Հայաստան - ԱրցախՔաղաքական

Իշխան Սաղաթէլեան. «Ընտրութիւնները կեղծելուց աւելի մեծ յանցագործութիւն է ընտրութեան արդիւնքների հետ հաշւի չնստելը»

«ԱԼԻՔ» – «Ընտրութիւնները կեղծելուց աւելի մեծ յանցագործութիւն է ընտրութեան արդիւնքների հետ հաշւի չնստելը եւ դրանց արդիւնքները սեփական քմահաճոյքով խմբագրելու փորձերը»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը՝ շարունակելով.

«Այսօր Յովհաննավանքում տապալւած շոուի նման, որի համար գործի էր դրւել ողջ վարչական համակարգն ու իշխանական ռեսուրսը, վերջին տարիներին ՀՀ-ում անցկացւող ընտրութիւններին Փաշինեանը նախ գործի է դնում ողջ իշխանական ռեսուրսը, սպառնում, խոչընդոտում ընդդիմադիրների քարոզարշաւին, դրանով հանդերձ, այն տեղերում որտեղ չի գրանցում ցանկալի արդիւնքներ, հետապնդում է արդէն ընտրւած ոչ իշխանական համայնքապետերին:

Ասածիս օրինակները բազմաթիւ են՝ Վանաձոր, Ախուրեան, Գորիս, Սիսիան, Բերդ, վերջին օրերին արդէն Գիւմրի ու Մասիս:

Գիւմրիում այս օրերի ընթացքում ձերբակալւել է երեք տասնեակից աւել մարդ, որոնց մեծ մասն արդէն կալանաւորւել է։ Գիւմրեցիներին դատապարտում են կեղծ մեղադրանքներով, որովհետեւ նրանք «յանցագործութիւն» են գործել, հանդգնել են պաշտպանել իրենց քւէն, ունենալ  քաղաքացիական դիրքորոշում։

Կալանաւորւածների մէջ կան անչափահասներ, կանայք, աւագանու անդամներ, քաղաքապետարանի աշխատակիցներ։ Դա է «ժողովրդավար» Նիկոլի իրական դէմքը, շարունակ խօսել ժողովրդից եւ ժողովրդավարութիւնից, բայց իրականում լինել սեփական ժողովրդի եւ ժողովրդավարութեան թշնամի։ Մեր խմբակցութեան պատգամաւորներն  այս օրերին այցելել են կալանաւորւածներին փորձելով մեր լիազօրութիւնների շրջանակներում օգտակար լինել։

Այս ամէնն ունի մէկ նպատակ զաւթել Գիւմրու քաղաքապետարանը եւ նշանակել քաղաքապետի դրածոյ։

Յուսով եմ՝ Գիւմրու աւագանու ընդդիմադիր խմբակցութիւնները կը գտնեն լուծումներ դա թոյլ չտալու համար, իսկ մենք բոլոր ուժերով այս հարցում կանգնած ենք նրանց կողքին»:

Related Articles

Back to top button