Արթուր Խաչատրեան. «Մեր ժողովուրդը պէտք է հասկանայ, որ երկիրը սրընթաց գնում է դէպի կործանում»
«ԱԼԻՔ» – Դեկտեմբերի 19-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Արթուր Խաչատրեանը: Նա խօսել է Հայաստանում եւ Հայաստանի շուրջ ստեղծւած իրավիճակների եւ դրանց պատճառների մասին, անդրադարձել ՀՀ իշխանութեան վարած ներքին եւ արտաքին քաղաքականութեան խնդրայարոյց հետեւանքներին, ընդգծել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ յարաբերութիւնների «կարգաւորման» անպտուղ փորձերի արդիւնքում Հայաստանի համար նոր ու առաւել վտանգաւոր իրավիճակների առաջացման հեռանկարը:
Ներկայացնելով վերջերս խորհրդարանի կողմից ընդունւած 2025 թ. պետական բիւջէի մասին փաստաթուղթը՝ Արթուր Խաչատրեանը նշել է, որ իշխանութիւններն էլ գիտակցեցին, որ ընդդիմութեանը պարտւեցին բիւջետային քննարկումներում: «Առաջին եւ երկրորդ բանավէճերի ընթացքում, երբ մենք ասում էինք, որ այն կանխատեսումները, որ դուք դրել էք, այն գնահատականները, որ դուք տալիս էք, իրատեսական չեն, եւ իրենք Ալեքսանդր Մոտրոսովի պէս փորձում էին լռեցնել մեր քննադատութիւնը, մի քանի օր յետոյ հասկացան, որ սխալ են գնահատել եւ 10 տոկոսով կրճատեցին աճի իրենց կանխատեսումները 2025 թւականի համար»,- ասել է պատգամաւորը:
2025 թւականի բիւջէն Արթուր Խաչատրեանն անւանել է պարտքով գոյատեւելու բիւջէ: Նրա խօսքով՝ գալիք տարում իշխանութիւններն ակնկալում են 2 միլիարդ դոլարով աւելացնել պետական պարտքը, ինչը նշանակում է, որ միայն այդ պարտքի տոկոսների սպասարկման վրայ աւելի շատ գումար է ծախսւելու, քան առողջապահութեան, արդարադատութեան, արտաքին գործերի, էկոնոմիկայի նախարարութիւններին եւ բոլոր մարզպետարաններին կատարւող պետական յատկացումներն են՝ միասին վերցւած:
Արթուր Խաչատրեանը հանգամանալից անդրադարձել է նաեւ Ադրբեջանից հնչող նորանոր պահանջներին եւ դրանց համատեքստում Հայաստանի հետ այսպէս կոչւած բանակցութիւններում Թուրքիայի որդեգրած դիրքորոշումներին: Հայաստանն իր ներկայ տնտեսական քաղաքական կացութեամբ ուղղակի պատրաստ չէ Թուրքիայի հետ որեւէ իրաւահաւասար յարաբերութիւնների՝ նշել է Արթուր Խաչատրեանը:
Պատասխանելով հարցին, թէ ինչպէս պէտք է յաղթահարել ամէն կողմից Հայաստանին պատուհասած դժւարութիւնները, որոնք նաեւ արտաքին միջամտութիւնների եւ ճնշումների հետեւանք են, Արթուր Խաչատրեանը մասնաւորապէս նշել է. «Լաւ բան չէ, երբ հոյսը կապում են արտաքին իրավիճակների փոփոխութեան եւ դրանց արդիւնքում այս իշխանութիւնների հեռացման հետ: Կարեւոր է, որ մեր ժողովուրդը հասկանայ՝ սրանք երկիրը տանում են դէպի կործանում: Եւ ոչ միայն հասկանայ այդ ճշմարտութիւնը, այլեւ պատասխանատւութիւն զգայ եւ պատրաստ լինի քայլ անել սրանց հեռացնելու համար»: