Յակոբ Ճաղարեան. ««Խաղաղութեան խաչմերուկ»-ը կապ չունի մեր Հիւսիս-Հարաւի հետ, ընդամէնն Ադրբեջանից Թուրքիա հասնելու չորս նոր ճանապարհ է»
«Խաղաղութեան խաչմերուկ»-ի հարցը խոր ուսումնասիրութիւնների կարիք ունի։ Իրականում սա խաչմերուկ չէ, խաչմերուկն ուղիների հատում է, մէկից միւսին անցում է։ Նոյնիսկ առաջին հայեացքից, կարդալով Փաշինեանի յայտարարած «Խաղաղութեան խաչմերուկ»-ի հիմնական դրոյթները, անմիջապէս կը նկատենք, որ այն մեր հիւսիսային եւ հարաւային երկու հարեւանների՝ Վրաստանի եւ Իրանի հետ որեւէ առնչութիւն չունի։ ՀՀ-ն Վրաստանի հետ ունի երեք անցակէտ՝ Բաւրայում, Գոգաւանում եւ Բագրատաշէնում։ Հարաւում՝ Իրանի հետ ունենք մէկ անցակէտ՝ Ագարակինը, այսինքն՝ Հիւսիս-Հարաւ առանցքում ոչ մի փոփոխութիւն չկայ։ Դրա փոխարէն՝ Փաշինեանի այս ծրագրով ՀՀ-ն բացում է եօթ նոր անցակէտ, երկուսը՝ Թուրքիայի, հինգը՝ Ադրբեջանի հետ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք յայտնեց օդաչու, հրամանատար, աւիացիայի փորձագէտ Յակոբ Ճաղարեանը:
«Առաջարկւում է Ադրբեջանի կողմից Հայաստան մուտքի հնարաւորութիւն տալ ադրբեջանական տրանսպորտային միջոցներին Տաւուշի Կայան, Գեղարքունիքի Սոթք, Սիւնիքի Կոռնիձոր եւ Նռնաձոր, նաեւ՝ Արարատի Երասխ բնակավայրերի մօտակայքում։ Երկու նոր անցակէտ է նախատեսւում Թուրքիայի հետ սահմանին՝ Մարգարայի եւ Ախուրիկի մօտակայքում։ Փաստօրէն, դա ոչ թէ մեր գլխաւոր ճանապարհի՝ Հիւսիս-Հարաւի հետ կապ ունի, այլ Ադրբեջանից Թուրքիա հասնելու չորս նոր ուղիների հանրագումարն է։ Փաշինեանի առաջարկած ծրագրում յայտարարւում է, որ երկրները պիտի այդ փոխադրումները կատարեն իրենց ենթակայութեամբ կառավարման եւ ստուգման միջոցով, նախատեսւում է թեթեւացնել մաքսային ստուգումները»,- ասաց նախկին աւիատորը:
«Փաստօրէն, Ադրբեջանն ամբողջութեամբ սահմանափակել էր Արցախի 120 հազարանոց բնակչութեան հետ բոլոր կապերը, ապա նրանց վտարանդի դարձրեց, եւ երբ այնտեղ դեռեւս պահւում են հայ ռազմագերիներ, Հայաստանը պատրաստ է առաջարկել թեթեւացւած մաքսային յարաբերութիւններ այս երկրի հետ։ Դրան զուգահեռ՝ Ադրբեջանը բազմիցս խօսել է եւ նոյնիսկ ՄԱԿ-ին դիմումներ է գրում հետեւեալ տեքստով՝ «Արեւմտեան Ադրբեջանի»՝ այսօր Հայաստան կոչւող տարածք»։ Ասում են, թէ ադրբեջանցի փախստականներ պիտի վերադառնան, նրանք պիտի ապրեն՝ որտեղ ցանկանան, եւ Հայաստանի Սահմանադրութիւնը պէտք է համաձայնեցւի այս դրոյթների հետ։ Ադրբեջաներէնը Հայաստանում պէտք է դառնայ պետական լեզուներից մէկը։ Պիտի տեղակայւեն այստեղ վերաբնակեցւած ադրբեջանցիների անվտանգութիւնն ապահովող եւ նրանց կողմից ընկալելի զինւած ուժեր, ասենք՝ Պակիստանի, Ինդոնեզիայի, Թուրքիայի, Հունգարիայի, մինչեւ այդ վերաբնակները կունենան ինքնապաշտպանութեան բաւարար հնարաւորութիւններ»,- նշեց նախկին օդաչուն:
Ճաղարեանի կարծիքով՝ փաստօրէն՝ սա ՀՀ ինքնիշխան կարգավիճակի հանդէպ ոչ միայն ոտնձգութիւն է, այլեւ ուղիղ յարձակում. «Այս ամէնը չի կարող մէկ հոգու գլխում ծնւել, այս խնդիրը պէտք է մասնագիտօրէն լուրջ վերլուծել, ոչ թէ Փաշինեանի մտքով անցածը յայտարարել եւ ընդունել՝ որպէս ծրագիր։ Մեր Սահմանադրութիւնը չի թոյլատրում մէկ հոգու կողմից որոշումներ ընդունել ամբողջ պետութեան փոխարէն, յայտարարութիւններ անել ամբողջ ժողովրդի անունից։ Այդ ճանապարհներից պէտք է օգտւեն՝ ինչպէս միջազգային, այնպէս էլ՝ տեղական փոխադրողները։ Պատկերացնենք՝ ադրբեջանական մեքենան վրաերթի է ենթարկել, օրինակ, արցախցի մի ընտանիքի։ Ինչո՞վ կաւարտւի սա։ Պատկերացնենք, որ առայժմ Ադրբեջանում գտնւող մի ռազմագերու ընտանիքի մեքենայ բախւում է ադրբեջանական մեքենայի։ Սա կոնկրետ սադրանք է՝ սանձազերծելու հերթական պատերազմը»:
«Ասում են, թէ իբր տնտեսական կապերով կը գնան խաղաղութեան։ Տնտեսական ինտեգրացիան երբեք չի խանգարել պատերազմների սկսւելուն։ Որքա՜ն ինտեգրւած էր Եւրոպան Առաջին կամ Երկրորդ Աշխարհամարտից առաջ, բայց դա չկանգնեցրեց պատերազմները։ Ռուսական եւ ուկրաինական տնտեսութիւններն իրար ինտեգրւած էին անգամ 2014-ին Ղրիմի եւ Դոնբասի բռնակցումից յետոյ։ Այդ ամէնը չխանգարեց, որ պատերազմ սկսւի»,- ամփոփեց Յակոբ Ճաղարեանը: