Գաղափարական

ՓԱՌՔ ՁԵԶ

ԺՈՐԺ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

 

Եւ եղաւ որ առաւօտը արիւն բուրեց.

Հինգ ողջակէզ՝

Մեր հին դատի նոր զարթօնքի ֆեդայիներ,

Զոհողութեան գերիմաստով ոգեպնդւած,

Բարձրաճակատ ու անյողդողդ, կամքով արի՝

«Մահ իմացեալ անմահութիւն» խորախորհուրդ

Ասքն իրենց մտքում դաջած,

Հայի անխախտ հաւատքն իրենց հոգուն պսակ՝

Դաշտն իջան գոռ պայքարի,

Հինգ ողջակէզ,

Ազատութեան-անկախութեան դատին զինւոր,

Մահ գրկեցին,

Քայլ առնելով դէպի փառքի զոհասեղան…

Բո՜ւմ… որոտաց ազատութեան ձայնն ահեղ…

Իրարանցում, ցնցում, սարսուռ, դող ու զարզանդ…

Եւ պատմութեան գրքի վրայ բացւեց նոր էջ.

Հայը գիտէ բուռն պայքարել,

Իր պահանջի, իր հին դատի վերարծարծման ճամբին զոհւել,

Նոյնիսկ կեանքն իր հաւատամքի լոյս բագինին զոհաբերել…

Թէ իր հոգում առկայծում է հուրը ազգի,

Երակներում դեռ հոսում է արիւնն Հայկի,

Չի դադարի միշտ հայօրէն բարբառելուց.

Արդարութեան երկրպագու,

Ազատութեան կանչին հլու՝

Չի խնայի իր կեանքն իսկ իր պահանջի, իրաւունքի վերականգնման գոհաբերել…

Հինգ ողջակէզ՝

Արիւնարբու գազանների որջում՝ ընկան,

Հայ հին դատի նոր զարթօնքի ճամբին՝ մատաղ…

Օ՛ն, հայ քաջեր,

Յառաջ, յառաջ,

Արշալոյսը թէկուզ բոսոր, արեան ծարաւ,

Արիւնկզակ մարդակեր մարդագայլի շունչը թէկուզ խեղդող, այրող,

Թէկուզ հայու ծաղիկ կեանքեր յօշոտելու անյագ ծարաւ՝

Թէկուզ արար-աշխարհ իրեն յենակ ու սիւն՝

Զարկէ՛ք անահ, զարկէ՛ք արի,

Ձեր թիկունքին կանգնած է ամբողջ մի ազգ,

Մի ժողովուրդ՝

Որի ծծկեր մանուկից մինչ զառամեալը

Ձեզ է նայում

Նրա սիրտը ձեր զարկով է լոկ բաբախում:

Փա՜ռք ձեզ,

Փա՜ոք ձեր ընտրած ուղուն,

Փա՛ռք ձեզ ծնող ժողովրդին…

(«ԱԼԻՔ» օրաթերթ, Թեհրան, 1983 թւականի յուլիսի 31, Ա էջ)

Related Articles

Back to top button