Հայկ Դեմոյեան. «Հայոց Ցեղասպանութեան 110-րդ տարելիցը դիմաւորում ենք ամենախայտառակ ու անկումնային իրավիճակում»

«ԱԼԻՔ» – ԳԱԱ Ցեղասպանութեան թանգարան–ինստիտուտի նախկին տնօրէն, պատմաբան Հայկ Դեմոյեանը գրում է.
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ-110
Հայոց Ցեղասպանութեան 110-րդ տարելիցը դիմաւորում ենք ամենախայտառակ ու անկումնային իրավիճակում. Հայոց Ցեղասպանութեան պատմական փաստի ժխտում ՀՀ իշխանութիւնների կողմից, սրբադասւած նահատակների յիշատակի պղծում, եկեղեցու լիակատար լռութիւն, մտաւորականութեան մեծամասնութեան ու յատկապէս պատմաբանների համագործակցութիւն ազգային յիշողութիւնն ու ժառանգութիւնը արժէզրկող ու կեղծող ապիկարների հետ:
Ակնյայտ է նաեւ սփիւռքեան որոշ ինտելեկտուալ շրջանակների բացայայտ հովանաւորչութիւնը ՀՀ-ում անօրինական ճանապարհով իշխանութիւնը զաւթած օտարահաճ գործակալների խմբի հանդէպ: Մի խօսքով, ազգային ողբերգութեան մի նոր արար, որին մասնակցում են բոլորը՝ իրենց ունակութիւնների ու կարողութիւնների ներածին չափով: Ու բոլորը յոյս են տածում, որ իրենց լռութիւնն ու հակապետական, հակազգային գործերն ու վարքը շատ արագ մոռացւելու ու չի յիշւելու… Սին յոյսեր ու պատրանքներ. ամէն ինչ արձանագրւում է՝ յաջորդ սերունդներին փոխանցելու համար:
Մօտ օրերս կը հրապարակեմ մինչ օրս չհանրայնացւած փաստեր՝ Հայոց Ցեղասպանութեան թանգարանում տեղ գտած քստմնելի մի շարք դրւագներով ու կը տեսնէք, թէ հանրութեան շրջանում նկատելի ու ճանաչելի դառնալու անյոյս ճիգեր գործադրող որոշ անձանց ու իրենց հովանաւորների իրական ինքնութիւնները: Սա պարտադիր է, համբերէք մի քանի օր:
Հայոց Ցեղասպանութեան յիշողութիւնն առաջին հերթին անվտանգութեան ու ինքնապահպանութեան հարց է, այլ ոչ թէ սահմանային առեւտրի ու այլընտրանքային արտահանում ապահովելու խնդիր: Մոռանում ես դա, կամ գիտակցաբար մոռացութեան ես տալիս այդ յիշողութիւնը, ուրեմն դատապարտւած ես վերապրելու նոյնը: Սա է պարզ բանաձեւումը: Համատարած ապատիան ու ինքնապահպանութեան կոլեկտիւ բնազդի բթացումը, որը հովանաւորւում է իշխանութիւնների ու նրանցից սնւող ու վճարւող քարոզիչների կողմից, թիրախաւորում են հէնց այդ ինքնապահպանութեան բնազդը:
Սկսելու եմ Հայոց Ցեղասպանութեան թեմայի վերաբերեալ կարճ պատմութիւնների հրապարակումը, որոնք հանրային հասանելի ձեւաչափով կօգնեն հասկանալ տեղի ունեցած ողբերգութեան իրական ծաւալներն ու հետեւանքները: Միաժամանակ յորդորում եմ բոլորիդ միանալ յիշողութեան ու ոգեկոչման մի կարեւոր արարողութեան. մինչ ապրիլի 24-ը որպէս յարգանքի ու յիշատակի տուրք, կարդացէք վերապրողի հինգ յուշագրութիւն: Ընդամէնը հինգ ճակատագիր, որը կօգնի մեզ հասկանալ ու վերարժեւորել մարդկային կեանքն ու մաքառումի սխրանքը, կօգնի մեզ հասկանալու իրական արժէքներն ու դուրս գալ նոր աղէտ նախանշող համազգային թմբիրից:
Վստահեցնում եմ Ձեզ, որ նման յուշագրութիւնների ընթերցումից յետոյ կը փոխւի Ձեր աշխարհընկալումն ու արժէքային համակարգը: Իմ նպատակը սոսկ ընթերցանութիւնը չի: Այսպիսի գրքերի ընթերցումը կը նպաստի այն ընկալման ամրապնդմանը, որ լինելով լիակատար ոչնչացման դատապարտւած տեսակ, իրաւունք չունենք անհանդուրժողականութիւն ու ատելութիւն տածել միմեանց նկատմամբ…Ուղղակի իրաւունք չունենք…
Իսկ դա, յիշէ´ք, այս պահին տարւող պետական քաղաքականութեան կարեւոր մասն է, քանզի ատելութեան ու անհանդուրժողականութեան սերմանումը իշխանութիւն պահելու լաւագոյն մեթոդներից է…»։ Այս մասին հաղորդել է yerevan.today-ը: