ԱտրպատականՀամայնք

Ատրպատականի հայոց թեմում ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի 2026 տարւայ հռչակագիրը

Ատրպատական, ազզային առաջնորդարան, Թաւրիզ – Կիրակի, 11 յունւարի 2026-ի առաւօտեան ժամը 11:00-ին, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում, Թաւրիզում եւ Ուրմիայում մատուցւած Ս. պատարագների ընթացքում ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի տարեկան հռչակագիրը, 2026 թիւը «Հոգեւոր կեանքի վերանորոգման տարի» ներկայացնող:

Թաւրիզի Լիլաւա թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում մատուցւած Ս. եւ Անմահ Պատարագի ընթացքում, «Հայր մեր»-ից առաջ Նորին Սրբութեան Կոնդակը խորան բարձրացւեց, եւ Թեմակալ առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի միջոցով ընթերցւեց ներկայ հաւատացեալներին:

Նորին Սրբութիւնը Հայոց եկեղեցու առօրեայ կեանքը վրդովող երեւոյթների գծով, ու յատկապէս Մայր հայրենիքում եկեղեցի-պետութիւն բախումնային ժամանակահատւածի բարդոյթների հոգեւոր լուծումների առաջադրանքով է գրել իր հայրական պատգամը, եկեղեցին բարենորոգելու կոչ ուղղելով բոլորին՝ հոգեւորականներից սկսեալ մինչեւ աշխարհական անձերին:

Վեհափառ Հայրապետը յատկապէս ընդգծում է մեծ կարեւորութիւն ընծայել գործնական միջոցների: Նա հերթաբար տողադրել է աշխատանքային ծրագրեր, եկեղեցիների համայնքային կեանքում աշխուժացնելու դաստիարակչական գործունէութիւն, երիտասարդութիւնը ուղղակի մասնակից դարձնելու հայրական խօսք ուղղելով եկեղեցական ու ազգային բոլոր կառոյցներին, որոնք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հովանաւորութեան տակ են գտնւում:

Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում Նորին Սրբութեան պատգամը ընթերցեց Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը: Տէր Հայրը կէտ առ կէտ ընթերցելով Վեհափառ Հայրապետի պատգամը, ուրմիահայութեան ներկայ անձերին հաղորդակից դարձրեց Նորին Սրբութեան եկեղեցաշէն ու ազգաշէն ծրագրերին:

Թեմի երկու համայնքներում, առաջիկայ ամիսների ընթացքում Միութենական աշխատանքներով վերլուծութիւններ են իրականացւելու, աւելի մօտկից ծանօթանալու եւ մասնաւոր քննարկման ենթարկելու Վեհափառ Հայրապետի կատարած հայրական առաջարկները, բոլոր ծրագրերին մասնակից դարձնելով յատկապէս երիտասարդութիւնը:  

Related Articles

Back to top button