ԹեհրանՀամայնք

Խորհրդակցական հանդիպում՝ 8-րդ շրջանի Ուսումնադաստիարակչական կենտրոնի պատասխանատուների հետ

Չորեքշաբթի, յունիսի 19-ին, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կայացաւ հանդիպում Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան 8-րդ շրջանի պատասխանատուների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան 8-րդ շրջանի տնօրէն՝ պրն. Ամերէն, միջնակարգ օղակի պատասխանատու՝ Հասան Բէյգին եւ տարրական օղակի պատասխանատու՝ տկն. Բանիջամալին, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի՝ ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը, փոխատենապետ՝ Կարինէ Բալըքճեանը եւ նոյն խորհրդի անդամ՝ Խաչատուր Խաչատրեանը։

Ելնելով այն հանգամանքից, որ Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան 8-րդ շրջանի հայեցողութեան տակ են գտնւում հայկական մեծ թւով դպրոցներ, յաճախ անհրաժեշտութիւն է առաջանում հանդիպումներ ունենալ կենտրոնի ներկայացուցիչների հետ, քննարկելով եւ լուծումներ գտնելով տարբեր հարցերի շուրջ։ Սոյն հանդիպմանը հիմնականում քննարկւեցին՝ հայոց դպրոցներին աշխատուժի տրամադրման եւ «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցին վերաբերող հարցեր։

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը ընդգծել է, որ շատ կարեւոր է, հայկական դպրոցներում, հանգստի կոչւող տեսուչների փոխարէն, նոր տեսուչների նշանակումը կատարւի բծախնդրօրէն եւ որոշ նկատառումներով, անհրաժեշտ է նոր նշանակւող տնօրէնները ծանօթ լինեն հայկական մշակոյթին, կրօնին եւ ազգային դրւածքին։

«Նայիրի-Սողոմոնեան» դպրոցը առաւել աշխուժացնելու նպատակով՝ յառաջիկայում դպրոցում կը կայանայ հանդիպում՝ Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան 8-րդ շրջանի տնօրէն պրն. Ամերէի, միջնակարգ օղակի պատասխանատու՝ Հասան Բէյգիի եւ Կրթական խորհրդի ներկայացուցիչների միջեւ, որտեղ աւելի խորքային եւ մանրամասնօրէն կը քննարկւեն դպրոցում տարբեր ծրագրեր կազմակերպելու եւ իրականացնելու հարցեր։

Հանդիպումն անցաւ մտերմիկ մթնոլորտում:

Թ. Հ. Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Related Articles

Back to top button