Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սկսում ենք լայն համախմբման գործընթաց․ Արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհուրդ

«ԱԼԻՔ» – Արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհուրդը, հիմք ընդունելով մարտի 29-ի մեծ հանրահաւաքի ժամանակ յայտարարւած մէկշաբաթեայ ժամկէտը եւ այս ընթացքում տեղի ունեցած զարգացումները, յայտարարում է՝

1. ՀՀ կառավարութիւնը պատշաճ կերպով չի արձագանգել հանրահաւաքի պահանջներին՝ մեր ներկայացուցիչների հետ ունենալով խիստ սահմանափակ քննարկում: Բացի դրանից, կառավարութիւնը մեզ է փոխանցել գրաւոր պատասխան՝ պահանջագրի 5 կէտերի վերաբերեալ որոշակի մեկնաբանութիւններ կատարելով, որոնք գլխաւորապէս չեն համապատասխանում մեր պատկերացումներին: Նրանց միակ գործնական առաջարկը եղել է փորձագիտական խմբերի ձեւաւորումը՝ որոշակի լուծումներ մշակելու նպատակով:

Հետեւեալ յղմամբ կարող էք ծանօթանալ կառավարութեան գրաւոր պատասխանին:

2. Հաշւի առնելով լայն հանրութեան կողմից տրւած վստահութիւնը եւ Արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհրդի հանդէպ ձեւաւորւած ակնկալիքները՝ մենք յայտարարում ենք պայքարի յաջորդ գործողութիւնների մասին, որոնց շրջանակներում կը կատարենք հետեւեալ քայլերը՝

2.1. Մենք սկսում ենք լայն համախմբման գործընթաց՝ կոչ անելով արցախեան, հայաստանեան ու սփիւռքեան բոլոր սրտացաւ հասարակական ու քաղաքական ուժերին ու գործիչներին համախմբւել մեր ներկայացրած օրակարգի շուրջ եւ աջակցել այս համազգային պայքարին: Բոլոր ցանկացողները կարող են մօտենալ Ազատութեան հրապարակում տեղակայւած շտաբ-վրան, որտեղ համատեղ կը քննարկենք մեր հետագայ գործողութիւնները:

2.2.Մինչեւ ապրիլի 15-ը տեղի ունեցող հանրային լայն քննարկումների ու համախմբման արդիւնքում մենք կը յայտարարենք մեր յաջորդ մեծ հանրահաւաքի օրն ու վայրը, որին կը յաջորդեն կոնկրետ զանգւածային գործողութիւններ:

2.3.Այս ընթացքում մենք տարբեր վայրերում ու կառոյցների մօտ կազմակերպելու ենք բողոքի ու իրազեկման տեղային հաւաքներ՝ ներկայացնելով մեր պահանջներն ու դրանց առնչւող այլ դրոյթներ:

3. Հորդորում ենք մեր բոլոր հայրենակիցներին չվհատւել եւ պատրաստ լինել հետեւողական ու վճռական պայքարի՝ յանուն բոլորիս իրաւունքների ու արդար պահանջների: Մենք համարում ենք, որ ներկայացւած պահանջները ողջ հայ ժողովրդի օրակարգային հարցերն են եւ ակնկալում ենք բոլորի սատարումը՝ անկախ բնակութեան ու ծագման վայրից:

Related Articles

Back to top button