
Երկուշաբթի՝ օգոստոսի 24-ի երեկոյեան, Նոր Ջուղայի ազգային առաջնորդարանում նորընտիր Թեմական խորհուրդը հանդիպում ունեցաւ «Կոմիտաս» երգչախմբի վարչութեան հետ։
Վարչութեան նախագահ Ռազմիկ Ալեքսանդրեանը շնորհաւորանքի խօսք փոխանցեց Թեմական խորհրդի անդամներին՝ մաղթելով ուժ, կորով եւ յաջողութիւններ՝ իրենց պատասխանատու աշխատանքում։
Այնուհետեւ խորհրդակցութիւն ծաւալւեց երգչախմբի ներկայ կացութեան, դժւարութիւնների եւ յետագայ ծրագրերի վերաբերեալ։
Անհրաժեշտ նկատւեց նոր տնօրինումներով ներգրաւել երիտասարդներ՝ երգչախմբին նոր շունչ, եռանդ եւ շարունակականութիւն հաղորդելու նպատակով։ Միաժամանակ կարեւորւեց երգչախմբի անդամների միջեւ աւելի մտերմիկ եւ համերաշխ յարաբերութիւնների ստեղծումը, որպէսզի հնարաւոր լինի վերականգնել համերգները՝ նոր թափով ներկայանալով համայնքին։
Թեմական խորհուրդը շեշտեց, որ նախքան որեւէ համերգային ծրագրի կազմումը կամ փորձերի իրականացումը անհրաժեշտ է հաշւի առնել երկրի ներկայ պայմանները, ինչպէս նաեւ գործող արտօնութիւնների եւ համապատասխան համակարգի պահանջները։
Այս փուլում նպատակայարմար համարւեց աշխատանքը կենտրոնացնել հայ հանդիսատեսի մասնակցութեան վրայ եւ համագործակցել հայկական նւագախմբերի ու երաժշտական խմբերի հետ՝ ստեղծելով իրատեսական, կայուն եւ հնարաւորութիւններին համապատասխան ծրագրեր։ Այս մօտեցումը հնարաւորութիւն կը տայ պահպանելու երգչախմբի գործունէութեան շարունակականութիւնը եւ քայլ առ քայլ վերականգնել նրա ներկայութիւնը համայնքի մշակութային կեանքում։
Իր հերթին Թեմական խորհուրդը նկատի առնելով «Կոմիտաս» երգչախմբի կարեւոր դերը համայնքի մշակութային կեանքում, ինչպէս նաեւ նրա 50-ամեայ վաստակն ու անցած ուղին՝ յայտնեց իր լիակատար պատրաստակամութիւնը՝ ամէն կերպ հովանաւորելու եւ աջակցելու երգչախմբին՝ նրա առաքելութիւնը շարունակելու, գործունէութիւնը վերականգնելու եւ համայնքի մշակութային կեանքում նրա արժանի տեղը պահպանելու ու ամրապնդելու համար։
ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊ



