ԻրանՔաղաքական

Վարդան Ոսկանեան. «Իրանը ենթարկւում է քարոզչական յարձակման»

«ԱԼԻՔ» – Իրանագէտ Վարդան Ոսկանեանը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նախագահ Ռէյիսիի մահւան հետեւած ժամերին Իրանի դէմ թշնամական ուժերի կազմակերպած քարոզչական արշաւին, որի նպատակն ըստ նրա՝ երկրում ապակայունութիւն սերմանելն է.

«Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառների մասին վերջնական եզրակացութիւնը կը տայ վթարի վայրում այժմ աշխատող մասնագիտացւած խումբը։

Սակայն առաւել ուշագրաւ զարգացումներ են տեղեկատւական տիրոյթում, որտեղ Իրանը ենթարկւում է փաստացի քարոզչական յարձակման այս պետութեան նկատմամբ թշնամաբար տրամադրւած արտաքին ուժերի եւ պանթուրքիստական ներքին ցանցի կողմից։

Եթէ Բաքւի բարբարոսական վարչախումբն ակնյայտօրէն վախենում է սեփական «խօսող գլուխների» մակարդակում թիրախաւորել Իրանը, ապա հէնց վերջինիս եւ իսրայէլական ծպտեալ աջակցութեամբ նկատելիօրէն ակտիւացել է հակաիրանական պանթուրքիստական քարոզչական ցանցն Իրանի ներսում՝ փորձելով ազդել հասարակական տրամադրութիւնների վրայ եւ սերմանել ներքին անկայունութեան ու խառնաշփոթի մթնոլորտ։

Իզուր չէ, որ Իրանի ազգային շահերի տիրոյթում գործող կարծիքի առաջնորդ վերլուծաբաններից նաեւ ուղղակի կոչ է հնչում, այս ամէնը հաշւի առնելով, չէզոքացնելու հակաիրանական այդ ցանցը, որն, ի դէպ, ըստ իրավիճակի գործում է նաեւ հակահայկականութեան տիրոյթում»,- գրել է նա:

Related Articles

Back to top button