ԳաղափարականԽմբագրականՀՅԴ Մամուլ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՎԻՏՈՇԻՑ ԼԻԶԲՈՆ, ԼԻԶԲՈՆԻՑ՝ ՄԵՐ ՕՐԵՐԸ. «ՅԱՐԱՏԵՒ ԿՌՒԻ» ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

(Յուլիսի 27-ի առիթով)

Հայկական յեղափոխութեան մերօրեայ պայքարի ուժական փուլի փառահեղ պատմութեան շղթայի մէջ կայ կարմիր արեամբ յաւերժացած մի թւական. 1983, ՅՈՒԼԻՍԻ 27:

Թւական, որը հայ ժողովրդի պատմական յիշողութեան մէջ դաջւեց որպէս գերագոյն յանդգնութեան ու գաղափարական անձնւիրումի խորհուրդը շնչաւորող օր:

Ոչ միայն խօսքով, այլեւ գործով, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիզբոնում Թուրքիայի դեսպանատունը գրաււած եւ այն պայթեցրած Հայ Յեղափոխական Բանակի 5 անձնազոհ  մարտիկները դարձան Հայաստանի եւ հայ ժողովրդի ամբողջական ազատագրման պայքարին անսակարկ նւիրումի մարմնաւորողները:

Նրանք եկան փաստելու, որ երբ կայ մարտունակութիւն եւ աներեր է անհաւասար ուժերով պայքարի նետւելու կամքը, յեղափոխական մարտիկն ի վիճակի է խախտել բոլոր տեսակի «տրամաբանակ» թւացող օրինաչափութիւններն ու գնալ «ամենաանտրամաբանական խենթութեան»՝ վստահ լինելով, որ ԻՄԱՑԵԱԼ ՄԱՀՈՎ հնարաւոր է կատարել շատ աւելին, քան կարելի է պատկերացնել, որ հնարաւոր է հիմնայատակ քանդել աշխարհի մեծերի եւ զօրեղների լռութեան եւ անտարբերութեան պատը, սահմռկեցնել նրանց, խախտել գեհենական անդորրը եւ ստիպել լսել քեզ, հաշւի նստել քո խօսքի, քո պահանջների հետ. «Թող համաշխարհային հանրային կարծիքը մեզ արկածախնդիրներ, ոճրագործներ կամ ահաբեկիչներ կոչէ: Մեր հոգը չէ:

Սա անձնասպանութիւն չէ, ոչ էլ խելագարութեան արտայայտութիւն, այլ՝ մեր զոհաբերումը ազատութեան խորանին…»:

Լիզբոնի սխրագործութիւնը սակայն, պահի տրամադրութեան տակ, ազգասէր 5 երիտասարդների արդարացի ցասման  պոռթկման դրւագ չէր: Այն ունէր գաղափարական ամուր հենք, պատմութեան խորքրեը ձգւող արմատներ, որոնց սնուցանում էր հայկական յեղափոխութեան մեծ ռահվիրան, Վիտոշի Բազէն՝ Քրիստափոր Միքայէլեանը՝ սեփական օրինակով:

1983 թւականի յուլիսի 27-ը հայ մարդու գիտակցութեան մէջ ի պահ տրւած, 1905 թւականի մատի 17-ի ոգու, գաղափարի եւ արժէքների ծլարձագման անմիջական արդիւնքն էր:

Սուլթան Համիդին պատուհասելու նպատակով պատրաստւած ռումբի փորձարկման ընթացքում զոհւած, հայկական յեղափոխութեան մեծ ռահվիրան՝ Քրիստափոր Միքայէլեանը սեփական օրինակով հայոց իրարայաջորդ սերունդներին կտակեց բոլոր ժամանակների համար ուղի լուսաւորող այն անմար գաղափարական փարոսը, որ առկայծեց ու բոցավառեց Լիզբոնի երկինքը 1983 թւականի յուլիսի 27-ին:

Քրիստափորը ոչ միայն սեփական օրինակով ցոյց տւեց, թէ ինչպէս պէտք է ապրի եւ աշխատի գաղափարապաշտ յեղափոխական մարտիկը, այլ, նաեւ, հունաւորեց ուժի միջոցով ազգային իրաւունքներն ու արդարութիւնը իրացնելու պայքարի ուղին եւ ամենակարեւորը՝ բանաձեւեց այդ պայքարին անհրաժեշտ գաղափարական հենքը՝ «ՅԱՐԱՏԵՒ ԿՌՒԻ» տեսութիւնը. «ՅԱՐԱՏԵՒ ԿՌԻՒ-ՅԱՃԱԽ ԵՒ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ, ԳՈՒՑԷ ԱՆՅԱՋՈՂ՝ ՉՆԱՅԱԾ ԵՐԲԵՄՆ ՆՈՅՆԻՍԿ ԻՐ ԼԱՅՆ ԾԱՒԱԼԻՆ – ԱՀԱ ԹԷ Ո՛ՒՐ Է ՄԵՐ ՓՐԿՈՒԹԵԱՆ ԲԱՆԱԼԻՆ: ՊԱՀՊԱՆԵ՛ՆՔ, ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ԿՌԻՒԸ, ՈՐՊԷՍԶԻ ԼԱՅՆԱՆԱՅ, ԸՆԴԱՐՁԱԿՒԻ ԵՒ ԸՆԴԱՐՁԱԿՒԵԼՈՎ՝ ՅԱՐԱՏԵՒԻ: ԱՀԱ՛ ԴԷՊԻ ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ՏԱՆՈՂ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ: ՉՇԵՂՒԵ՛ՆՔ ԱՅԴ ՃԱՆԱՊԱՐՀԻՑ, ՈՐ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ԵՒ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ, ՈՒՆԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ՀԱՍՏԱՏՒԱԾ ՕՐԷՆՔԻ ՈՒԺ: ՉՇԵՂՒԵ՛ՆՔ ԱՅԴ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԻՑ, ՈՐ ՍՓՌՒԱԾ Է ՅՈՒՍԱՏՈՒ ԱՊԱԳԱՅԻ ԳՐԱՒԻՉ ԾԱՂԻԿՆԵՐՈՎ»:

Քրիստափորի այս անմահ պատգամը, բոլոր ժամանակների համար սահմանւած բանաձեւն էր, որ ուղեկցեց հայ ժողովրդի ազտատենչ զաւակներին տասնամեակների ընթացքում՝ Վիտոշից մինչ Լիզբոն, լիզբոնից մինչ Արցախ: Եւ հէնց այդ տեսութիւնն է, որ յատկապէս պէտք է ուղեկցի մեզ, մեր պատմութեան այս դժւարին ու ճակատագրական հանգրւանում:

Վերջին շրջանին ծաւալւած իրադարձութիւնները պարզորոշ ցոյց տւեցին եւ ցոյց են տալիս, որ չի փոխւել թշնամին, որ չի փոխւել ո՛չ Թուրքիայի եւ ո՛չ Ադրբեջանի քաղաքական նպատակներն ու իդէալները, որ ընդամէնը սին պատրանք է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ խաղաղութեան հասնելու, խաղաղ գոյակցելու քաղաքական սնանկ գիծը:

Քրիստափորի «ՅԱՐԱՏԵՒ ԿՌՒԻ» անժամանցելի բանաձեւի տրամաբանութիւնը յուշում է մեզ մեր անելիքը՝ պայքարել մեզ պարտադրւող պայմանների ու սահմանների դէմ:

«ՊԱՏՌԵԼ Է ՀԱՐԿԱՒՈՐ ՎՐԱՅ ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ԱՒԱԶԱԿԱՊԵՏԻ ԿԱՄՔՈՎ ԳԾՒԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ; ՋՆՋԵԼ Է ՀԱՐԿԱՒՈՐ ԱՅՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԵՐԿԵՐԸ, ՈՐՈՆՔ ՄԵԶ ԲԱԺԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՐԻՑ ԵՒ ՈՐՈՆՔ ԱՌՀԱՍԱՐԱԿ ՄՇՏԱԿԱՆ ՉԵՆ, ԻՍԿ ԵՐԲԵՄՆ ՇԱՏ ԿԱՐՃԱՏԵՒ ԵՆ ԼԻՆՈՒՄ: Ո՛Չ ՄԻ ԲՌՆՈՒԹԻՒՆ, Ո՛Չ ՄԻ ՀԱԼԱԾԱՆՔ, Ո՛Չ ՄԻ ՍԱՀՄԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԲԱԺԱՆԵԼ ՄԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԵԹԷ ՆԱ ՏՈԳՈՐՒԱԾ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՀԵՐԻ ԳԻՏԱԿՑՈՒԹԵԱՄԲ, ՈՒՆԻ ՆԱԵՒ ԿՌՒԵԼՈՒ ԱՆՍԱՍԱՆ ՎՃՌՈՂԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԿԱՊՒԱԾ, ՄԻԱՑԱԾ Է ԴԱՐԵՐՈՎ ՍՆՒԱԾ ՈՒ ՊԱՀՊԱՆՒԾ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԶԴՆԵՐԻ ՈՒ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՆԵՐԻ ԱՌՈՂՋ ԶԱՐԿԵՐՈՎ»,- ասել է Քրիստափորը:

Այսպէս է պէտք գործել եւ շաժւել այսօր: Չմոռանա՛նք. Պատմութիւնը հայ ժողովրդին դաժան փորձութիւնների առջեւ ծնկելու եւ ընկրկելու իրաւունք չի վերապահել:

Related Articles

Back to top button