
«ԱԼԻՔ» – Երէկ՝ երեկոյեան, Միւնխէնի «Ալեանց Արենա» ստադիոնում տեղի ունեցաւ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2024-25 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը:
Խաղադաշտ դուրս եկան ֆրանսիական «Պարի Սէն-Ժերմէն»-ը եւ իտալական «Ինտեր Միալան»-ը:
Հանդիպումն անցաւ ՊՍԺ-ի տարածքային ու խաղային բացայայտ առաւելութեամբ: Լուիս Էնրիկէի սաները ինքնադրսեւորման որեւէ հնարաւորութիւն չտւեցին իտալական ակումբի ֆուտբոլիստներին, տանելով խոշոր՝ 5:0 հաշւով յաղթանակ, որն ի դէպ գոլերի ամենամեծ տարբերութեամբ յաղթանակն էր ՉԼ-ի եզրափակիչների պատմութեան մէջ։ ՊՍԺ-ի կազմում գոլերի հեղինակ դարձան՝ Աշրաֆ Հակիմին (12-րդ րոպէ), Դեզիրէ Դուէն (20-րդ եւ 63-րդ րոպէներին), Խւիչա Կւարացխելիան (73-րդ րոպէ) եւ Սենի Մայուլուն (87-րդ րոպէ):
Այսպիսով Չեմպիոնների լիգայի գաւաթը՝ «Երկարականջ»-ն առաջին անգամ ուղեւորւեց Փարիզ:
Նշենք, որ Հայաստանի հաւաքականի նախկին աւագ Հենրիկ Մխիթարեանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր: Նա դարձաւ առաջին հայ ֆուտբոլիստը, որը հնարաւորութիւն ունեցաւ խաղալու ՉԼ-ի եզրափակչում:
Իսկ «Ինտեր»-ի իրանցի յարձակւող Մեհդի Թարեմին էլ Ալի Դայիից յետոյ դարձաւ իրանցի երկրորդ ֆուտբոլիստը, որը ՉԼ-ի եզրափակչում հանդէս գալու առիթ ունեցաւ: Ի դէպ, նա եւս Ալի Դայիի պէս հանդիպմանը հետեւեց պահեստայինների նստարանից՝ խաղադաշտ դուրս գալու հնարաւորութիւն չստանալով: