ԱտրպատականՀամայնք

Ս. Ստեփանոսի տօնին, նշւեց Ուրմիայի եկեղեցու անւան օրը

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Կիրակի, 21 դեկտեմբերի 2025-ին մեծ շուքով նշւեց Ս. Ստեփանոսի տօնը, Ուրմիայի եկեղեցու անւանակոչութիւնը յիշատակելով, դրա վերակառուցման 23-րդ տարեդարձի առիթով:

Եկեղեցու մուտքին, Ատրպատականի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը դիմաւորւեց, եւ նրա ոտքերի առջեւ ուխտի ոչխարի զենումը կատարւեց, որը ի յարգանս Սրբազան Հօր եւ նրա քաջառողջութեան, նւիրաբերել էին եկեղեցու բարերար՝ Էդիկ եւ Սանդրա Մեջլումեանները: Աղ ու հացի օրհնութեամբ, առաջնորդ Սրբազանը մուտք գործեց եկեղեցու շրջափակը, ընկերակցութեամբ Ազգային բարերար Էդիկ Մեջլումեանի, Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանի, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանի եւ Գործակալական խորհրդի ատենապետ Վանիկ Յակոբեանսի:

Եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. Պատարագը մատոյց եւ պատգամեց Սրբազան Հայրը: Եկեղեցին լցւել էր ուրմիահայերով, ինչպէս նաեւ շրջակայ գիւղերից ժամանած բարեպաշտներով, որոնք եկել էին աղօթելու, ինչպէս նաեւ ունկնդիր լինելու Սրբազան Հօր պատգամին: Հաւատացեալների շարքում ներկայ էին եկեղեցու բարերար ամոլը, ընկերակցութեամբ իրենց զաւակների, թոռների եւ հարազատների, ինչպէս նաեւ ազգային ժողովների եւ գիւղական խորհուրդների ներկայացուցիչները:

Խորանի վրայ, Սրբազան Հօրը սպասարկում էր Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը. մոմակրութեամբ եւ բուրվառակրութեամբ խորանին ծառայում էին եկեղեցու դպիրներն եւ ուրարակիրները:

Իր պատգամը տալով ներկայ հաւատացեալներին, Սրբազան Հայրը Գործք Առաքելոց գրքից մէջբերեց Ս. Ստեփանոսի կեանքը, ու բացատրեց նրա առաջին նահատակը լինելու երանութիւնը. «Քրիստոնեայ աշխարհը իր համայն հետեւորդներով եթէ ուզէ պարծենալ, առաջին Նահատակի թափած արեան զօրութեամբ կը հպարտանայ: Հայ շարականագիր վարդապետը նրա մասին գրած շարականում ասում է՝ Նահատակ բարի Քրիստոսի: Բարութեան կատարելութիւնն էր Ստեփանոս Սարկաւագը, բոլոր ժամանակներում, մարդկային բարութեան գերագոյն օրինակը», ասաց Սրբազանը:

Առաջնորդ Սրբազանը Սրբոց վարքում յիշւած քրիստոնէահալած եւ եկեղեցահալած ղեկավարների հրամաններով կիրառւած նահատակութիւնների դրւագներ ներկայացնելով, ցաւօք յիշեց ներկայ ժամանակներում նման դէպքերի ծնունդը, որի հետեւանքները շատ աւելի բարդ իրավիճակի են հասցնելու մեր ազգային հաւաքական հաւատքի կեանքը:

Եկեղեցին պահպանելու, եւ քրիստոնէական հաւատքը զօրացնելու նւիրեալ գործունէութիւնը գնահատելով, Սրբազանը վեր առաւ բարերարներից սկսեալ մինչեւ եկեղեցու հոգեւոր ծառայութիւնը եւ կազմակերպական կեանքը հոգացողների աշխատանքը, շեշտելով, որ իսկական գնահատանքը երկնատուր պարգեւներն են, առողջութեամբ ու յաջողութիւններով պսակւող:

Իր գնահատական խօսքում, Սրբազանը յիշեց եկեղեցու «Նարեկացի» երգչախմբի սիրայօժար նւիրումը եկեղեցական կեանքին: Նա գնահատեց ղեկավար եւ յայտնի երգեհոնահար Էլիզաբէթ Սարհադեանին, որ ամէն Կիրակի օրերը Ս. Պատարագի ընթացքում երգեհոնի հրաշալի կատարմամբ ճոխացնում է արարողութիւնը, երգչախմբի անդամների մասնակցութեամբ: Սրբազանը գնահատեց նաեւ Խնամակալ մարմնի, Գործակալական խորհրդի, եւ յարակից բոլոր Մարմինների նւիրեալ ծառայութիւնը, ի պանծացումն Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Սուրբ Պատարագի աւարտին տեղի ունեցաւ ջրօրհնէք եւ մատաղօրհնէք, «Աջովն Սրբոյ Մանաճիհր Ռշտունւոյն»: Սրբազանը այս առիթով ներկայացրեց թեմի սրբարժէք մասունքներից Մանաճիհր Ռշտունուց մնացած նւիրական սրբութիւնը, նրա կեանքը, որը իր զինակից հետեւորդների հետ մերժելով Յազկերտ Բ պարսից արքայի կողմից կրօնափոխ լինելու հրամանը, իր հաւատակից Ատոմ զօրավարի հետ 449 թւին ամրացաւ Անձեւացեաց գաւառում, եւ բոլորը միասնաբար նահատակւեցին  անհաւասար կռւում. «Սուրբի աջ ձեռքի մասունքը ներփակող դարաւոր այս Աջը, մեր Թեմի վեհագոյն սրբութիւններից է, որը նման բացառիկ առիթներով դուրս ենք բերում մեր գանձատնից, որպէսզի նրա օրհնութիւնը ստանայ մեր ժողովուրդը», ասաց Սրբազան Հայրը: Ջրօրհնէքի աւարտին, օրհնեալ ջուրը ներկայ բոլոր հաւատացեալներին բաշխւեց:

Տօնի առիթով, Գործակալական խորհրդի եւ բոլոր կառոյցների օժանդակութեամբ, եկեղեցու բարերար ամոլը մատաղի նւիրաբերում էր կատարել, առաջնորդ Սրբազանի կատարեալ առողջութեան աղօթական մաղթանքով:

Ուրմիայի Ազգային իշխանութեան կողմից, «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցած պաշտօնական ճաշկերոյթի ընթացքին խօսք առաւ, Պատգամաւորական ժողովի Դիւանի Բ ատենադպրուհի՝ Սարինէ Մեջլումեանը: Նա ողջոյնի սիրազեղ խօսքերով օրհնաբեր համարեց առաջնորդ Սրբազանի հայրական ներկայութիւնը ուրմիահայ համայնքում. «Դարերից ի վեր նման տօներին ուխտի եկած ժողովուրդը մատաղներ է խոստանում. եւ այսօր մենք՝ Ուրմիայի համայնքը շատ երախտապարտ ենք, որ Աստծու կամքով եւ բարերարների հովանաւորութեամբ եւ մեր եկեղեցու շատ գործուն Խնամակալ մարմնի կանանց օժանդակութեամբ կարողացան հասնել մեր երազին, մատաղի օրհնութիւն կատարելու Ս. Ստեփանոսի տօնին»: Նա բարձրագոյն աստիճանի հաւատքով խորապէս ներշնչւած, Սրբազան Հօր աղօթքին խնդրամատոյց եղաւ, որպէսզի ուրմիահայ համայնքը կարողանայ պահպանել իր ազգային ու եկեղեցական ինքնութիւնը, հայեցի դաստիարակութիւնը ուսումնական կեանքում, ինչպէս նաեւ հաւաքական կեանքի միասնականութիւնը՝ Արեւմտեան Ատրպատականում: Պատգամաւորական ժողովի Բ ատենադպրուհին մեծապէս գնահատեց եկեղեցու «Նարեկացի» երգչախումբը, որը կարողացել էր կարճ ժամանակում լաւ արդիւնքի հասնել:

Տօնական այս առիթով խօսք տրւեց նաեւ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին: Նա իր բացառիկ ուրախութիւնը յայտնեց տօնական օրւայ համար, եւ հիացմունքով արտայայտւեց համայնքի կազմակերպ կեանքին, ու թեմի ամբողջանւէր սիրոյն, հանդէպ շրջանների հայութեանը:

Նշենք, որ ճաշկերոյթին ներկայ եղաւ ամբողջ ժողովուրդը, որը եկել էր մասնակից լինելու Ս. Պատարագին, եւ ներկայանալու Սրբազան Հօրը, աջահամբոյրի համար: Առաջնորդ Սրբազանը խօսք առնելով, բոլոր հաւատացեալներին մէկ առ մէկ ողջունեց եւ օրհնեց նրանց ընտանիքներին եւ հարազատներին: Նա իր խօսքում յատկապէս գնահատեց բոլորի ներկայութիւնը, եւ եկեղեցու բարերար ամոլի՝ Էդիկ եւ Սանդրա Մեջլումեանների մնայուն բարերարութեան շունչը համայնքի կեանքում. «Ձեր հոգածու մօտեցումը ուրմիահայութեան ե՛ւ եկեղեցուն, ե՛ւ միութիւններին, ե՛ւ ժողովրդին, իսկական բարերարութեան աստիճանն է ցոյց տալիս, օրինակ հանդիսանալով բոլոր նրանց, ովքեր ազգին, եկեղեցուն, ու մեր ժողովրդին օժանդակելու ցանկութիւն ունեն իրենց սրտում», ասաց Սրբազան Հայրը: Նա գնահատեց համայնքի բոլոր կառոյցներին, որոնցից «իւրաքանչիւրը մեծ պատասխանատւութիւն ունի համայնքի մեր կեանքը աշխոյժ պահելու, եւ նոր սերնդի դաստիարակութիւնը դասաւորելու գործում»,- ասաց նա:

Տօնական օրը աւարտւեց Սրբազան Հօր օրհնութեամբ, եւ համայնքի զաւակների սիրալիր շնորհաւորանքներով:

Related Articles

Back to top button