ԱԿՆԱՐԿ. ԵՐԵԽԱՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՅԼԵՒՍ ՉԵՆ ՎԱԶՈՒՄ…

ՀԱՏԻՍ
Այս օրերին Արցախի Դրմբոնի շրջանի Գանձասարի «Վանք» գիւղում ամէն տարի էշավազք էր անցկացւում։ Տարբեր գիւղերից երեխաները գալիս էին իրենց իշուկներով՝ մրցելու 1000 ամերիկեան դոլարի հասնող մրցանակային ֆոնդի համար։ Իշուկների վրայ նստած նրանք երեխայութիւնից մի պահ դուրս եկած պատանիների էին նմանւում: Իրենց տարիքից աւելի լուրջ հայեացքով ու պատասխանատւութեան զգացումով։ Յաղթելու դէպքում շահած գումարով փորձում էին մի փոքր թեթեւացնել ընտանիքի հոգսը։
2020-ի պատերազմն ընդհատեց այդ մրցոյթի շունչը նաեւ։
Այսօր այդ երեխաներն այլեւս այնտեղ լինելու հնարաւորութիւն չունեն…
Տնից վտարւած մարդը հեռանում է միայն այն ժամանակ, երբ այնտեղ մնալն այլեւս անհնար է։ Մի ճամպրուկ, մի քանի լուսանկար, գրպանում՝ տան բանալին… ու ճանապարհ ընկնում գերեզմանում թողած իր հարազատներին։
Արցախից 2023-ի սեպտեմբերին հեռացած աւելի քան 100 հազար հայերի համար այդ յոյսը պիտի իրականութիւն դառնար։ Երեք տարի անց այն դեռ յոյս է, իսկ վերադարձը՝ քաղաքական օրակարգից գնալով աւելի հեռացող հարց։
Մինչեւ այդ՝ շրջափակում, սով, սննդի ու դեղորայքի պակաս։ Յետոյ՝ պատերազմ, զոհեր… ու երեխաների գլուխը փրկելու միակ ելքը։ Մի քանի օրում մի ամբողջ ժողովուրդ թողեց իր բնօրրանը։
Սակայն դատարկւած տունը երկար չի մնայ դատարկ։ Մնում են պատերը, գերեզմանները, եկեղեցիները, խաչքարերը, արձանագրութիւնները, տեղանունները։ Մնում է պատմութիւնը։ Իսկ հէնց այդ մնացածների ու պատմութեան շուրջ էլ սկսւում յաջորդ պայքարը։
Բոսնիա, Կոսովօ, Աբխազիա, Հիւսիսային Կիպրոս. տարբեր երկրներ, տարբեր պատերազմներ, բայց ծանօթ շարունակութիւն՝ տեղահանութեանը յաճախ յաջորդում են սեփականութեան, վերադարձի եւ պատմական յիշողութեան երկարատեւ վէճեր։ Վերադառնանք հայրենիքի փորձին: Նախիջեւանը դրա ծանր վկայութիւնն է։ Երբ հայն այլեւս չկայ այնտեղ, կը վերանայ նաեւ նրա թողած հետքը՝ եկեղեցին, գերեզմանը, խաչքարը, արձանագրութիւնը, տեղանունը…
Արցախում նոյն վտանգը տեսանելի է արդէն։ Ադրբեջանը հետեւողականօրէն առաջ է մղում մի պատում, ըստ որի հայկական ներկայութիւնը Արցախում օտարածին կամ ժամանակաւոր է, իսկ հայկական ժառանգութիւնը ուրիշ պատմութեան մաս։
Մարդը վտարւել է։ Այժմ հերթը նրա պատմութեանն է։
Բաքուն՝ հասկացանք: Իսկ ո՞ւր է Երեւանը:
2023-ին Հայաստանի իշխանութիւնը տողատակերում խօսում էր Արցախի հայերի վերադարձի իրաւունքի մասին։ Այսօր այդ պահանջը կարծես այլեւս յարմար չէ խաղաղութեան նոր բառապաշարին։ 2026-ի օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ խաղաղութիւնն ամրագրելու համար Հայաստանում պէտք է փակւի Արցախի հայերի վերադարձի իրաւունքի մասին թեման։
Իշխանութիւնները կարող են փորձել հրաժարւել տարածքի նկատմամբ քաղաքական պահանջից։ Բայց պետութիւնն արդեօք կարո՞ղ է հրաժարւել իր քաղաքացիների իրաւունքից։ Իսկ ո՞վ է այդ իրաւունքը չեղարկելու լիազօրութիւն տւել։
Արցախի հայաթափման ամենամեծ աղէտը գուցէ այն օրը չէր, երբ վերջին հայը լքեց Ստեփանակերտի հրապարակը։ Ամենավտանգաւոր օրը կը լինի այն օրը, երբ աշխարհում այլեւս ոչ ոք չցանկանայ լսել՝ «իսկ հայերն ի՞նչ գործ ունէին այնտեղ», հարցի պատասխանը։
Մարդուն կարելի է մէկ օրում հեռացնել տնից։ Բայց նրա պատմութիւնը՝ ոչ։ Պատմութիւնը ջնջելու համար նախ պէտք է ջնջել նրա հետքերը, ապա՝ անունը, իսկ վերջում՝ նրա գոյութեան մասին ընկալումը:



