Հայաստան - Արցախ

Իշխան Սաղաթէլեան. «Ակնյայտ սեղանին դրւած է հայ ժողովրդի ինքնութեան վերացման հարցը»

Առաջիկայում զարգացումների 3–4 սցենար կայ, որ սցենարն էլ Փաշինեանը ընտրի, դրա դէմը պէտք է առնել: Այս մասին News.am-ին տւած հարցազրոյցում ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը:

Ակնյայտ սեղանին դրւած է հայ ժողովրդի ինքնութեան վերացման հարցը: Ասել է Իշխան Սաղաթէլեանը՝ անդրադառնալով ՀՀ Սահմանադրութիւնը փոխելու հետ կապւած Ադրբեջանի յայտարարութիւններին:

«Այս խնդրում թուրք-ադրբեջանական տանդեմին ամէն կերպ աջակցում է Հայաստանի իշխանութիւնը: Սրանք վաղուց հայկական իշխանութիւն չեն ու սպասարկում են Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը, որովհետեւ այն բոլոր պահանջները հայկական ինքնութեան վերացման, որ դրւած են այդ երկու պետութիւնների կողմից, սրանք գրաւոր կամ բանաւոր պայմանաւորւածութեամբ իրականացնում են:

Նիկոլ Փաշինեանը մեր հասարակութեանը մոլորեցնում է, թէ Ադրբեջանի հետ բանակցում է խաղաղութեան պայմանագրի շուրջ, նախընտրական շրջանում մարդկանց խոստացել է բացել խաղաղութեան դարաշրջան, դրանից յետոյ ունեցել ենք 3 պատերազմական գործողութիւններ, նոր կորուստներ, Արցախի հայաթափում, Ադրբեջանի զօրքերը գտնւում են մեր ինքնիշխան տարածքում, հիմա արդէն անցել են մեր ներքին կեանքին վերաբերող հարցերին:

Այսինքն՝ փոխէք Սահմանադրութիւնը, Սահմանադրութիւնից վերացրէք Անկախութեան Հռչակագիրը, որտեղ շատ յստակ յղում կայ Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը եւ Արցախին: Այստեղ դժբախտութիւնը այն է, որ հայաստանեան իշխանութիւնները ադրբեջանական թէզերը փորձում են հիմնաւորել հայ հասարակութեան մէջ: Դրանից յետոյ շարունակելու են այս պահանջները, նոյնիսկ կարող են ասել, որ փոխէք Հայաստանի այբուբենը, հիմնը, զինանշանը, եկեղեցու հանդէպ վերաբերմունքը եւ այլն»,- ասել է նա:

Սաղաթէլեանը նշել է, որ պէտք է ճիշտ վերլուծել իրավիճակը, հասկանալ, թէ ինչ վտանգի առաջ է երկիրը կանգնած եւ միասնաբար այս ամենի դիմացն առնել:

Related Articles

Back to top button