Ի՞նչ էր անում Ռոստոմը Ստոկհոլմում, 1917 թ. յուլիսին
Վերջերս ՔՊ-ական Ռուբէն Ռուբինեանը ԱԺ-ի ամբիոնից քննադատեց ՀՅԴ-ին, իբրեւ թէ ՀՅԴ-ն երբեք կողմ չի եղել Հայաստանի Անկախութեան գաղափարին։ Գիտակցելով, որ նման քննադատութիւնները դոյզն ինչ չեն դիմանայ ՀՅԴ պատմաքաղաքական փաստարկների հարուստ զինանոցին, այդուհանդերձ ցանկանում եմ ներկայացնել մի ուշագրաւ փաստ եւրոպական աղբիւրից։ Փաստ, համաձայն որի դեռ 1917 թ. ամռանը ՀՅԴ հիմնադիր՝ Ստեփան Զօրեանը, Ռոստոմը (1867-1919 թթ.) ինչպիսի ջանադրութեամբ էր բարձրացնում Հայաստանի Անկախութեան հարցը եւրոպական հարթակներում։
Ռոստոմը 1917 թ. ժամանել է Ստոկհոլմ, Սոցիալիստական երկրորդ ինտերնացիոնալի խորհրդաժողովին մասկացելու եւ հոլանդա-սկանդինաւեան կոմիտէի հետ հանդիպելու նպատակով։ Ահաւասիկ այս հանդիպման մասին ի՞նչ է խմբագրել «Åbo Akademi» եւ Գեօթեբորգի համալսարանների ընդհանուր պատմութեան պրոֆեսոր, ֆինլանդացի Հոլգեր Վայսը՝ հիմնւելով Ֆրեդրիկ Պետերսոնի վկայութիւնների վրայ.
«… 1915 թ. հայերի տեղահանութիւնից եւ դրան յաջորդած ջարդերից յետոյ,- գրում է Վայսը,- հարցը արժանացաւ միջազգային ուշադրութեան, եւ 1917-ին այն մտաւ Ստոկհոլմում ընթացող ժողովի ազգային անկախութեան օրակարգ։ Դաշնակցութեան (Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, ստեղծւած 1890 թ.) առաջնորդ՝ սոցիալիստ Ստեփան Զօրեանը ժամանեց Ստոկհոլմ՝ հոլանդա-սկանդինաւեան կոմիտէի հետ քննարկելու հայ բնակչութեան վիճակը։
«…Եւ յուլիսի 26-ին Զօրեանը հանդիպեց հոլանդա-սկանդինաւեան կոմիտէին: Նա հայ-թուրքական հարցը ներկայացրեց, որպէս «միջազգային հարց», որը կարօտ է լուծման՝ հաշւի առնելով թուրքական տարածքում հայ ժողովրդի ջարդերը։ Սա մասամբ լուծելու համար Զօրեանը պահանջել էր ԼԻԱԿԱՏԱՐ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ (Complete Independence)՝ հիմնւած ազգային ինքնորոշման սկզբունքների վրայ (գլխագրով ընդգծումը մերն է – ԿԽ)»։
(Holger Weiss, Locating the Global – Spaces, Networks and Interactions from the Seventeenth to the Twentieth Century, 2020, pp. 302-303)
Ռուբէն Ռուբինեան, այս փաստը ուղղակի մէջ է բերւել եւրոպական աղբիւրից։ Հետեւաբար աւելի ուշադրութեամբ նկատի առէք, որ ՀՅԴ-ն, ի դէմս իր անզուգական ղեկավար՝ Ռոստոմի Հայաստանի ԼԻԱԿԱՏԱՐ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ հարցը բարձրացել է այն ժամանակ, երբ դեռ Հայաստանի անկախութեան կապակցութեամբ գոյութիւն չունէր որեւէ հեռանկար անգամ, էլ չեմ ասում գործնական որեւէ քայլ, եւ այն ժամանակ, երբ դեռ գոյութիւն չունէին Ազգերի Լիգայի կամ ՄԱԿ-ի նման միջազգային ատեաններ եւ կազմակերպութիւններ։
Լաւ յիշէ՛ք 1917 թ. ամռան անցուդարձերը Ստոկհոլմում, ու յետոյ նոր հնչեցրէք ձեր ֆանտազիաները…
ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆ
ԻԻՀ Խորհրդարանի նախկին պատգամաւոր (2012-2020 թթ.),
պատմական գիտութիւնների թեկնածու
Yerkir.am