ՀԱՍԱՆ ՀԱԲԻԲԻ լեգենդը՝ ՄԵԴԱԼԻՑ ԱՅՍ ԿՈՂՄ
ՀԱՏԻՍ
Աշնանային այս օրերին բացառիկ հնարաւորութիւն ստեղծւեց՝ հանդիպելու իրանական ֆուտբոլի փայլուն եւ պատմութիւն կերտող դէմքերից մէկի Հասան Հաբիբիի հետ:
«Չարսադ-դասգահ»-ի փոշոտ ու հողածածկ դաշտից մինչեւ Տոկիոյի օլիմպիական խաղեր, Ասիայի գաւաթի փառայեղ նւաճումից՝ Ամջադիէի թաւշեայ կանաչ գորգի թախիծ… նման սեփական յուշերը դառնում են հանրութեան սեփականութիւն, յատկապէս, երբ կենդանի լեգենդը շարունակում է զբաղեցնել իր ուրոյն տեղը ժողովրդի սրտերում:
«Արարատ»-ի լեգենդար թիմի գլխաւոր մարզիչի սիրալիր վերաբերմունքն ու իր տան յարկի ներքոյ հիւրընակլութիւնը տպաւորիչ էր, յատկապէս, այն առումով, որ 84 ամեայ մարզիչը յայտնի է նրանով, որ երկար նստել կամ սպասել չի սիրում:
Հասանաղան այնքան մի քանի տարբեր առիթներով մանրամասն խօսել է իր կտրած ճանապարհի մասին եւ ամէն անգամ սեփական եսը մի կողմ թողնելով խօսքը բերել հասցրել է իրանական ֆուտբոլի զարգացման ճանապարհին յայտնւած խնդիրներին ու խոչնդոտներին:
Հաճելի հանդիպմանը, ներկայ էին հին ընկերները՝ Յովիկ Հաթամզադէն, Մայիս Մինասեանը, Սամսոն Պետրոսեանը, Էդմոնդ Բեզիկը, Մասիսի Յակոբեանը, Սերժիկ Իւսէֆին եւ թիմի յանձնախմբի նախկին անդամ հանգուցեալ Միսակ Շահնազարեանի որդին՝ «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը:
Իրանական ֆուտբոլի կենդանի լեգենդը՝ Հասան Հաբիբին աշնանային այդ երեկոյի սկզբում, իր ուրախութիւնը յայտնեց անւանի հայ ֆուտբոլիստներին իր յարկի ներքոյ հիւրընկալելու եւ նրանց կրկին հանդիպելու համար: Նա բոլորին անուն առ անուն յիշելով թւարկում էր նաեւ իւրաքանչիւրի հետ ունեցած յուշերը:
Իսկապէս, որ ազգային հաւաքականի աւագը ճշգրտութեան, ամրութեան եւ տոկունութեան խորհրդանիշ էր եւ է: Յատկանիշ, որը զրոյցի ընթացքում մարմնաւորում է նրա անկեղծութիւնը, ազնւութիւնը, եւ սկզբունքներին հաւատարիմ մնալու կամքն ու կարողութիւնը:
Ես Հասանն եմ, ազգանունս Հաբիբի է, իսկ ծնւել եմ 1318 թւականի բահմանի 18-ին Քերմանում …………. Հայրս առողջապահութեան նախարարութեան աշխատակից էր։ Չորս տարեկան էի, երբ ընտանիքիս հետ եկայ Թեհրան եւ մինչ օրս ապրում եմ Թեհրանում։ Կնոջս՝ Ֆարիբայի հետ ամուսնացայ 1343 թւականին։ Նոյն տարում, երբ իրանական ֆուտբոլն առաջին անգամ կարողացաւ ներկայ լինել Օլիմպիական խաղերին։
Հասան Հաբիբիի կինը եւս ֆուտբոլային ընտանիքի զաւակ է: Նա նախկին Թաջի ֆուտբոլիստ Ամիր Աբրիի քոյրն է:
«Ամիր Աբրին այն լաւ տղաներից էր, ով խաղում էր Թաջ ակումբում։ Այդ օրերին «Չարսադ-դասգահ»-ից՝ չորս-հինգ երիտասարդ միացան «Թաջ» ակումբին, այդ թւում ես եւ իմ եղբայրը (Մանուչեհր Հաբիբի), Ասղար Շարաֆին, Ամիր Աբրին եւ երկու ուրիշ տղաներ: Այն ժամանակւայ պայմաններին ծանօթ լինելով կը հասկանաս, որ դա շատ կարեւոր իրադարձութիւն էր»,- մի առիթով նշել է Հասան Հաբիբին:
