ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Իրանի դեսպանը՝ TRIPP նախագծի մասին. «Հայ գործընկերները մեզ վստահեցրել են, որ Հայաստանը երբեք չի դառնայ սպառնալիքի աղբիւր Թեհրանի համար»

ՀՀ-ում՝ ԻԻՀ նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին վստահեցնում է, որ Հայաստանի եւ Իրանի համագործակցութիւնը տարբեր ոլորտներում արագ տեմպերով առաջ է գնում։ Նրա գնահատմամբ՝ տնտեսութեան, առեւտրաշրջանառութեան եւ համատեղ իրականացող նախագծերում փոխգործակցութիւնը ցայտուն կերպով երեւում է։

Հայաստանում Իրանի դեսպանն այդ մասին ասել է «Արմէնպրես»-ին տւած հարցազրոյցում։

Հարցազրոյցի ընթացքում դեսպանն անդրադարձել է Հայաստանի եւ Իրանի յարաբերութիւնների ներկայ փուլին, երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերութեան փաստաթղթի ստորագրման հաւանական ժամկէտներին, TRIPP նախագծի վերաբերեալ Իրանի դիրքորոշմանը, Իրանի գործընկեր երկրների համար 25 տոկոս մաքսատուրք սահմանելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հնարաւոր ազդեցութեանը Հայաստանի եւ Իրանի միջեւ տնտեսական համագործակցութեան վրայ եւ այլ հարցերի։

 Պարոն դեսպան, ինչպե՞ս էք գնահատում հայիրանական յարաբերութիւնների ներկայ փուլը։

– Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Թախթէ Ռաւանչին օրեր առաջ Երեւանում էր։ Այցի շրջանակում նա հանդիպումներ ունեցաւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյեանի, ՀՀ ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանի եւ փոխարտգործնախարար Վահան Կոստանեանի հետ։

Այցի հիմնական նպատակն այն էր, որպէսզի յստակեցւի եւ սահմանւի 2026 թւականի ընթացքում երկկողմ յարաբերութիւնների ճանապարհային քարտէզը։ Պլանաւորելու ենք նաեւ ընթացիկ տարում բարձրաստիճան պաշտօնեաների փոխայցերը։ Այցի շրջանակում խօսւել է այն նախագծերի մասին, որոնց վրայ պէտք է աշխատենք, եւ որոնք պէտք է իրականացւեն 2026 թւականին։ Այսօր ամենակարեւոր հարցը երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերութեան մասին համապատասխան փաստաթղթի պատրաստումն է։ Յոյս ունենք, որ այն կը ստորագրւի այս տարի։ Երկուստեք համագործակցութիւնը տարբեր ոլորտներում արագ տեմպով առաջ է ընթանում։ Տնտեսութեան, առեւտրաշրջանառութեան եւ համատեղ իրականացւող նախագծերում փոխգործակցութիւնը ցայտուն կերպով երեւում է։ Մենք սպասում ենք, որպէսզի ստորագրւի Քաջարանի թունելի շինարարութեան գործողութիւնների համապատասխան պայմանագիրը, քանի որ մրցոյթում յաղթել է իրանական ընկերութիւնը։

Տարբեր հարցերի վերաբերեալ, ինչպէս նաեւ դրանց ուղղութեամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու առումով իրականացնում ենք ուսումնասիրութիւններ։ Վստահ ենք, որ մեր երկրների միջեւ յարաբերութիւնները, որոնք ներկայ փուլում հասել են շատ բարձր մակարդակի, պէտք է ինստիտուցիոնալիզացւեն։

 Որպէս նորանշանակ դեսպան՝ ի՞նչ քայլեր էք ձեռնարկելու հայիրանական յարաբերութիւնները խորացնելու նպատակով։

– Անմիջական ջանքեր կը գործադրեմ, որպէսզի ռազմավարական գործընկերութեան մասին պայմանագիրը շատ օպերատիւ կերպով կեանքի կոչւի, այլ ոչ թէ մնայ թղթի վրայ։ Փոխգործակցութեան ցանկացած ոլորտում համատեղ ներուժն աւելի զարգացնելու հնարաւորութիւնները մեծ են։ Տարանցման ոլորտում նոյնպէս կարող ենք շատ լաւ համագործակցել։ Պէտք է աշխատենք նաեւ այն ուղղութեամբ, որպէսզի մեր երկրների միջեւ երկաթուղային կապը նոյնպէս գործի, հիմնւեն համատեղ նոր արտադրութիւններ, անխոչընդոտ գործի ազատ առեւտրի գօտին, որպէսզի էներգետիկայի ոլորտում լինի աւելի լուրջ համագործակցութիւն, խթանւի տուրիզմը եւ համագործակցութիւնը նաեւ գիտակրթական ոլորտում։  

Դուք նշեցիք, ռազմավարական գործընկերութեան փաստաթղթի մասին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում արդէն իսկ պայմանաւորւածութիւն ձեռք բերւեց երկու երկրների յարաբերութիւնները բարձրացնել ռազմավարական գործընկերութեան մակարդակի։ Այդուհանդերձ կոնկրետ ե՞րբ կարելի է ակնկալել փաստաթղթի ստորագրումը։

– Այս պահին փաստաթուղթը պատրաստւում է։ Երկու կողմերն էլ ունեն որոշ գաղափարներ։ Անում ենք ամէն ինչ, որպէսզի ամբողջականացւեն երկկողմ գաղափարները, եւ ի վերջոյ ստանանք ամփոփ տեքստ։ Կարծում ենք, որ այդ փաստաթուղթը նոյնպէս կը ստորագրւի ամենաբարձր մակարդակի երկկողմ հանդիպման ժամանակ։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ 25 տոկոս մաքսատուրք է սահմանում այն երկրների համար, որոնք Իրանի հետ բիզնես կը վարեն։ Ի՞նչ ազդեցութիւն կարող է սա ունենալ Հայաստանի եւ Իրանի տնտեսական համագործակցութեան վրայ։ Արդեօք այս պայմաններում հնարաւոր կը լինի՞ մօտ ապագայում հասնել երկու երկրների սահմանած նշաձողին՝ տարեկան 3 միլիարդ դոլարի առեւտրաշրջանառութեանը։

– Նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ չէ, որ ձեռնարկում է նմանօրինակ գործողութիւններ։ Պաշտօնավարման առաջին շրջանում էլ նա Իրանի դէմ առաւելագոյն ճնշում գործադրեց։ Նախագահները գալիս ու գնում են, սակայն Հայաստանի ու Իրանի միջեւ բարեկամութիւնը յարատեւ է։ Իրանն ունի բազմակողմանի, հզօր տնտեսութիւն եւ մեծապէս սովորել է աշխատել բարդ պայմաններում։ Հէնց հիմա էլ մեր գործընկերների հետ աշխատում ենք Դոնալդ Թրամփի դաժան ու ծանր պատժամիջոցների պայմաններում։ Նախեւառաջ նրան կոչ ենք անում, որպէսզի վերջ տայ անհեռանկարային եւ անշրջահայեաց քաղաքականութեանը։ Յայտարարում ենք նաեւ, որ գործընկերների հետ շարունակելու ենք համագործակցութիւնը, որը հիմնւած է փոխադարձ շահերի վրայ։

Կարեւորը քաղաքական կամքն է, որն ունենք մենք եւ մեր գործընկերները, որպէսզի շարունակենք զարգացմանը միտւած փոխգործակցութիւնը՝ ի հեճուկս առկայ դժւար ու ծանր պայմանների։

Ի՞նչ նորութիւն կարող էք յայտնել ՀայաստանԻրան էլեկտրահաղորդման նոր գծի շահագործման հնարաւոր ժամկէտների մասին եւ որքանո՞վ էք կարեւորում այս ծրագրի կեանքի կոչումը։

– Դա Հայաստանի ու Իրանի միջեւ շատ կարեւոր նախագծերից մէկն է։ Քանի որ Հայաստանը նոյնպէս ունի էլեկտրաէներգիայի աւելցուկ, որը կարող է տալ Իրանին ու դրա դիմաց ստանալ գազ, ուստի տւեալ նախագծի վերջնական տեսքի բերումն ու իրականացումը կարող է շատ օգնել Իրանի հիւսիսարեւմտեան նահանգներին, յատկապէս էլեկտրաէներգիայի սպառման շատ բարձր պահանջի պայմաններում։ Նախագծի հետ կապւած աշխատանքների մօտ 92 տոկոսն արդէն իրականացւած է։ Իրանական ընկերութիւնը, որն այդ նախագծի կապալառուն է, ունեցել է որոշակի խնդիրներ, հետեւաբար ձեռնարկեցինք համապատասխան քայլեր, որպէսզի խնդիրները վերանան, եւ այդ ընկերութիւնն էլ պարտաւորւած լինի աւարտին հասցնել նախագիծը։ Սա այն հարցն է, որով անձամբ շաբաթւայ ընթացում երկու-երեք օր զբաղւում եմ։  

Պարոն դեսպան, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը Վաշինգտոնում ստորագրեցին խաղաղութեան հռչակագիրը, որի կէտերից մէկն էլ TRIPP նախագծի իրականացումն է, Իրանից սկզբում սուր արձագանքներ եղան, սակայն հայկական կողմի պարզաբանումներից յետոյ Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը յայտարարեցին, որ իրենց հիմնական մտահոգութիւնները հաշւի են առնւել։ Վերջերս Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, սակայն, յայտարարեց, թէ Իրանը դէմ է TRIPP նախագծին եւ որ Թեհրանը չի կարող թոյլ տալ դրա իրագործումը։ Խնդրում եմ պարզաբանել, ի վերջոյ ի՞նչ դիրքորոշում ունի Իրանն այս հարցում, արդեօք հայկական կողմի հաւաստիացումներն ու պարզաբանումները բաւարար չեն, որպէսզի Իրանի բոլոր մտահոգութիւններն այս հարցում փարատւեն։

– Նախեւառաջ նշեմ, որ Հայաստանը մեզ բարեկամ երկիր է։ Երկու երկրների ղեկավարների միջեւ գոյութիւն ունի վստահութեան բարձր մակարդակ։ Ուրախ ենք դրական քայլերի համար, որոնք արւում են Հայաստանի ապաշրջափակման ու զարգացման ուղղութեամբ։ Առհասարակ ապաշրջափակման համատեքստում անհրաժեշտ է ոչ միայն Հիւսիս-Հարաւի, այլեւ միւս բոլոր ճանապարհների բացումը։ Այդ հարցում Հայաստանը նոյնպէս կարող է կարեւոր դերակատարութիւն ունենալ։ Հիւսիս-Հարաւ միջանցքը կարող է երկու ճիւղ ունենալ, մէկը Պարսից ծոցից դէպի Ռուսաստան եւ Հնդկաստան, միւսը դէպի Սեւ ծով։ ԱՄՆ-ի հետ ձեռք բերւած համաձայնութեան վերաբերեալ մեր դիրքորոշումը շատ յստակ է։ Մենք հայ գործընկերներին ասել ենք, որ իրենց վստահում ենք, սակայն գործ ունենք Միացեալ Նահանգների հետ։ Յայտնի է, թէ ԱՄՆ-ն ինչպիսի գործողութիւններ է ձեռնարկել Իրանի դէմ, ուստի ամերիկեան կողմին չենք վստահում։ Ունենք այն մտահոգութիւնը, որ ԱՄՆ-ն կարող է այդ նախագիծն օգտագործել որոշակիօրէն ուղղորդւած քաղաքականութեան շրջանակում։

Այդ մտահոգութիւնը նոյնպէս փոխանցել ենք հայ գործընկերներին, ովքեր վստահեցրել են մեզ, որ Հայաստանը երբեք չի դառնայ սպառնալիքի աղբիւր Իրանի համար։ Պայմանաւորւել ենք, որ կապն ու քննարկումները կը կրեն շարունակական բնոյթ, որպէսզի հասկանանք նախագծի մասշտաբները։

Հայաստանի եւ Իրանի յարաբերութիւնները պատմական, քաղաքակրթական բնոյթ ունեն, ձգւում են դարերի խորքը։ Դրանք ռազմավարական տեսանկիւնից էլ շատ մեծ կարեւորութիւն ունեն, ուստի ոչ մի խնդիր չպէտք է հայ-իրանական յարաբերութիւններին մարտահրաւէր նետի։ Յուսով ենք, որ Հայաստանում հաշւի կառնւեն մեր մտահոգութիւններն ու կը փարատւեն։ Մենք շարունակաբար ուշադրութեան կենտրոնում ենք պահում այդ հարցը։

Related Articles

Back to top button