Տօն անւանակոչութեան Լիլաւայի Ս. Սարգիս եկեղեցու եւ նշում՝ կառուցման 181-ամեակի

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Կիրակի, փետրւարի 1-ի առաւօտ ժամը 11:00-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը հանդիսաւոր Սուրբ եւ Անմահ Պատարագ մատոյց Լիլաւա թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում, որը 19-րդ դարում է կառուցւել: Այս առիթով նշւեց եկեղեցու անւանակոչութեան տօնը, եւ յիշատակւեց դրա 181-ամեակը: Խորանին սպասարկեցին բարեշնորհ սարկաւագներ՝ Սեւան Ենովքեանը եւ Առլէն Բադալեանը, իսկ երգեցողութիւնը կատարւեց «Կոմիտաս» քառաձայն երգչախմբի միջոցով, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի: Ս. Պատարագին ներկայ գտնւեցին «Հայկազեան-Թամարեան-Սահակեան» դպրոցի աշակերտները իրենց տեսչութեան եւ ուսուցչակազմի հետ, գլխաւորութեամբ տեսչուհի Սիլւա Աշըղեանի, որոնք եկել էին մասնակից լինելու Սուրբ Պատարագին, եւ լսելու Սրբազան Հօր պատգամը:
Առաջնորդ Սրբազանը իր քարոզում խօսեց Սուրբ Սարգիս հաւատաւոր զօրավարի հոգեկան զօրութեան մասին, որի նմանների կարիքը ունի ամբողջ աշխարհը այսօր. «Պատերազմական սարսափներ, կեանքի արհաւիրքներ, անապահով ապագայի անորոշութիւններ եւ այլ բազմաթիւ դժւարութիւններ մտահոգում են աշխարհի մարդկութեանը, որոնք չեն իմանում ինչպիսի հովանում տակ պահպանւել, եւ որտե՞ղ թաքնւել: Աստծու Աջը ամենազօրեղ հովանին է, եթէ հաւատք ունենք», ասաց Սրբազանը, հաւատացեալների յոյսը դնելով Աստծու եւ նրա սուրբերի վրայ:
Ապա, Սրբազանը խօսելով Լիլաւայի Ս. Սարգիս եկեղեցու անւանակոչութեան 181-րդ տարեդարձի առթիւ, վեր հանեց Ատրպատականի հայոց թեմի հայութեան գիտակից եւ ամբողջական մասնակցութիւնը ազգային-եկեղեցական կեանքին. «181 տարիներ են անցել այն երջանիկ օրւանից, երբ առաջին անգամ Ս. Պատարագ է մատուցւել այս եկեղեցում, որը կանգնեցւել է 1845 թ.-ին, դէպի երկինք սլացող իր գմբէթով, դառնալով թաղամասի հայութեան սրբախորան տունը: Մեր այս եկեղեցու հիւսիսային զանգակատան դռան վրայ ամրացրած մի մարմարեայ արձանագրութիւն, որը հնագոյնն է բոլորի շարքում, սոյն եկեղեցու տեղում գտնւած նախկին մատուռի արձանագրութիւնն է, քանդակւած 1821 թւի ապրիլ ամսում, այսինքն 205 տարիներ առաջ: Այնտեղ կարդում ենք մեր Տիրոջ փառաբանական մի անւանում՝ Տ[էր] Ա[ստւած] Յ[իսուս] Քր[իստոս], իսկ երկրորդ տողում՝ Յիսուսի խաչափայտի վրայ, հռոմէացի կառավարչի գրել տւած՝ Յ[իսուս] Ն[ազովրեցի] Թ[ագաւոր] Հ[րէից] տիտղոսի սղագրեալ ձեւը, (ՅՆԹՀ)»:
Սրբազանը ամփոփ պատմեց նաեւ, թէ ինչպէս, այս Ս. Սարգիս եկեղեցու կառուցումից առաջ, նոյն վայրում էր եղել Լիլաւա թաղամասի հողաշէն եւ փայտածածկ եկեղեցին: Թաւրիզահայ անւանի մեծահարուստ եւ նոյն թաղամասի բարերար Պարոն Աւագի մայրը՝ Նանաջան բաջին դպրոց էր բացել, եւ հայերէն լեզու էր սովորացսրել, հնում Լէյլաբադ անունով ծանօթ նոյն թաղամասի հայ երեխաներին:
Սրբազան Հայրը օրհնեց յիշատակը բոլոր հանգուցեալ առաջնորդներին, քահանաներին եւ սարկաւագաց ու դպրաց դասերին, որոնք իրենց հաւաքական ջանքով կարողացել էին իրենց հաւատքը պահել եւ աղօթանւէր կեանքով զօրացնել թեմը. «Այսօր մենք համեստ շարունակողներն ենք այն նւիրական գործին, որը կատարել են մեր նախնիք: Մեզանից ոմանք նւիրեալ ծառայութեամբ, ուրիշներ փողով, ոմանք աղօթքով ու ազգային եկեղեցական կեանքի մասնակցութեամբ, իրենց հաւատքն են արտայայտում հանդէպ Աստծուն, ազգին ու եկեղեցուն», ասաց Սրբազանը:
Սրբազանը յիշեց 1845 թ.-ին Լիլաւայի հոգեւոր հովիւ Տ. Զաքարիա քհնյ. Տէր Զաքարեանին, որը եկեղեցու շինարարութեան գործում իր կարեւոր դերակատարութիւնն է ունեցել: Նա օրհնեց բոլոր եկեղեցաշէն հանգուցեալների յիշատակը, եւ քաջալերեց բոլորին, որ հոգածու վերաբերմունքով պահապան հանդիսանան համայնքի այս հոգեւոր տան՝ Ս. Սարգիս եկեղեցուն:
Իր քարոզի աւարտին, առաջնորդ Սրբազան Հայրը բարձր գնահատանք յայտնեց եկեղեցու Խնամակալ մարմնին, որոնց ջանքերով վերանորոգւեց եկեղեցին, նոր փայլ տալով ներքին տեսքին: Քարոզից անմիջապէս յետոյ տեղի ունեցաւ «Աղի բլիթ»-ի օրհնութիւն, որպէսզի յատկապէս երիտասարդութիւնը այն ուտելով, տեսնի թէ ո՞վ է այն երանելին, որը ջուր է տալու իրեն, երազի մէջ:
Խնամակալ մարմինը հիւրասիրութեամբ պատւեց բոլոր ներկաներին, եկեղեցու տօնակատարութիւնը նշանակալից ու յիշարժան դարձնելով:






