Գուրգէն Պետրոսեան. «Առանց արդարադատութեան խաղաղութիւն չի կարող լինել. Հայաստանը չպէտք է հրաժարւի հայցերից»
Հայ-գերմանական իրաւաբանների ասոցիացիայի նախագահ, միջազգային իրաւունքի մասնագէտ, Էռլանգէն-Նիւրնբերգի համալսարանի դասախօս Գուրգէն Պետրոսեանն այն կարծիքին է, որ խաղաղութեան ամենակարեւոր սկզբունքներից մէկը հէնց արդարադատութիւնն է:
«Չի կարող առանց արդարադատութեան խաղաղութիւն լինել: Մենք բաւականին երկար ժամանակ տեսել ենք այն ոչ արդար գործողութիւնները, որոնք կատարւել են հայ ժողովրդի նկատմամբ, եւ պէտք է օգտւել միջազգային իրաւունքի տւած արդարադատութեան հնարաւորութիւններից: Պէտք է միջազգային իրաւունքի շրջանակներում պարբերաբար այդ գործընթացները բարձրաձայնել և իրաւական գործողութիւններ սկսել: Ադրբեջանի կողմից նախապայմանների բարձրաձայնումն իրենց քաղաքականութեան տեսանկիւնից շահաւէտ է, բայց դա չի նշանակում, որ մենք պէտք է տանուլ տանք, խոյս տանք այդ գործընթացներից, հակառակը՝ մենք իրաւական հիմք ունենք եւ կարող ենք պահանջներ ներկայացնել Ադրբեջանին: Կարող են տարբեր ուղղութիւններով դրանք լինել, օրինակ՝ Միջազգային արդարադատութեան դատարանում գործերը շարունակել, դրանք սնուցել ապացոյցներով:
Մենք պարբերաբար խօսում ենք միջազգային հանրութեան մասին, թէ ինչու գործողութիւններ չեն անում, ես որքան հասկանում եմ ու շփւում եմ իմ միջազգային գործընկերների հետ, իրենք պատկերն ամբողջութեամբ չեն հասկանում, չեն հասկանում՝ ո՞րն է Ադրբեջանի եւ Հայաստանի հիմնական խնդիրը, ի՞նչ դժւարութիւններ ունի Հայաստանը: Նրանք հիմնականում սնուցւում են Ուկրաինայի կողմից՝ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի շրջանակներում, Իսրայէլ-ՀԱՄԱՍ եւ այլ կոնֆլիկտներով, իրենց ուշադրութիւնից մեր հարցը դուրս է գալիս: Դրա համար մեր շփումները դատարանների շրջանակներում գտնւող մասնագէտների հետ պէտք է շատացնել, ամրապնդել այդ կապերը»,- 168TV-ի «Ռէւիւ» հաղորդման ընթացքում ասել է նա:
Միջազգային իրաւունքի մասնագէտը նկատեց՝ Հայաստանը չի կարող հրաժարւել Ադրբեջանի դէմ միջազգային ատեաններում գտնւող հայցերից. «Մենք պարբերաբար պարտւողական վիճակում ենք գտնւում եւ անընդհատ յետքայլ ենք անում, չպէտք է դա լինի: Մենք ունենք հիմք՝ միջազգային իրաւունքի շրջանակում: Այո, պէտք է ռիսկերը գնահատւեն, բայց դու իրաւական հիմքերն ունես, ու դրանք չօգտագործելը ճիշտ չէ»:
Նա այն կարծիքին է, որ Հռոմի ստատուտի վաւերացումը, առաջին հերթին, ՀՀ պաշտպանութեան վերաբերեալ է՝ յետագայ էսկալացիաների ժամանակ որոշակի պաշտպանիչ հիմք է. «Հռոմի ստատուտի պրակտիկան այնպիսին է, որ պետութիւնը պետութեան դէմ հայց չի ներկայացնում, ինչպէս, օրինակ՝ ՄԱԿ Արդարադատութեան դատարանում է կամ ՄԻԵԴ-ում: Այստեղ անդամ պետութիւնը դատախազին ներկայացնում է դիմում, որ ինքը պատրաստ է իր իրաւասութիւնը տրամադրել հետաքննութիւն իրականացնելու համար, այսինքն՝ դատախազին հնարաւորութիւն է տալիս իր տարածքում տեղի ունեցած միջազգային յանցագործների վերաբերեալ հետաքննութիւն անցկացնել: Թէ ով կը լինի դրա պատասխանատուն, դատախազն ինքն է որոշում:
