Ընկերվար երիտասարդների միջազգային միութիւնը (IUSY) դատապարտում է Բաքւում ընթացող կեղծ դատավարութիւնները

«ԱԼԻՔ»-Յունւարի 17-ից ի վեր Ադրբեջանի Բաքու քաղաքում շարունակւում են կեղծ դատավարութիւններ՝ ուղղւած 16 հայ պատանդների դէմ, որոնց թւում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան բարձրաստիճան քաղաքական եւ զինւորական ղեկավարներ:
Նրանց դէմ առաջադրւած մեղադրանքները՝ սկսած ահաբեկչութիւնից մինչեւ ապօրինի զինւած խմբաւորումների ձեւաւորում, անհիմն են եւ քաղաքականապէս ուղղորդւած: Այս կեղծ դատավարութիւնները հերթական անգամ կոպտօրէն խախտում են միջազգային մարդասիրական իրաւունքը եւ հանդիսանում են հաշւարկւած փորձ՝ ջնջելու Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի պատմական եւ քաղաքական ինքնութիւնը:
Շուրջ 17 ամիս այս անձինք ապօրինի պահւում են կալանքի տակ՝ 2023 թ. սեպտեմբերին Ադրբեջանի դաժան ռազմական արշաւից յետոյ, որի հետեւանքով աւելի քան 120000 էթնիկ հայեր հարկադրաբար տեղահանւել են Արցախից/Լեռնային Ղարաբաղից: Նրանց շարունակական կալանքը, ինչպէս նաեւ Ադրբեջանի՝ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան նկատմամբ սպառնալիքները կազմում են մարդու իրաւունքների եւ միջազգային իրաւունքի ծանր խախտում:
IUSY-ն կոչ է անում միջազգային հանրութեանը, այդ թւում՝ Միաւորւած Ազգերի Կազմակերպութեանը, Եւրոպական միութեանը եւ առնչակից բոլոր շահագրգիռ կողմերին, անյապաղ գործողութիւններ ձեռնարկել, մասնաւորապէս՝
– Պահանջել Ադրբեջանում անօրինաբար պահւող բոլոր հայ քաղաքական բանտարկեալների եւ պատանդների անմիջական ազատ արձակում:
– Ադրբեջանին պատասխանատւութեան ենթարկել պատերազմական յանցագործութիւնների եւ մարդու իրաւունքների շարունակական խախտումների համար՝ միջազգային իրաւական մեխանիզմների միջոցով:
– Պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի աւտորիտար ռեժիմի քաղաքական եւ զինւորական ղեկավարութեան նկատմամբ:
– Ապահովել Արցախի բնիկ հայ բնակչութեան՝ իրենց հայրենիք հաւաքականօրէն վերադառնալու իրաւունքը՝ միջազգային երաշխիքների ներքոյ եւ համաձայն ինքնորոշման հիմնարար իրաւունքի:
– Պահանջել Ադրբեջանի զինւած ուժերի դուրսբերում Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքից՝ պահպանելով նրա միջազգային ճանաչւած սահմանները:
IUSY-ն շարունակում է պաշտպանել Արցախի բնիկ հայ բնակչութեան անքակտելի իրաւունքները, նրանց ինքնորոշման իրաւունքը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան միջազգային ճանաչման գործընթացը:
Որպէս միջազգային կազմակերպութիւն, որը յանձն է առել պաշտպանել բոլոր ժողովուրդների ազատութիւնը, ինքնիշխանութիւնը եւ արժանապատւութիւնը, մենք կը շարունակենք մեր առաքելութիւնը՝ պաշտպանելով ճնշւած ազգերի եւ նրանց հիմնարար իրաւունքները:
Սոցիալիստ (ընկերվար) երիտասարդութեան միջազգային միութիւնը (IUSY) խոշոր միջազգային կազմակերպութիւն է, որն ընդգրկում է սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական եւ աշխատաւորական երիտասարդական միութիւնների: IUSY-ն, որը հիմնադրւել է 1907 թւականին որպէս Երիտասարդական սոցիալիստական ինտերնացիոնալ, այժմ ներկայացնում է 163 անդամ կազմակերպութիւններ 110 երկրներում: Նրա առաքելութիւնը ներառում է երիտասարդութեան ներգրաււածութիւն, զանգւածային ակտիւութիւն, կրթական միջոցառումներ, արշաւներ եւ համաշխարհային շահերի պաշտպանութիւն: ՀՅԴ երիտասարդականը կազմակերպութեան լիիրաւ անդամ է։