
Աչքերում ժպիտ ու շուրթերին երգ՝
Ապրում-շնչում է երգչախմբի հետ,
Կանգնած է բեմի անկիւնում մթին.
Լսի՛ր երգում են զարկերը սրտի՛…
Հայուհու տիպար, հոգով՝ երաժիշտ.
Կողակցի կողքին՝ երէկ, այսօր, մի՛շտ…
«Ալմին»
Իրանահայ երաժիշտ եւ վաստակաւոր երաժշտական դաստիարակ, ուսուցանող Ժենիկ Պետրոսեան-Սուքիասեանը սրանից 40 օրեր առաջ կնքեց իր մահկանացուն:
Ժենիկ ՊետրոսեանՍուքիասեանը ծնւել է 1937 թւականի փետրւարին, Նոր Ջուղայում։
Մանուկ հասակից սիրելով հայ երգերաժշտութիւնը, մասնակցել է Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եկեղեցու երգեցիկ խմբին ու տարիներ կատարել է նաեւ սարկաւագութեան պաշտօնը։
22 տարեկան հասակում 1959 թւականին ամուսանացել է Իրանահայ հանրածանօթ երաժիշտ, երգահան ու խմբավար Տիգրան Սուքիասեանի հետ, եւ միառժամանակ անց տեղափոխւել Թեհրան։
Երգի ասպարէզում զարկ տալով իր գիտելիքներին, 1967 թւականին աշխատանքի է անցել Թեհրանի պետական օպերայի երգչախմբում՝ իբրեւ մեցցո սոպրանօ երգչուհի եւ շարունակել 30 տարի՝ ունենալով մասնագէտ ուսուցիչներ, ինչպէս՝ Հոսէյն Սարշարը, Սուդաբէ Թաջբախշը, Ինգրիդ Ռեզային, Արիա Զանդը եւ իտալացի Քազաթօն։

Ժենիկ ՊետրոսեանՍուքիասեանը մասնակցել է աշխարհահռչակ երգահանների ստեղծագործութիւնների կատարումներին, թւով 28 օպերայի եւ օրատորիոյի։ Ժենիկ Պետրոսեանը պարգեւատրւել է Իրանի երաժշտութեան տան 19-րդ ամենամեայ տօնակատարութեան ժամանակ՝ իր բազմամեայ գեղարւեստական գործունէութեան եւ դասական երաժշտութեանը մատուցած ծառայութիւնների համար։
Նա մասնակցել է նաեւ Թեհրանի Սիմֆոնիկ նւագախմբի երգչախմբին՝ Ֆերէյդուն Նասերիի ղեկավարութեամբ, իսկ ազգային առումով գործօն մասնակցութիւն է ունեցել հետեւեալ երգչախմբերում.
«Կոմիտաս» երգչախումբ՝ Համբարձում Գրիգորեանի ղեկավարութեամբ (12 տարի), Հ.Մ.Ա.Կ.ի «Արարատ» երգչախումբ՝ Վազգէն Փիրջանեանի ղեկավարութեամբ, Հ.Մ.Ա.Կ.ի «Սեւան» երգչախումբ Գուրգէն Մովսիսեանի ղեկավարութեամբ, Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան «Նարեկ» համոյթին՝ Տիգրան Սուքիասեանի ղեկավարութեամբ։
Ժենիկ ՊետրոսեանՍուքիասեանը կարեւոր դեր է ունեցել 1982 թւականի «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան «Զւարթնոց» մանկապատանեկան երգչախմբի կազմաւորման առումով։
Նա թիկունք է կանգնել իր ամուսնուն՝ Տիգրան Սուքիասեանին, Հ. Մ. «Սիփան» միութեան 1979 թւականին հիմնադրւած «Կոմիտաս» երգչախմբի կազմաւորման եւ պահպանման գործում։ Եղել է երգչախմբի ձայնավարժութեան եւ նոտաճանաչման դասարանների ուսուցիչը, դասընթացներին այցելութեան եւ պարապմունքների հրաւիրելով հանրահռչակ դաշնակահարուհի եւ Թեհրանի կոնսերւատորիայի մենեգչուհի Շաքէ Մակարեանին։
Ազգային-հայրենասէր աւեստագէտ Ժենիկ Պետրոսեան Սուքիասեանը ողջ կեանքի ընթացքում զբաղւում էր նաեւ բարեգործական եւ բարեսիրական գործունէութեամբ եւ ոչ մի ջանք չէր խնայում նիւթական եւ բարոյական օժանդակութիւնները հասցնել Հայաստան եւ Արցախ։ Իսկ վերջին տարիներում աչալրջութեամբ հետեւելով «Ալիք» օրաթերթում տպագրւող Հայաստանի եւ Արցախի մասին լուրերին ու անցուդարձերին խորը ցաւ էր ապրում:
Սակայն հիւանդութիւնը աստիճանաբար խլեց նրա երկարամեայ կենսունակութիւնը եւ նա իր մահկանացուն կնքեց 2026 թւականի յուլիսի 2-ին, Թեհրանում։
Փառք եւ յարգանք նրա անվերապահ ինքնանւիրաբերմանը՝ հայ երգի եւ երաժշտութեան նկատմամբ եւ իր հոգատարութեանը՝ սատարելու Հ. Մ. «Սիփան» միութեան «Կոմիտաս» երգչախմբի աշխատանքներին։
Սիրելի տկն. Ժենիկ ձեր յիշատակը միշտ վառ է մնալու Հ. Մ. «Սիփան» միութեան յարկի տակ ի մասնաւորի երգչախմբի երգիչ-երգչուհիների յուշերում։
Ձեր հոգուն խաղախութիւն։
Ժ.Տ.Օ.



