ԹեհրանՀամայնք

Գիտական այց «Ամիրքաբիր» տեխնոլոգիական համալսարան՝ հայ աշակետները ապագայ մասնագիտութիւնների ճանաչման ճանապարհին

Ամէն տարի Իրանի Պետական համալսարաններ աշակերտների այցելութեան ծրագիրն անցկացւում է «Մէկ օր համալսարանի հետ» խորագրով։ Այս ծրագրի շրջանակներում Թեհրանի «Ամիրքաբիր» տեխնոլոգիական համալսարանի Մշակութային եւ հասարակական հարցերի վարչութեան նախաձեռնութեամբ իրականացւեց գիտաճանաչողական ծրագիր։

Այս տարի Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի «Մէկ օր համալսարանի հետ» միջոցառումը նախատեսւած էր անցկացնել իրանական մեհր ամսւայ 4-ին (սեպտ. 26-ին)՝ ուսումնական տարւայ մեկնարկին զուգահեռ։ Սակայն Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհուրդը նպատակայարմար էր համարում դպրոցների բացւելուց առաջ հայկական դպրոցների միջնակարգ օղակում սովորող աշակերտների համար կազմակերպել գիտական ու ճանաչողական այցելութիւն՝ օգտւելով համալսարանի ծրագրի կազմակերպման հնարաւորութիւններից։

Այս ուղղութեամբ Սերժ Եղիազարեանը, ով «Ամիրքաբիր» տեխնոլոգիական համալսարանի դոկտորական աստիճանի ուսանող է, միեւնոյն ժամանակ նաեւ հանդիսանում է Կրթական խորհրդի անդամ, առաջարկեց համագործակցութիւն հաստատել Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի եւ համալսարանի ղեկավարութեան, համապատասխան վարչական ու գիտական ստորաբաժանումների միջեւ։

Կիրակի, սեպտեմբերի 20-ին, Կրթական խորհրդին հնարաւորութիւն ընձեռնւեց կազմակերպել հայոց ազգային «Արաքս», «Թունեան-Թովմասեան», «Մարի Մանուկեան», «Նայիրի-Սողոմոնեան», «Մարիամեան» դպրոցների շուրջ 40 աշակերտների այցելութիւնը Թեհրանի «Ամիրքաբիր» տեխնոլոգիական համալսարան։

Կրթական խորհրդից այցելութեանը ներկայ էին՝ ատենապետ՝ Կարինէ Բալըքճեանը, փոխատենապետ՝ Քլարա Աղախանեանը, խորհրդի անդամներ՝ Սերժ Եղիազարեանը եւ Կարինէ Մանուչերեանը։

Ծրագրի շրջանակում աշակերտներն այցելեցին Ամիրքաբիրի տարբեր ֆակուլտետներ եւ համալսարանի Գիտութեան ու տեխնոլոգիաների պարկ՝ ծանօթանալով համալսարանական ու գիտական միջավայրին, լաբորատորիաներին, գիտահետազօտական աշխատանքներին եւ նորարարական կենտրոններին։

Այս բացառիկ այցի ընթացքում նրանք ծանօթացան մեխանիկական, էլեկտրատեխնիկական, կենսաբժշկական եւ քաղաքացիական ճարտարագիտութեան ոլորտներին, այցելեցին համալսարանի կենտրոնական գրադարան, լաբորատորիաներ, ինչպէս նաեւ ծանօթացան ռոբոտատեխնիկայի, տեղեկատւական տեխնոլոգիաների եւ արհեստական բանականութեան ուղղութիւններով գործող տեխնոլոգիական ընկերութիւնների գործունէութեանը։

Այցը աշակերտներին հնարաւորութիւն տւեց ընդլայնելու իրենց պատկերացումները ժամանակակից գիտութեան եւ տեխնոլոգիաների մասին, բացայայտելու նոր մասնագիտական հետաքրքրութիւններ եւ առաւել յստակ կողմնորոշւելու ապագայ կրթական ու մասնագիտական ուղու ընտրութեան հարցում։

Աշակերտները մեծ ոգեւորութեամբ ու տպաւորութեամբ հեռացան համալսարանից՝ իրենց հետ տանելով ստացած նոր գիտելիքներն ու տեղեկութիւնները, նոր հետաքրքրութիւններ եւ ներշնչանք՝ ապագայ մասնագիտական ուղու ընտրութեան հարցում առաւել յստակ պատկերացում կազմելու համար։

Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարան (Թեհրանի պոլիտեխնիկ)

Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանը (Թեհրանի պոլիտեխնիկ) Իրանի առաջատար տեխնիկական եւ ճարտարագիտական համալսարաններից մէկն է։ Համալսարանն իր ներկայիս ձեւով գործունէութիւնը սկսել է 1307 թ. (1928 թ.)՝ «Թեհրանի պոլիտեխնիկ» անւան ներքոյ, իսկ 1357 թ. (1979 թ.) անւանափոխւել է՝ դառնալով Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարան։

Համալսարանի սկզբնական ակունքները կապւում են 1230 թ. (1851 թ.) հիմնադրւած Դար օլ-Ֆոնունի բարձրագոյն դպրոցի հետ։ Հէնց այս պատմական կապով է բացատրւում նաեւ հետագայում համալսարանն Ամիրքաբիրի անւամբ կոչելու հանգամանքը։

Դար օլ-Ֆոնունը համարւում է Իրանի առաջին ժամանակակից տեխնիկական կրթական հաստատութիւններից մէկը, որի փորձը հետագայում նպաստեց Թեհրանի պոլիտեխնիկի ձեւաւորմանը։ Վերջինս Իրանի տեխնիկական եւ ճարտարագիտական բարձրագոյն կրթութեան ամենահին եւ փորձառու հաստատութիւններից է։

Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի Գիտութեան եւ տեխնոլոգիաների պարկ (Աբու Ալի Սինայի մասնաշէնք)

Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի Տեխնոլոգիաների կառավարման եւ նորարարութեան զարգացման կենտրոնը համալսարանի Գիտահետազօտական եւ տեխնոլոգիական հարցերով փոխնախագահութեան ենթակայութեամբ գործող կառոյցներից է։

Այս կառոյցի հիմնական նպատակն է նորարարական գաղափարներն ու գիտական ձեռքբերումները վերածել երկրի կարիքներին համապատասխան տեխնոլոգիաների եւ արտադրանքի, ինչպէս նաեւ նպաստել գիտելիքահեն ընկերութիւնների ստեղծմանն ու զարգացմանը։

Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի կենտրոնական գրադարան

Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի կենտրոնական գրադարանը կարեւոր ուսումնական եւ գիտահետազօտական կենտրոն է։

Գրադարանի ներկայիս շէնքը կառուցւել է 1388 թ. (2009 թ.)՝ Թեհրանի քաղաքապետարանի աջակցութեամբ։ Այն ունի շուրջ 16 հազար քառակուսի մետր տարածք եւ 9 յարկ՝ ընթերցասրահներով, մասնագիտական գրականութեան եւ գիտական աշխատանքների հաւաքածուներով։

Գրադարանում գործում է էլեկտրոնային որոնման եւ գրքերի նախնական ամրագրման համակարգ։ Կենտրոնական գրադարանից բացի, համալսարանի ֆակուլտետներն ունեն նաեւ իրենց մասնագիտական գրադարանները։

Թ. Հ. Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Related Articles

Back to top button