօսով 2 հատ լայւ է անում, ասում է՝ դուք չլինէք, ես կը լինեմ։ Մենք էլ ասում ենք՝ թող անեն, ամէն կերպ կաջակցենք նրանց, թող գան։ Ցաւօք, իշխանութիւնից դժգոհ մարդկանց ողջ ծածկոյթը մենք չենք փակում։ Նոր ուժերի կարիք, իհարկէ, կայ։ Բայց ոչինչ չանող մարդիկ են պահանջում մեզ դաշտը լքել։ Սա պրիմիտիւ է։

– Միքայէլ Սրբազանի տւած հարցազրոյցների արդիւնքն այն էր, որ ինքն ու իր արտայայտած մտքերը մի քանի օր շարունակ Փաշինեանի ընտանեկան լրատւամիջոցի՝ «Հայկական ժամանակի» գլխագրերում էին։ Արդիւնքը պառակտւածութիւն առաջացնելն էր ու այն էֆեկտը, որ ասողը Սրբազանն էր։

– Հայ ժողովրդի ողջ կենսագրութեան մէջ ամենահակապետական ուժն այս իշխանութիւններն են, եւ իրենց քաղաքականութիւնը հիմնաւորելու համար ամէն ինչ անելու են, որպէսզի ազգային ուժերին դուրս մղեն, որ կարողանան իրենց ապազգային ծրագիրն իրականացնել։ Դրա համար իրենց կեղծ այլանդակ քարոզչութեամբ, իրենց մերձաւոր քաղաքական ուժերի ու կազմակերպութիւնների, անհատների միջոցով ամէն ինչ անում են մեզ վարկաբեկելու համար։ Իրենց մամուլից սկսած, վերջացրած՝ ՔՊ-ական ֆրակցիայով, նոյն բառապաշարն են կիրառում՝ տեռորիստ, ռեւանշիստ եւ այլն։ Նոյն բառապաշարը, ինչ Հայաստանի ընդդիմութեան վերաբերեալ օգտագործում են Ալիեւն ու Էրդողանը: Այս իրավիճակում ստանդարտ լուծումներ չկան։ Կա՛մ սրանք պէտք է գնան, կա՛մ այստեղ Հայաստան չի լինելու։

– Նիկոլի ուզածը դա է, որ մնանք նախորդ 30 տարւայ մէջ ու չլուծենք մեր ապագայի հարցերը։ Ընդդիմադիր քաղաքական ուժերի մէջ, իհարկէ, կան խնդիրներ ու մրցակցութիւն, բայց մենք չպէտք է մտնենք դրա մէջ։ Իւրաքանչիւր քաղաքական թիմ պէտք է զսպի իր թիմակիցներին՝ չմտնել այդ թեմաների մէջ։ Ցաւօք, գնալով վստահութիւնը պակասում է, ու ամենավատ բանը կը լինի այն, որ այս ուժերն էլ ընտրութիւնների պատրաստւելիս սկսեն պայքարել միմեանց դէմ։ Այդ ժամանակ Նիկոլին էլ ուրիշ բան պէտք չի լինի։ Նման իրավիճակ եթէ ստեղծւի, պէտք է միայն պոպկորն վերցնել ու հետեւել…

– Այն յարձակումները, ինչ կատարւում է հիմա Բագրատ Սրբազանի դէմ, անընդունելի է։ Մենք էլ ենք ունեցել խնդիրներ, բայց դա չենք դարձրել գզւռտոցի ու էժան շոուների թեմա։ Քննարկել ենք, լուծումներ ենք գտել:

– Մենք պէտք է կենտրոնանանք ներկայ իրավիճակի վրայ, հասկանանք բացթողումները, ճանապարհային քարտէզի շուրջ ունենանք համաձայնութիւն ու կպնենք գործին։

– Անցեալում մենք ունեցել ենք խնդիրներ, որոնք ժամանակի մէջ շտկւել են, բայց դրա կողքին ունեցել ենք նաեւ ձեռքբերումներ։ Որեւէ նախկին իշխանութիւն համեմատելի չէ Նիկոլի իշխանութեան հետ։ Անցեալի թեմայի մէջ մտնելը Նիկոլի օրակարգն է։ Ինքն օրւայ կէսն աճպարար է, միւս կէսը՝ ծաղրածու՝ մարդկանց զբաղեցնելու համար։

– Ադրբեջանի հետ թուղթ է բանակցում։ Ինչի՞ մասին է այդ թուղթը։ Այսինքն՝ դու գնում, կապիտուլեացիայի թուղթ ես բանակցում Ալիեւի հետ, միանձնեայ, հանրաքւէ չես անում, բայց արագաչափերի հարցով հանրաքւէի մասի՞ն ես խօսում։ Սա ցինիկութիւն է սեփական ժողովրդի նկատմամբ։ Բայց թող ինքը իմանայ՝ խաղաղութեան անւան տակ մեր ժողովրդին կապիտուլեացիայի փաստաթուղթ հրամցնելը չի մարսելու։ Եթէ իրեն թւում է՝ Արցախի յանձնումը մարսել է, դա էլ է սխալւում։

– Փաշինեանը ՏԻՄ օրէնքը 3 անգամ փոխել է՝ յարմարացնելով իր քիմքին։ Որ համայնքում ՔՊ-ական չի ընտրւել, տարել նրանց բանտարկել է։ Այսինքն՝ ինքը գողացել է մարդկանց ընտրելու եւ ընտրւելու իրաւունքը։

– «Խաղաղութեան պայմանագրում» չկայ կէտ, որը բխում է հայ ժողովրդի շահերից։ Դա Բաքւում գրւած, Ադրբեջանի շահերը սպասարկող, Հայաստանի համապարփակ կապիտուլեացիայի մասին փաստաթուղթ է Փաշինեան-Էրդողան-Ալիեւ պայմանաւորւածութեան արդիւնքում։ Եթէ ժամանակին Արեւմուտքը Փաշինեանին Էրդողանի հետ համատեղ էր օգտագործում, հիմա նրա կուրացիան ամբողջովին յանձնել է Էրդողանին։

– Փաշինեանն իր բոլոր քայլերով ու գործողութիւններով վաւերացնում է Ալիեւի քաղաքականութիւնն ու ագրեսիան։ Յաջորդ իշխանութիւնը Նիկոլ Փաշինեանի կառավարման տարիները համարելու է ոչ հայկական կառավարման տարիներ։

– Ալիեւն ամէն ինչ անելու է, որ Նիկոլը մնայ իշխանութեան, բայց Հայաստանում օրախնդիր է ազգային իշխանութիւն ունենալը։

– Պատերազմի շրջանը շատ ծանր հարւած էր Սփիւռքի համար։ Ջարդւել է Սփիւռքը։ Տարիներ առաջ որ հայկական դպրոցը մտնէիր, Արցախեան ազատամարտի նկարներ էին։ Սրանք ամէն բան զրոյացրել են։ Ինչի վրայ որ Սփիւռքը հայկական պետականութեան բացայակութեան պայմաններում հիմնւել է, Փաշինեանը դրել է հարցականի տակ։ Սփիւռքում կայ խորը հիասթափութիւն։ Հիմա Փաշինեանը կարո՞ղ է գնալ Թեհրան այնպէս, ինչպէս 2018 թ.։ Իհարկէ, ոչ։ Սփիւռքը շատ բազմաշերտ է, բայց Սփիւռքում եւս տեղի է ունենում վերականգնման պրոցեսը։

– Մեր դիրքորոշումը Նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերաբերեալ յստակ է․ մեզ համար այն անընդունելի փաստաթուղթ է, բայց իրողութիւն, կայացած փաստ, հրադադարի փաստաթուղթ։ Սա պէտք չէ չեղարկել, բայց ժամանակի ընթացքում մենք պէտք է հասնենք նոր եռակողմ համաձայնութեան։ Սա ասել ենք նոյեմբերի 9-ի փաստաթղթի ընդունումից անմիջապէս յետոյ։ Բայց այս մարդը մեր երկրի վիճակն այնպէս է վատացրել, որ այլեւս դրան չենք կարողանում յղում տալ։ Ալիեւը պէտք է իմանայ՝ եթէ դու պնդում ես, որ 9-րդ կէտով սահմանւած ճանապարհները պէտք է բացւեն, ուրեմն դու պէտք է ապահովես Լաչինի միջանցքով Ստեփանակերտ գնալու հնարաւորութիւնը։ Բայց վատն այն է, որ Փաշինեանը ոչ թէ մերժում է Միջանցքի գաղափարը, այլ բանակցում է դրա վերահսկողութեան կողմի շուրջ։

Related Articles

Back to top button