«Մետրոյի մկների ժողովը» Թեհրանի Արարատում
Իրան է ժամանել Հայաստանի «Մետրօ թատրոն»-ը

«ԱԼԻՔ» – Կիրակի՝ դեկտեմբերի 7-ին, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» դահլիճում «Մկների ժողով» էր։ Դերասանուհի Սոնա Մարտիրոսեանի բեմադրութեամբ, «Հ. Իգիթեանի անւան գեղագիտութեան ազգային կենտրոն»-ի «Մետրօ թատրոն»-ը թեհրանահայ հանդիսատեսին ներկայացրեց «Մկների ժողովը»։
Մանկական, հումորային, երաժշտական եւ պարային այս ներկայացման հիմքում Աթաբեկ Խնկոյեանի հանրածանօթ ստեղծագործութիւնն է։ Երեխաներն առիթ ունեցան վայելելու ներկայացումը՝ երիտասարդ դերասանական կազմի պլաստիկ եւ շարժական խաղարկութեամբ։

Սոնա Մարտիրոսեանը «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում նշեց, որ «Մետրօ» թատրոնն հիմնադրւել է 1992 թւականին։ «Հիմնադիրը Հենրիկ Իգիթեանն է, առաջին տնօրէնը՝ Վիգէն Ստեփանեանը, առաջին գեղարւեստական ղեկավարը՝ Նիկոլա Ծատուրեանը։ Վերջին տասը տարիներին թատրոնը նաեւ երիտասարդ դերասանական կազմով ներկայացումներ է բեմադրում»,- ասաց նա։
Խօսելով «Մկների ժողով»-ի մասին՝ բեմադրիչը ընդգծեց, որ ներկայացումը ձեւաւորւած է փառատօնական ձեւաչափով, պլաստիկ լեզւով եւ շարժուձեւով՝ համապատասխանեցւած Համեդանի փառատօնով սահմանւած չափանիշներին։ Նա նաեւ նշեց, որ թատրոնի խաղացանկում ներառւած են ներկայացումներ թէ՛ մեծերի, թէ՛ մանուկների համար։
Նոյն կապակցութեամբ միջազգային տարբեր փառատօնների կողմից իրանական ներկայացումների պատասխանատու Ալբերտ Բեգջանեանը թերթիս լրագրողին յայտնեց, որ «Մետրօ» թատրոնն Իրան է ժամանել մասնակցելու Համեդանի միջազգային փառատօնին, որի նախորդ շրջանի առաջին մրցանակակիրն է նաեւ։
Նշենք, որ թատերախումբը մինչ Համեդան մեկնելը «Մկների ժողովը» կը բեմադրի նաեւ այսօր՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնում։
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ



