Հայաստան - ԱրցախՔաղաքական

Նիկոլ Փաշինեանն անոնս է անում նոր պատերազմն ու տարածքային մեր նոր կորուստները

ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՒԱՆԵԱՆ

Քաղաքագէտ, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ

 

Նիկոլ Փաշինեանի նոր կարգախօսը՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»:

Կարգախօսն այդ նոր է զուտ ձեւական առումով։ Պարզապէս նախկինում այն Դաւիթ Տօնոյեանի շուրթերով հնչեցւում էր՝ ակնարկելով, որ նոր տարածքներ են գրաււելու Ադրբեջանից, եթէ յանկարծ նոր պատերազմ լինի։ Թէ ինչ եղաւ դրանից յետոյ, յիշեցնելու կարիք չկայ։

Հիմա այդ կարգախօսը հնչում է իր բուն բովանդակութեանը համապատասխան։ Նիկոլ Փաշինեանն անոնս է անում նոր պատերազմն ու տարածքային մեր նոր կորուստները։

Նոր կարգախօսի հետ հանրութեանը հրամցւում են նաեւ նոր մեղաւորներ։

Ինչպէս յայտնի է, 44-օրեայ պատերազմի, պարտութեան մեղաւորներ 2020-ին նշանակւեցին ՀՀ նախկին իշխանութիւնները։

2021-ի խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ Փաշինեանը խաբեց հանրութեանը եւ քւէն ստանալուց յետոյ արեց իր խոստացածի հակառակը։

2022-ից սկսած Փաշինեանը դէ ֆակտօ եւ դէ իւրէ Արցախը յանձնեց Ադրբեջանին։ Մեղաւոր նշանակւեց Ռուսաստանը։

Հիմա Փաշինեանը յանձնում է Հայաստանի տարածքները՝ ամբողջութեամբ սպասարկելով թուրք-ադրբեջանական օրակարգը։ Այս ամէնն ի վերջոյ կարող է յանգեցնել նոր պատերազմի, տարածքային նոր կորուստների եւ մեր պետականութեան ոչնչացման։ Նիկոլը դա գիտի, բայց յանուն սեփական անվտանգութեան՝ գնում է այդ ուղղութեամբ։ Այս անգամ մեղաւոր է նշանակւել ժողովուրդը (Ռուսաստանն ու նախկինները մշտական ռեպերտուարի մէջ են)։

Երբ Նիկոլը յայտարարում է, թէ «Իրական Հայաստանի» օրակարգը ինքը վերցրել է ժողովրդից եւ ժողովուրդն է դարձել պետական գաղափարախօսութեան հիմնադիրը, դա նշանակում է, որ իր բոլոր ձախողումների հեղինակ է նշանակւում ժողովուրդը, քանզի «Իրական Հայաստանում» տեղի են ունենում միակողմանի զիջումներ, ադրբեջանական պահանջների բաւարարումներ եւ այլն։

Նիկոլին ու թուրքական շահերին ծառայող, Վազգէն Սարգսեանի անունը պղծողն էլ բաց տեքստով ու ցինիկաբար յայտարարում է, որ պէտք է հանրաքւէով գնալ ԵՄ ուղղութեամբ, պատերազմ յայտարարել Ռուսաստանին ու երբ դա յանգեցնի պատերազմի, Հայաստանի կորուստների, ապա մեղաւորութիւնը հնարաւոր կը լինի բարդել ժողովրդի վրայ, յայտարարել, որ դա ժողովրդի ընտրութիւնն է եղել ու չոր դուրս գալ ջրից։ Ահա այս սցենարի շրջանակներում է Հայաստանի արտգործնախարարութիւնը նախապատրաստում հանրութեանը նոր պատերազմին, որ յետոյ ասեն՝ դէ մենք զգուշացրել էինք, մենք ի՞նչ կարող էինք անել։

Նիկոլն էլ իր հերթին նախապատրաստւում է նոր մեղաւոր նշանակելուն․ այն կը լինի ժողովուրդը։ «Թաւշեայ» թիւրիմացութիւնն այլ բան չէր էլ ենթադրում։

Related Articles

Back to top button