ԱտրպատականՀամայնք

Թաւրիզի «Ծերունի Գասպարեան» կրթարանի տարեվերջի հանդէսը

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, նախա­գահութեամբ Թեմական խորհրդի, ու նախաձեռնութեամբ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի, յունիսի 13-ին, ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկան­եան» սրահում տեղի ունեցաւ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի 2023-24 ուսումնական տարեշրջանի աւարտական հանդէսը, որին ներկայ էին թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի անդամները, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչները, ուսուցիչ­ներ, աշակերտութեան ծնողներն ու մանկական հանդէսին ընդառաջող հայրենա­կիցները:

 Օրւայ ծրագիրը սկիզբ առաւ Իրանի Իսլամանկան Հանրապետութեան եւ ՀՕՄ-ի հիմներգներով, որից յետոյ յանուն վարչութեան ողջոյն ու բացման խօսքով արտայայտւեց նոյն վարչութեան նախագահուհի՝ Անահիտ Մարգարեանը, իր խօսքերում անդրադառնալով աւարտւող ուսումնական տարեշրջանին:

Նա վարչութեան անունից շնորհակալութեան ու գնահատանքի խօսք ուղղեց ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախա­կր­թարանի ուսուցչական կազմին ու պաշտօնէութեան, ուսումնական տարւայ ընթաց­քում նրանց տարած աշխատանքների կապակցութեամբ, բարձր գնահատելով նաեւ փոքրիկ սաների ծնողներին, կրթարանի կողքին լինելու եւ իրենց կատարած աշխա­տանքների ու համագործակցութեան համար:

Անահիտ Մարգարեանը անդրադարձաւ, որ ուսումնական տարւայ գրեթէ վեր­ջին ամսում հանգստի է կոչւել բազամամեայ ուսուցչուհի՝ Նայիրի Դիլանեանը, բարձր գնահատելով նրա տարիների աշխատանքը, նրան մաղթեց առողջութիւն եւ յաջողու­թիւններ:

Քիչ անց բացւեց մանկական հանդիսութեան գունագեղ բեմի վարագոյրը, ուր ուսուցչուհի Անի Դիլանեանը ողջունելով ներկաներին եւ շնորհակալութիւն յայտնելով ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեանը, որ նախակրթարանի ուսուցչուհու հանգստի կոչւելուց յետոյ նախակրթարանի դասաւանդումը վստահւել է իրեն հան­դիսականների ծափողջոյնների ներքոյ բեմ հրաւիրեց սաների երգի ուսուցիչ՝ Կարէն Սարգսեանին փոքրիկների ելոյթը սկսելու համար:

Կարէն Սարգսեանի ղեկավարութեամբ նախակրթարանի սաները կատարեցին խմբերգեր ու մեներգ եւ իւրաքանչիւրը հանդիսատեսին ներկայացաւ արտասա­նու­թեամբ:

Ծրագրի յաջորդ բաժնում սաները բեմ բարձրացան կրթական շրջանա­ւարտ­ների զգեստներով եւ Ադրիէլ Աբդիշոն բարձրախօսին մօտենալով յայտարարեց, որ դասընկերներով կատարելու են «ուսուցիչ» երգը եւ այն նւիրում են իրենց հանգստի կոչւած ուսուցչուհի՝ օրիորդ Նայիրիին:

Ուսուցիչ երգի աւարտից յետոյ կատարւեց վիճակահանութիւն, որի արդիւն­քում շահեց Քարմէն Աբրահամեանը, իսկ յաջորդիւ կատարւեց նախակրթարանի սաների աւարտական վկայականների տւչութիւնը Ատրպատականի հայոց թեմի պատ­գամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետներ՝ Արմինէ Վահ­րամեանի, Գագիկ Ջորջեանի եւ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան նա­խագահուհի՝ Անահիտ Մարգարեանի միջոցով:

Վկայականների տւչութիւնից յետոյ Թաւրիզի հայոց ազգային դպրոցի տես­չուհի՝ Սիլւա Օհանջանեանը ծաղկեփնջերի յանձնմամբ շնորհաւորեց ՀՕՄ-ի վար­չութեան նախագահուհի՝ Անահիտ Մարգարեանին, փոքրիկ աշակերտներին եւ ման­կապարտէզ-նախակրթարանի ուսուցիչներ՝ Անի Դիլանեանին ու Կարէն Սարգիս­եա­նին եւ օգնականուհի՝ Կարինէ Գրիգորեանին 2023-24 ուսումնական տարեշրջանը յաջողութեամբ աւարտելու առիթվ:

Թեմի թեմական խորհրդի անդամ՝ Քաթրին Դիլանեանը, հանդիսականներին ներկայացրեց Ատրպատականի հայոց թեմակալ առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի խօսքը 2023-24 ուսումնական տարեշրջանի առիթով, որով Սրբազան հայրը բարձր գնահատում էր բոլոր նւիրեալներին: Նա յատկապէս իր գնահատանքի խօսքը ուղղել է հանգստի կոչւած ուսուցչուհի Նայիրի Դիլանեանին, որը այնքան նւիրումով զոհաբերւել էր երեխաների դաստիարակչութեան գործում:

Հանդիսութեան աւարտին բեմ հրաւիրւեց հանգստի կոչւած ուսուցչուհի Նայիրի Դիլանեանը, որին նոյն առիթով յիշատակի նւէրներով եւ ծաղկեփնջերով ու ծաղ­կե­կողովով գնահատեցին Ազգային իշխանութեան անունից՝ թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետներ՝ Արմինէ Վահրամեանը եւ Գագիկ Ջորջեանը, ՀՕՄ-ի վարչութեան անունից միութեան նախագահուհի՝ Անահիտ Մար­գարեանը, «Ալիք» հաստատութեան Թաւրիզի մասնաճիւղի անունից, հաստատու­թեան ներկայացուցիչ՝ Արմոնդ Բադալեանը, որը նաեւ ընթերցեց հաստատութեան ուղերձը, Թաւրիզի հայոց ազգային դպրոցի տեսչուհի՝ Սիլւա Օհանջանեանը, ՀՕՄ-ի «Տաթեւ» պարային համոյթի գեղարւեստական դեկավար-բեմադրիչ՝ Կարինէ Մանուչերեանի եւ համոյթի անդամ-ուհիների անունից պարախմբի փորձավար՝ Մանէ Նազարբէգեանը, նախակրթարանի սաների ծնողների անունից Սանահին Թար­վերդ­եանն ու «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի երգի ուսուցիչ՝ Կարէն Սարգսեանը:

Հանդիսութեան աւարտին ազգային իշխանութեան անունից արտայայտւեց Ար­մինէ Վահրամեանը, որն իր հերթին բարձր գնահատելով կազմակերպւած ծրագիրը, շնորհաւորեց ՀՕՄ-ի վարչութեանը, ՀՕՄ-ի կրթարանի ուսուցիչներին, սաներին ու նրանց ծնողներին ուսումնական տարւայ աւարտի եւ փոքրիկ սաների յաջողութեան առիթով, դրա հետ մէկտեղ շեշտելով մեր համայնքներում իւրաքանչիւր անհատի մաս­նակցութեան կարեւորութեանը, մեր համայնքից ներս աշխատող բոլոր կառոյց­ների ծրագրերին, քանի որ համայնքային կեանքի աշխուժութիւնն ու կենսունա­կու­թեան պահպանումը իւրաքանչիւր հայրենակցի պարտականութիւնն է:

Արմինէ Վահրամեանը իր խօսքերի վերջում շնորհաւորելով Նայիրի Դիլանեա­նին նախակրթարանի ուսուցչական աշխատանքից հանգստի կոչւելու առիթով, նրան մաղթեց յարաճուն յաջողութիւն իր կեանքի բոլոր ասպարէզներում եւ անդրադարձաւ նրա կրթական, ազգային-հասարակական,  համայնքային, մշակութային եւ ժողո­վա­կան կեանքում ունեցած ներդրումներին եւ մաղթեց, որ նրա գործօն մասնակցութիւնը շարունակական լինի մեր համայնքի կեանքում:

Related Articles

Back to top button