Բայց որպէսզի այդ գործընթացը սկսւի, Հայաստանը պէտք է դիմում ներկայացնի դատախազին, որը դեռեւս չի արւել: Երկրորդ ճանապարհն այն է, երբ տուժողի ներկայացուցիչները զեկոյցներ, վկայութիւններ, ցուցմունքներ են ներկայացնում դատախազին, որպէսզի անկախ անդամ պետութեան համաձայնութեանը կամ անհամաձայնութեանը՝ դատախազն իր նախաձեռնութեամբ գործը սկսի: Երրորդ տարբերակն այն է, որ Հռոմի ստատուտի շրջանակներում այլ պետութիւնն ինքը դիմում ներկայացնի, որ՝ այնտեղ յանցագործութիւն է եղել, դատախազն էլ նայի, թէ ինչ յանցագործութիւն է եղել: Նոյն Ուկրաինայի պարագայում 40 պետութիւն դիմում էր ներկայացրել դատախազին, որ Ուկրաինայում տեղի ունեցած յանցագործութիւնները քննի:
Մեր պարագայում եւս դա կարող է տեղի ունենալ: Սա արդէն դիւանագիտութիւն է, կարողանալ համոզել այլ պետութիւններին, որ դիմում ներկայացնեն: Բայց, ցաւօք սրտի, դատախազի վրայ է դրւած որոշելու, թէ ինչքանով են քննչական գործողութիւնները բխում արդարադատութեան շահերից: Հիմա դա կարող է փոխկապակցւել խաղաղութեան գործընթացի հետ, որովհետեւ պատմութեան մէջ ունենք օրինակներ, երբ միջազգային տրիբունալը խառնւել է կոնֆլիկտի մէջ, բայց արդիւնքում վատացրել է իրավիճակը: Նա նաեւ պէտք է ստուգի, թէ տուժողների ցանկութիւնը որն է, եւ այստեղ երկու բան կա՝ պետութիւնը չի ցանկանում, որ դա արւի, բայց տուժողներն են ուզում, եւ նրանց կամայայտնութիւնը կարող է վեր դասւել խաղաղութէան պրոցեսից եւ պետութեան կամայայտնութիւնից:
Բայց եւս մէկ այլ կարեւոր հանգամանք կա՝ բացի միջազգային քրէական դատախազի գործունէութիւնից, յարկաւոր է, որպէսզի մեր ազգային մարմիններն այդ աշխատանքն անեն, քանի որ ապացուցողական բազա հաւաքագրելն ընկնում է ներպետական ատեանների վրայ»:
Նա նշել է, որ տուժողների կողմից կոմունիկացիան դատախազութիւն այս տարւայ մարտ ամսին արդէն տեղի ունեցել է. «Առաջին գրաւոր դիմումը ներկայացւել է դատախազին, բայց այդպիսի զեկոյցներ նա շատ-շատ է ստանում, եւ յարկաւոր է, որ այլ շրջանակներ նոյնպես դիմեն դատախազին»:
Հարցին՝ խաղաղութեան պայմանագրի բանակցութիւններն ակնյայտ անցնում են Ադրբեջանի սպառնալիքների եւ պահանջների ներքոյ, այս պայմաններում դրա ստորագրումն իրաւական ուժ ունենալո՞ւ է, նա պատասխանել է. «Վիեննայի կոնւենցիայի շրջանակում է այս հարցը. սպառնալիքի տակ ստորագրւած պայմանագրերը չեն կարող գործել, բայց պէտք է հասկանալ այդ սպառնալիքի օգտագործումը եւ ընդունող կողմի… Դա բարդ գործողութիւն է: Բայց սպառնալիքի կիրառումը միջազգային պայմանագրի կնքման դէպքում կարող է բերել դրա առոչնչութեանը»: