Ռուբէն Վարդանեանի որդին յայտարարել է ադրբեջանական բանտում հօր «լիակատար մեկուսացման» մասին
«ԱԼԻՔ» – Չճանաչւած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան (ԼՂՀ) նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը, որն աւելի քան մէկ տարի պահւում է ադրբեջանական բանտում, մեկուսացւած է իր ընտանիքի վարձած փաստաբաններից։ Դրա մասին RTVI հեռուստաալիքին տւած հարցազրոյցում յայտարարել է Վարդանեանի որդին՝ Դաւիթը:
«Իրավիճակի առանցքային խնդիրն ու անհեթեթութիւնն այն է, որ հօր շահերի միակ ներկայացուցիչները, որոնք հասանելի են նրան, ադրբեջանցի տեղացի իրաւաբաններն են։ Մեր միջազգային իրաւաբանները երբեք չեն կարողացել ոչ միայն տեսնել հօրս, այլ նոյնիսկ կապ հաստատել նրա հետ։ Այսինքն՝ սա տեղեկատւական ամբողջական վակում է եւ լիակատար մեկուսացում»,- շեշտել է Դաւիթ Վարդանեանը։
Նա նշել է, որ Ռուբէն Վարդանեանին տեսակցելու փաստաբանների բոլոր դիմումները «կամ ուղղակի անտեսւել են, կամ մերժւել»։ «Անկախ բժիշկները» եւս չեն կարողանում այցելել ԼՂՀ նախկին պետնախարարին:
«Միակ քայլը հետազօտութիւնն էր, որ պետական հիւանդանոցն արեց նրա հացադուլից յետոյ <…> Որոշ այցեր կան, ինչպէս հասկացանք, Կարմիր Խաչից, բայց, դարձեալ, սա բաւարար չէ, քանի որ դրանք բաւականին մակերեսային այցեր են»,-համարում է Դաւիթ Վարդանեանը։
Նամակները կարող են ուղարկւել նաեւ միայն Կարմիր Խաչի միջոցով, որն ունի «շատ խիստ կանոնակարգեր»՝ ոչ աւելի, քան չորս էջ, վստահեցնում է նա։
«Նրանք (Կարմիր Խաչը. – նշում է RTVI-ն) աշխատում են այնպէս, ինչպէս կարող են, բայց նրանց ձեռքերը այնտեղ եւս շատ կապւած են: Մենք չենք կարող կանոնաւոր նամակներ ուղարկել։ Ինչպէս ինձ ասաց հայրս, վերջին վեց ամսւայ ընթացքում նա արդէն անսահմանափակ թւով նամակներ է ուղարկել։ Դրանցից ոչ մէկը հասցէատիրոջը չի հասել, այսինքն՝ մեզ մօտ էլ է այս կապի միջոցը խզւած»,- յայտարարել է Դաւիթ Վարդանեանը։
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարի որդին նշել է, որ ինքը զանգում է հօրը, սակայն հեռախօսով «որոշ հարցեր» քննարկել չեն կարող։ Նա միաժամանակ նշում է, որ ընտանիքը երախտապարտ է տեղի փաստաբանին, որը «վտանգում է իր կեանքը»:
Դաւիթ Վարդանեանը հաստատեց, որ իր հօրը 20 յօդւածներով 45 մեղադրանք է առաջադրւել։ Նա յաւելել է, որ քրէական գործը պարունակում է 25 հազար էջ ադրբեջաներէն, որոնք իր համար բանաւոր թարգմանում է «քննիչի եւ դատախազութեան» նշանակած թարգմանիչը։
«Սա բաւականին հին ռազմավարութիւն է. եթէ նորմալ գործ չունես, ուղղակի սարի չափ մակուլատուրա ես գրում, ներողութիւն եմ խնդրում, եւ դրանով փորձում խեղդել քո մեղադրեալին»,-ասում է ԼՂՀ նախկին պետնախարարի որդին։
Նա միաժամանակ նշում է, որ ընտանիքը «անչափ երախտապարտ է» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որը յոյս է յայտնել, որ Ադրբեջանը կառաջնորդւի «մարդասիրական նկատառումներով»։