Մեդւեդեւը՝ Զելենսկու որոշման մասին. «Եթէ այսպէս շարունակւի, նա շուտով Կանադան էլ կը միացնի»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` Ռուսաստանի «պատմականօրէն ուկրաինացիներով բնակեցւած» տարածքների վերաբերեալ հրամանագիրը «պարզ քարոզչական քայլ է», ասել է ՌԴ Անվտանգութեան խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդւեդեւը։
Իր թելեգրամային ալիքում Մեդւեդեւը գրել է, որ դա «ռազմաճակատում ձախողման հետեւանքով պայմանաւորւած քայլ է»։
«Այստեղ մեկնաբանելու ոչինչ չկայ, քանի որ ուկրաինացիները ռուսներ են, իսկ Մալոռոսիան Ռուսաստանի մաս է։ Ժամանակն է, որ գլխաւոր «ուկրաինացին» հեռանայ: Եթէ այսպէս շարունակւի, նա շուտով Կանադան էլ կը միացնի»,- գրել է Մեդւեդեւը։
Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել «Ռուսաստանի Դաշնութեան պատմականօրէն ուկրաինացիներով բնակեցւած տարածքների մասին»:
Զելենսկու խօսքով՝ այս փաստաթուղթը «պատմական անցեալի մասին ճշմարտութեան վերադարձն է՝ յանուն Ուկրաինայի ապագայի»։
Ըստ Զելենսկու հրամանագրի՝ Ուկրաինան «Ռուսաստանի Դաշնութեան պատմականօրէն ուկրաինացիներով բնակեցւած տարածքներ» է համարում Կուբանը, Ստարոդուբշչինան, Հիւսիսային եւ Արեւելեան Սլոբոժանշչինան՝ ժամանակակից Կրասնոդարի երկրամասի, Բելգորոդի, Բրեանսկի, Վորոնեժի, Կուրսկի, Ռոստովի մարզերի սահմաններում»։
Զելենսկին իր որոշումը բացատրում է նրանով, որ Ռուսաստանը դարեր շարունակ կատարել եւ շարունակում է կատարել գործողութիւններ «ուղղւած ուկրաինացիների ազգային ինքնութեան ոչնչացմանը, նրանց ճնշելուն, նրանց իրաւունքներն ու ազատութիւնները ոտնահարելուն»։
Փաստաթղթում ասւում է, որ Ռուսաստանը, միջազգային պարտաւորութիւններին համապատասխան, պէտք է իր տարածքում ապրող ուկրաինացիներին տրամադրի ուկրաինական լեզւով կրթութիւն ստանալու եւ դրա անարգել օգտագործման իրաւունք, հասանելիութիւն տրամադրի ուկրաինալեզու լրատւամիջոցներին, ինչպէս նաեւ երաշխաւորի քաղաքացիական, սոցիալական, մշակութային եւ կրօնական իրաւունքները։ Ուկրաինայի նախագահը կառավարութեանը եւ միջազգային փորձագէտներին յանձնարարել է մշակել Ռուսաստանում ուկրաինացիների ազգային ինքնութեան պահպանման գործողութիւնների ծրագիր։
Tert.am