Հայաստան - ԱրցախՔաղաքական

Խաղաղութիւնը չի կարող լինել անվտանգութեան հաշւին

Այո, հակամարտութիւնն ու դրանից բխող Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդարձի, օկուպացւած տարածքների ազատագրման եւ միւս հարցերը պէտք է լուծւեն, բայց դա անհնար է առանց այդ հարցերի հիմնարար կարգաւորման եւ այդ հարցերը ծնող պատճառների վերացման։

Իրական խաղաղութեան հաստատման գործընթացում արցախահայութեան հարցի լուծումը ենթադրում է նրանց՝ սեփական հայրենիքում արժանապատիւ, անվտանգ եւ միջազգայնօրէն երաշխաւորւած ապրելու իրաւունքի իրացում։

Հումանիտար հարցերի վերջնական կարգաւորումն անհնար է առանց Բաքւում պահւող մեր բոլոր հայրենակիցների անյապաղ վերադարձի։ Առանց հումանիտար նման հարցերի լուծման անհնար է պատկերացնել իրական խաղաղութիւն։

Խաղաղութիւնն անհնար է առանց Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինւած ուժերի դուրսբերման։

Ինչ վերաբերում է արցախահայերի հաւաքական վերադարձի իրաւունքի եւ Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման օրակարգերի նոյնացմանն ու համահաւասարեցմանը. քաղաքական եւ իրաւական տեսանկիւնից անընդունելի է Արցախի հայերի վերադարձի իրաւունքի նոյնացումը Ադրբեջանի կողմից շրջանառւող «Արեւմտեան Ադրբեջան» թէզի հետ։

Արցախահայերի վերադարձը սեփական բնօրրանում էթնիկ զտման ենթարկւած բնիկ ժողովրդի հիմնարար, միջազգայնօրէն ճանաչւած իրաւունքն է՝ այդ թւում ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի կողմից։

Դրան հակառակ՝ «Արեւմտեան Ադրբեջանի» կոնցեպտը ենթադրում է Հայաստանում որոշակի ժամանակ ապրած եւ իրենց կամքով Հայաստանից հեռացած ու փոխհատուցում ստացած ադրբեջանցիների պարտադրաբար բնակեցում Հայաստանում։

Չնայած դրան՝ Ադրբեջանն այդ ծրագիրն առաջ է տանում պետական մակարդակով, մինչդեռ Հայաստանը պետական մակարդակով ոչ միայն չի խօսում արցախահայերի հաւաքական վերադարձի մասին, այլեւ ամէն կերպ հետապնդում է այդ իրաւունքի մասին բարձրաձայնողներին։

Եթէ ՀՀ գործող իշխանութիւնները մեծ ցանկութիւն ունեն քննարկելու այդ արհեստածին օրակարգը, ապա այն պէտք է հակադրել Բաքւում, Սումգայիթում եւ Ադրբեջանի այլ քաղաքներում ապրած ու ջարդերի արդիւնքում իրենց ծննդավայրը լքած հազարաւոր հայերի իրաւունքների պաշտպանութեան հայեցակարգային մօտեցումներով։

Ամփոփելով՝ իրական խաղաղութիւնն իսկապէս նպատակ է, որին պէտք է ձգտել, բայց խաղաղութիւնը չի կարող լինել անվտանգութեան հաշւին, խաղաղութիւնը պէտք է երաշխաւորի ազգի եւ պետականութեան անվտանգութիւնը, ոչ թէ վտանգի այն։ Ուրեմն մեզ առաջարկւողը ոչ միայն հեռու է խաղաղութիւնից, այլ հակադիր է բուն խաղաղութեան կոնցեպտին:

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Related Articles

Back to top button