Յայտնի է, որ իրանական ֆուտբոլի հանրայայտ դէմքը, նոյն իր ծննդեան օրը հրաժեշտ տւեց ֆուտբոլին:
Խորհրդանշական այդ հանդիպմանը Անգլիայի ֆուտբոլի ազգային հաւաքականի աւագ սըր Սթենլի Մեթիւսը նաեւ ներկայ էր հրաժեշտի այդ խաղին:
Իրանական ֆուտբոլի այս անմոռանալի կերպարը «Շահին», «Էսթեղլալ» եւ «Փաս» թիմերում խաղալու հարուստ պատմութիւն ունի։ Յեղափոխութիւնից յետոյ նա առաջին մարդն է, ով համաձայնել է ստանձնել Իրանի ֆուտբոլի ազգային հաւաքականի ղեկը:
Հաբիբին Իրանի ազգային ու ակումբային ֆուտբոլի հսկաներից էր եւ բազմաթիւ ֆուտբալիստներ է պատրաստել:
1968 թւականին Թեհրանում կայացած Ասիայի Ազգերի Գաւաթում ազգային հաւաքականի հետ չեմպիոնի տիտղոսը նւաճած թիմի աւագը, «Փաս» թիմի հետ եւս դարձաւ Իրանի չեմպիոն:
Սրանց յաւելենք 1980 թւականի Օլիմպիական խաղերին որպէս՝ ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ եւ 1980 թւականին Ասիայի ազգերի գաւաթի խաղարկութիւնում բրոնզէ մեդալակիր եւս Հաբիբիի ձեռքբերումներից են։
Հաբիբին շուրջ 10 տարւայ ընթացքում հսկայական փոփուխութիւն ստեղծեց «Արարատ»-ի ֆուտբոլի համար: Այս վերափոխումը բերեց նրան, որ «Արարատ»-ը Իրանի ֆուտբոլի լիգային մասնակցելու իրաւունք ստացաւ: Հասան Հաբիբին «Արարատ» ֆուտբոլային թիմի գլխաւոր մարզիչն էր 1365-1374 թւականներին։
Նա «Արարատ» տեղափոխւելու մասին նշել է, որ այդ տարիներին հասկացել էր, որ այլեւս Իրանի ֆուտբոլում անելիք չունի: «Իրանն այլեւս ֆուտբոլ չունէր, եւ ես չէի ուզում այստեղ աշխատել։ Գնացի Պարսից ծոցի երկրներ աշխատելու։ Մի օր հեռուստացոյցով տեսայ Իրանի երիտասարդների ազգային հաւաքականի խաղը, որը 2-0 զիջում էր մրցակցին: Տեսայ 10-12 տարեկան երեխաների յուզւած պատկերը։ Ինքս ինձ ասացի՝ պէտք է ինչ-որ բան անել։ Արարատցիներն ինձ խնդրեցին վերադառնալ Իրան եւ դառնալ իրենց թիմի մարզիչը։ Այն ժամանակ «Արարատ»-ը հանդէս էր գալիս 2-րդ լիգայում։ «Արարատ»-ին խորհուրդ էին տւել բարձրանալու համար դիմել Հասան Հաբիբիին: Այդ պատճառով ես գնացի «Արարատ» եւ 8 տարի պարապեցի թիմի հետ»,- նշում է Հաբիբին։
Այդպէս եղաւ, որ «Արարատ»-ը բարձրացաւ «Ազադեգան» լիգա: «Մենք հիանալի ժամանակ անցկացրինք «Արարատ»-ում։ Երիտասարդ ու տարեց ֆուտբոլիստներ էի հրաւիրել: Մենք ունէինք ե՛ւ 17, ե՛ւ 18 տարեկան խաղացողներ, ե՛ւ փորձառու ֆուտբոլիստներ։ Ֆրէդ Մելիքնեսնը, Էդմոնդ Ախթարը, Էդմոնդ Բեզիկը, Սերժիկ Թէյմուրեանը եւ Սերոժ Էբրահիմին այն խաղացողներն էին, ովքեր այդ ժամանակ եւ այդ թիմով ներկայացւեցին իրանական ֆուտբոլին»,- յաւելել է նա։
1372-ին դարձայ Իրանի «Օմիդ»-ի գլխաւոր մարզիչ։ «Արարատ»-ի ֆուտբոլն էլ մէկ առ մէկ կորցրել էր իր ֆուտբոլիստներին: Ֆուտբոլիսներից մի երկուսին «Արարատ»-ից հեռանալու համար վճարել էին 450.000 թուման։ Այն ժամանակ մենք այս փորձառու խաղացողներին ամսական վճարում էինք 14000, իսկ աւելի երիտասարդ խաղացողներին, ինչպիսիք են Ֆրէդն ու Բեզիկը, ամսական 8000: Ֆուտբոլը դարձաւ առեւտրի առարկայ: Ամէն բան սկսել էին չափել փողով: Մեծ ու ողնաշար ունեցող թիմերն էլ իրենց տեղը զիջեցին նոր ու հարուստ ակումբներին: «Արարատ»-ը «Շահին»-ի ու «Հոմա»-ի պէս անելիք չունէր այլեւս այդ դաշտում: Այդ պատճառով ես հեռացայ «Արարատ»-ից» եւ ընդունեցի «Օմիդ» թիմի ղեկը:
Հասան Հաբիբին կարգապահութեան խորհրդանիշ էր, ֆուտբոլին յատուկ բառապաշարից հեռու:
Յեղափոխութիւնից յետոյ յայտնի է, որ Իրանի ֆուտբոլում անորոշութիւն էր տիրում: Այդ խնդրի լուծումը վստահեցին Հասան Հաբիբիին: Նա ոտքի կանգնեցրեց Իրանի ազգային հաւաքականը:
1349 թւականի փետրւարի 8-ին, ի նշան երախտագիտութեան Իրանի ազգային հաւաքականում Հասան Հաբիբիի շուրջ մէկ տասնամեակ յաջող ներկայութեան համար, իրանական ֆուտբոլի պատմութեան մէջ առաջին ու վերջին անգամ հրաւիրւել էր համաշխարհային ֆուտբոլի մեծերից մէկը։ Սըր Սթենլի Մեթիւսը՝ բրիտանացի ֆուտբոլային հանճարը եւ 1956 թւականին Եւրոպայի «Ոսկէ գնդակի» առաջին դափնեկիրը, Իրան եկաւ, երբ հինգ տարի խաղակօշիկները կախել էր ֆուտբոլի աշխարհի մեծերի ներկայութեամբ շքեղ հանդիպման ժամանակ։ Նրա ներկայութիւնն Իրանում ոչ միայն աւելացրեց այս հանդիպման արժանիքները, այլեւ իրանական ֆուտբոլի համար կարեւոր նշանակութիւն ունեցաւ մեդիա առումով։
Մեթիւսի Իրան կատարած այցը պատճառ դարձաւ, որ այս ընկերական հանդիպումը արտացոլւի համաշխարհային լրատւամիջոցներում, քանի որ առաջին անգամն էր, որ ասիական մայրցամաքում նման արարողութիւն էր անցկացւում ասիացի խաղացողի համար: Փառահեղ օր, որի մասին, ցաւօք, , բացի մի քանի նկարից, ոչինչ չի մնացել արխիւներում։
Հասան Հաբիբին խաղադաշտ դուրս եկաւ նախորդ տարիների ազգային հաւաքականի կողքին, որը հիմնականում կազմւած էր 1966-ի Ասիական խաղերի եւ 1968-ի Ազգերի գաւաթի (չեմպիոն թիմի աւագը ինքն էր) իր թիմակիցներից: Մի մասը մրցակից թիմի կազմում էր հանդէս գալիս:
Հաբիբիի հրաժեշտի օրւայ տրամադրութեան մասին «Դոնիայէ վարզէշ»-ը գրում է. «Դէմքին արցունք կար: Սիրոյ ու տխրութեան արցունքներ: Հաճելի հանդիպմանը, որտեղ հաւաքւել էին հին ընկերները, Իրանի ֆուտբոլի ազգային հաւաքականի աւագ Հասան Հաբիբին ցուրտ երեկոյի սկզբում, վերջին եւ հեռաւոր տարիների խաղընկերների ուսին, ձեռքերը վեր բարձրացրեց, շնորհակալութիւն յայտնեց ու համբոյր ուղարկեց նրանց, ապա հանգիստ լքեց խաղադաշտը։ Նա նման էր սիրելիին հրաժեշտ տւող տղամարդու: Նա հանգիստ ու հաստատակամ դուրս եկաւ խաղադաշտից, բայց սա բոլորի հարցն էր, որ Հասան Հաբիբին իրօ՞ք պէտք է հրաժեշտ տար։ Իսկապէ՞ս ժամանակն էր, որ նա հրաժեշտ տար ազգային հաւաքականին։ Նա իր կարողութիւնների բարձունքում էր»:
Իրանի ֆուտբոլի պատմութեան ամենատարօրինակ թիմերից մէկին Հասան Հաբիբիի ղեկավարութեամբ յաջողւել է ստանալ ամառային Օլիմպիական խաղերի ուղղեգիր: Այս նպատակին ազգային հաւաքականը հասաւ այնպիսի մի իրավիճակում, երբ մեկնել էր Սինգապուր (ասիական տարածաշրջանի 3-րդ խմբի մրցաշարի անցկացման վայր)՝ առանց նախապատրաստական ոչ մի հանդիպում անցկացնելու: Նրա գլխաւորութեամբ թիմն այնպիսի որակի էր, որ մրցակիցներին մէկը միւսի յետեւից շարքից հանում էր, վերջին քայլում տօնելով տանտէրերի նկատմամբ 4:0 հաշւով վճռորոշ յաղթանակը:
Հաբիբին երկու անգամ նւաճել է Թեհրանի ակումբների գաւաթի առաջնութիւնը, երկու անգամ՝ ընտրական գաւաթը եւ երկու անգամ՝ երկրի չեմպիոնի կոչմանն է արժանացրել «Փաս»-ին: Իսկ որպէս մարզիչ՝ երկու տարի «Թախթէ Ջամշիդ» գաւաթի խաղարկութիւնում, կարողացել է տիտղոսակիր դառնալ նոյն «Փաս»-ի հետ:
Ներկայացնելով այնպիսի տղաների, ինչպիսիք են Խոդադադ Ազիզին, Ռեզա Շահրուդին, Եահիա Գոլ Մոհամմադին, Աֆշին Փէյրովանին, Ջաւադ Մանաֆին, Նիմա Նաքիսան, Քարիմ Բաղերին, Մեհրդադ Մինաւանդը եւ Մեհդի Մահդաւիքիան, նա ցոյց տւեց, որ յաջողակ մարզիչ է։
Մեդալի հակառակ կողմը
Թեհրանահայերը դեռ յիշում են այն հպարտ օրը, երբ երիտասարդ ու տարեց հաւաքւել էին «Ամջադիէ»-ի հարթակների վրայ՝ աջակցելու իրենց «Արարատ»-ին՝ Երեւանի «Արարատ»-ի դիմաց խաղում: «Ամջադիէ»-ն տարբերւում էր այդ օրերին ցեմենտի այդ յիշարժան կամարներով, որոնք ծածկում էին հարթակների մի մասը:
Այդ օրը մեր «Արարատ»-ը փայլուն խաղ դրսեւորեց Հայաստանից եկած հիւրերի նկատմամբ: Հակառակորդը կարողացել էր «առանց ընդունած գոլի» յաղթել մեր ակումբային թիմերին, սակայն «Արարատ»-ի դիմաց նա բացւած տեսաւ իր դարպասը: Չնայած խաղն աւարտւեց հիւրերի առաւելութեամբ, բայց մեր «Արարատ»-ը թողել էր իր ստորագրութիւնը:
Այդ օրերի «Արարատ»-ը յայտնի էր իր կապոյտ զգեստով ու մարզաշորերով:
«Արարատ»-ի ստորագրութեամբ են զարդարւել եւս իրանական մեծանուն թիմերը:
Թիմի աւագ Գառնիկ Մեհրաբեանի գոլով «Արարատ»-ը յաղթում է առաջատար «Թաջ»-ին դառնալով մրցաշարի յայտնութիւնը: Սա «Արարատ» ֆուտբոլային թիմի առաջին յաղթանակն էր «Թաջ»-ի նկատմամբ եւ հնարաւորութիւն տւեց առաջատարի դիրքերում հանդէս գալ մրցաշարերում:
1967 թւականի ոսկէ աշնանը «Արարատ» ֆուտբոլային թիմի ղեկը վստահւել էր իրանական ֆուտբոլի յայտնի դէմք՝ Մանսուր Ամիր Ասեֆիին:
Որոշ ժամանակ անց «Արարատ»-ը Մանսուր Ամիր Ասեֆիին փոխարինեց Զայքօ Ռայքով անունով մարզիչով։ Բայց «Արարատ»-ի ճակատագրում նկատելի փոփոխութիւն չգրանցեց նա: «Արարատ»-ը դուրս մնաց Պերսեպոլիսի գաւաթից՝ 16-րդ շաբաթում, չնայած մէկ գնդակով «Թաջ»-ին յաղթել էր, իսկ «Հոմա»-ի դարպաս էր ուղարկել երեք գնդակ: Սրանով «Արարատ»-ն արժանացաւ ֆուտբոլասէրների հիացմունքի։
Հերթը հասաւ Համլետ Ասեֆեանին «Արարատ»-ի ղեկը ուղղորդելու: Նա մեծ ջանքերով յաղթահարեց դժւարութիւնները եւ ձեւաւորեց հաւակնորդ թիմ: Բայց չկարողացաւ դուրս գալ «Թաղթէ ջամշիդ» գաւաթի մրցումներ։
«Արարատ»-ի ղեկը շարունակ ձեռքից ձեռք է փոխանցւում Ամիր Ասէֆիի, Գառնիկ Մեհրաբեանի եւ Արշաւիր Մալէքիի միջեւ, մինեւ Յեղափոխութեանը յաջորդած տարիներին Ֆերէյդուն Մոինին եւս մի պահ յայտնւում է թիմի նստարանին:
1367 թւականին Հասան Հաբիբին Պարսից ծոցի երկրներից Իրան է վերադառնում «Արարատ»-ի առաջարկով, ինչը կողմերին աւելի մօտեցրեց Իրանի մեծ ֆուտբոլին: «Արարատ»-ը դարձաւ նարնջագոյն այն համակրելի թիմը, որի մասին միայն լաւ մեկնաբանութիւններով է յիշատակւել իրանական ֆուտբոլի պատմութեան էջերում, իսկ Հասան Հաբիբին՝ մի քայլ մօտեցաւ Իրանի Օմիդ հաւաքականի ղեկին:
«Արարատ»-ը երկրորդ լիգայի խաղերն անց էր կացնում մի իրավիճակում, երբ որոշել էր վերադառնալ Թեհրանի ակումբների առաջին կարգ: Թեհրանի ֆուտբոլին ասես ինչ-որ բան պակասում էր առանց նարնջագոյն թիմի: Որոշումն այսպիսին էր՝ փոխել մարզչին եւ յոյսը դնել երիտասարդ տաղանդների վրայ:… Ուստի Ֆերէյդուն Մոինին փոխարինւեց Մանսուր Ամիր Ասեֆիով, իսկ Գառնիկ Շահբանդարին ստանձնեց օգնականի պարտաւորութիւնները: Գառնիկը նաեւ խաղում էր թիմի կազմում միաժամանակ կատարելով իր պարտաւորութիւնները:
Վերածնունդ Հասան Հաբիբիի գաղափարներով
1367-ին «Արարատ»-ի յանձնախումբը թիմի ղեկավարումը վստահեց Իրանի մեծագոյն ֆուտբոլիստ, Հասան Հաբիբիի ունակ ձեռքերին։ Մարդ, ում անունը միշտ կապւած է եղել վստահելիութեան, եւ կարգապահութեան հետ: Վարպետը յենւելով իր գիտելիքների ու հարուստ փորձառութեան վրայ վերակառուցեց «Արարատ»-ի ֆուտբոլը: Համագործակցութեան առաջին իսկ պահից նա երկու նախապայման է դնում սեղանին. «Բոլորի (հիմնական թիմի եւ երիտասարդական թիմի) նկատմամբ ունենալ ամբողջական վերահսկողութիւն»:
Յաջողութեան հասնելու համար Հասան Հաբիբին օգտագործեց բոլոր հնարաւոր կարողութիւնները «Արարատ»-ում: Յաջորդ քայլում նա օգտւեց Մայիս Մինասեանի (ազգային հաւաքականի եւ «Փաս» ակումբի նախկին ֆուտբոլիստ) ներկայութիւնից: Մայիսը նաեւ Հաբիբիի սաներից էր «Փաս» ակումբում:
Մինասեանը կամուրջ էր Հասան Հաբիբիի եւ արարատցիների միջեւ:
Վարպետ Հասան Հաբիբին, ընտրութեան գնաց մի շարք տաղանդաւոր երիտասարդների եւ դասելով նրանց փորձառու խաղացողների շարքում, միաւորեց երիտասարդ ու փորձառու ուժերի համապատասխան համադրութիւն: Ապա, յնւելով կարգուկանոնի ու կարգապահութեան վրայ, նա պատրաստեց թւով մի ձեռքի մատների հաւասար, բայց մեծ կարողութիւններով խաղացողներով թիմ՝ մասնակցելու երկրորդ լիգայի մրցումներին։
Հասան Հաբիբիի ներկայութեամբ «Արարատ»-ն առաջին իսկ սեզոնից դարձաւ առաջխաղացման յաւակնորդ թիմ… «Արարատ»-ը մինչեւ տասներորդ շաբաթը աղիւսակի երկրորդ տեղն էր զբաղեցնում եւ առաջին լիգա դուրս գալու հիմնական հնարաւորութիւններից մէկն էր: Սա այն դէպքում, երբ «Արարատ»-ին ընդամէնը մէկ միաւոր էր բաժանում առաջատարից: Սակայն տեղի ունեցաւ անցանկալին ու «Արարատ»-ը կորցրեց առիթը:
Արձանագրւած փաստ է, որ երբեմն, երկրորդ կարգի մրցումներին ներկայ հանդիսատեսների թիւն աւելի շատ էր, քան Թեհրանի առաջին կարգի մրցումների դէպքում էր լինում:
Թէեւ «Արարատ»-ին չյաջողւեց բարձրանալ, սակայն մէկ ամիս անց Հասան Հաբիբիի հետ նւաճեց իր առաջին արժէքաւոր տիտղոսը։ Նրանք փայլուն կերպով արժանացան «Բասիջ»-ի մրցապայքարի առաջնութեանը: Եզրափակչում «Արարատ»-ը առաւելութեան հասաւ առաջին կարգի լիգայում հանդէս եկող «Վահդաթ»-ի նկատմամբ:
Հաբիբիի գլխաւորութեամբ եւ յենւելով բոլոր կարողութիւնների վրայ, ներառեալ մի քանի աստղերի վերադարձի ինչպիսիք են` Վիգէն Զէյնալին, Վիգէն Քովայեանը, Սերժիկ Իւսէֆին, եւ Վրէժ Բախշին եւ, թերեւս, աւելի կարեւոր, քան միւս յատկանիշերը, երկրպագուների կրքոտ ու մեծ աջակցութիւնն էր, որը յաջողութիւն բերեց «Արարատ»-ին:
«Արարատ»-ը, բոլոր խաղերում ունենալով երկրպագուների աջակցութիւնը, մարտունակ տեսք ունէր եւ խփեց 30 գոլ՝ դառնալով մրցումների լաւագոյն յարձակման գծի տէրը։ Ու թէեւ «Փուրա»-ից յետոյ երկրորդ տեղում էր, բայց միակ թիմն էր, որը պարտութիւն չկրեց մրցաշարում։
Սեզոնի աւարտին «Քէյհան վարզէշի»-ն «Արարատ»-ի վերելքի կապակցութեամբ կազմակերպւած կլոր սեղանի ժամանակ Հասան Հաբիբիին հարցրել էր. ««Արարատն» այս մրցաշրջանում այլ կազմ ունէր… մի քանի երիտասարդ եւ մի քանի տարեց խաղացողներ… Սա անհաւասարակշռութիւն չի առաջացնու՞մ»:
Հաբիբին պատասխանել է. «Սա այն վակումն է, որին բախւում է «Արարատ»-ը՝ տարիքային տարբերութեան առումով տարբեր պատճառներով։ Ինչու որոշ խաղացողների տարիքը բարձր է, եւ նոյնիսկ Մայիս Մինասեանն է վերադարձել հրաժեշտից յետոյ: Այս ամէնը վերադառնում է այն սահմանափակումներին, որ ունի «Արարատ»-ը խաղացողների առումով: Մենք չէինք ուզում, որ Մասիսն այս տարի խաղայ։ Ուստի ես գնացի հայկական թաղամասեր եւ ասացի բոլորին, ովքեր կարող են խաղալ՝ անկախ տարիքից թող գան պարապմունքների։ Ես ուզում էի աշխատել։ Իմ հեղինակութիւնն ու մասնագիտական համբաւը եւս վտանգւած էր: Ի վերջոյ, այդ բոլոր խաղացողներից մենք կարողացանք կառուցել թիմի կմախքը, եւ քանի որ այս տարի, որոշել էինք յաղթել, առկայ բոլոր խնդիրներով հանդերձ, «բոլորին միասին ծամել ենք»: