ԹեհրանՀամայնք

Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը Թեհրանի եկեղեցիներում

Կիրակի, յուլիսի 27-ին, Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշեց մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Այլակերպութեան կամ Պայծառակերպութեան տօնը:

Այս առիթով Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց Ս. եւ Անմահ Պատարգ եւ յաւուր պատշաճի քարոզեցին պատարագիչ հայրերը։

Կրօնական արարողութեանը ներկայ էին, Թեմական խորհրդի, ազգային մարմինների եւ Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները, Քահանայից Դասը եւ հաւատացեալ ժողովուրդ:

   

Քրիստոսի Այլակերպութեան կամ Պայծառակերպութեան տօնը, մեր ժողովրդի կողմից նաեւ ծանօթ է Վարդավառ անունով: Պայծառակերպութիւնը մեր եկեղեցու հինգ տաղաւար կամ ամենամեծ տօներից մէկ է: Տաղաւար տօները այն տօներն են, որոնք ուղղակի կամ անուղղակիօրէն առնչութիւն ունեն Քրիստոսի անձի եւ կեանքի հետ:

Օրւայ աւետարանական հատւածը սկսում է մի հետաքրքիր դրւագով: Այնտեղ կարդում ենք, թէ Յիսուս իր աշակերտներին հարցրեց. «Մարդիկ ի՞նչ են ասում Մարդու Որդու մասին, ո՞վ եմ Ես» (Մտ 16.13): Առաքեալներից իւրաքանչիւրը տարբեր պատասխաներ տւեցին: Մէկը ասաց, որ Դու Յովհաննէս Մկրտիչն ես, միւսը՝ Եղիա մարգարէն: Մէկը ասաց, որ Դու Երեմիա մարգարէն ես, միւսը՝ մարգարէներից մէկը: Ապա Յիսուս հարցրեց. «Իսկ դուք ի՞նչ էք կարծում, ո՞վ եմ Ես» (Մտ 16.15): Պետրոսն ասաց. «Դու Քրիստոսն ես՝ Կենդանի Աստծու Որդին» (Մտ 16.16): Մի քանի օրեր յետոյ, Յիսուս Իր ինքնութիւնը բացայայտելու միտումով, իր աշակերտներից Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին վերցնելով, Թաբօր լեռ բարձրացաւ: Այնտեղ պայծառակերպւեց նրանց աչքերի առջեւ եւ յայտնեց Իր աստւածային ինքնութիւնը:

Ս. Գրիգոր Տաթեւացին տօնի «Վարդավառ» անունը բացատրում է Յիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպէս վարդը մինչեւ բացւելը թաքնւած է իր պատեանի մէջ եւ բացւելով՝ երեւում է բոլորին, այնպէս էլ Յիսուս մինչեւ Այլակերպութիւնն Իր մէջ կրում էր աստւածային էութիւնը եւ պայծառակերպւելով՝ յայտնեց Իր Աստւածութիւնը:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Related Articles

Back to top button