Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Տիրան Լոքմագեօզեան. «Ադրբեջանի համար ոչ թէ կարեւորը ճանապարհն է, այլ Հայաստանի տարածքով «միջանցք», որը չի վերահսկւելու որեւէ կողմից»

Թուրքիան շարունակում է կոշտ յայտարարութիւններ ու մեղադրանքներ հնչեցնել Իսրայէլի հասցէին։ Էրդողանի յայտնի յայտարարութիւնից յետոյ, թէ` «ինչպէս Թուրքիան մտաւ Լիբիա ու Ղարաբաղ, այնպէս էլ կը մտնի Իսրայէլի տարածք», օգոստոսի 21-ին Թուրքիայի ԱԳ նախարարութիւնն է դատապարտել Իսրաէլի կողմից Պաղեստինի Գազայի հատւածում իրականացւող գործողութիւնները եւ ընդգծել՝ դրանց ընթացքում իսրայէլական կողմը սպանում է անգամ UNRWA-ի (ՄԱԿ-ի Մերձաւոր Արեւելքում Պաղեստինի փախստականների օգնութեան եւ աշխատանքների գործակալութիւն) աշխատակիցներին:

Թուրքիայի արտաքին գերատեսչութեան յայտարարութեան մէջ իսրայէլական վարչակազմը որակւել է «արեան մէջ թաթախւած», շեշտելով, որ Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուի կառավարութիւնը հնարաւորինս շուտ իր արարքների համար պէտք է պատասխան տայ միջազգային դատարանում:

Թուրքագէտ Տիրան Լոքմագեօզեանի կարծիքով՝  Թուրքիայի այս կոշտ հռետորաբանութիւնը չի կարող տեղափոխւել գործնական դաշտ, սա զուտ հռետորաբանութիւն է, որն օգտագործում է թուրքական դիւանագիտութիւնը։

«Եթէ Թուրքիայի ու Իսրայէլի միջեւ գործնականում որեւէ լարւածութիւն լինէր, ապա մինչեւ այժմ եղած կը լինէր։ Թուրքիան միայն խօսում է, յոխորտում է, այս ամէնին երկար ժամանակ մենք ականատես ենք լինում։ Թուրքիան նման բառապաշար է օգտագործում այն ժամանակ, երբ Պաղեստինում կամ արաբական աշխարհում որոշակի գործընթացներ են տեղի ունենում։ Իր այդ յայտարարութիւններով Թուրքիան ուզում է ցոյց տալ, որ մեծ ցանկութիւն ունի հրեաների դէմ որեւէ բան անելու, բայց ոչինչ չի անում»,- 168.am-ի հետ զրոյցում ասել է Տիրան Լոքմագեօզեանը։

Ըստ թուրքագէտի, նույնիսկ Թուրքիան չի փակում իր տարածքով Իսրայէլ գնացող գազատարը։ Հետեւաբար, այս ամէնը ցոյց է տալիս, որ Թուրքիան իր կոշտ յայտարարութիւններով միայն իրեն ցուցադրելու նպատակ ունի, թէ իբր արաբների ու մուսուլմանների պաշտպան է։

«Իրականում Թուրքիան Իսրայէլի հետ ունի շատ լաւ կապեր, դեռ Իսարայէլի հիմնադրումից։ Առաջինը Թուրքիան է ճանաչել Իսրայէլը եւ մինչեւ այժմ էլ շատ լաւ տնտեսական կապեր ունեն։ Մենք տեսանք, թէ 2020 թւականի Արցախի 44-օրեայ պատերազմի ժամանակ Իսրայէլն ինչպէս օգնեց Ադրբեջանին, այսինքն՝ Թուրքիային։ Թուրքիայի ու Իսրայէլի միջեւ, բացի խօսքային կռւից, այլ բան մենք երբեք չենք տեսնելու»,- յաւելեց մեր զրուցակիցը։

Տիրան Լոքմագեօզեանը նաեւ մեկնաբանեց Ադրբեջանի ու Հայաստանի կողմից խաղաղութեան պայմանագրից տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը վերաբերող հարցի դուրսբերումը։

Նրա կարծիքով՝ եթէ Ադրբեջանը խաղաղութեան պայմանագրից հանել է այդ կէտը, ապա դեռեւս չի նշանակում, որ հրաժարւել են, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ը բացելու թուրանական ծրագրից։

«Հայաստանի տարածքով Նախիջեւանին միանալու ծրագիրը միշտ Ադրբեջանի օրակարգում է։ Բայց եթէ կարեւոր ծրագրեր են առաջ գալիս, ապա այդ հարցը նա կարող է ժամանակաւորապէս յետաձգել, որովհետեւ Ադրբեջանն այս պահին Նախիջեանի հետ ցամաքային ճանապարհ ունի՝ Իրանով, նաեւ Վրաստանով երկաթուղու միջոցով։ Այսինքն՝ Ադրբեջանի համար ոչ թէ կարեւորը ճանապարհ ունենալն է, այլ «միջանցք» Հայաստանի տարածքով, որը չի վերահսկւելու որեւէ կողմից։

Ի դէպ, սա Ադրբեջանին ու Թուրքիային այնքան շատ պէտք չէ, որքան Արեւմուտքին։ Թուրանի կազմութիւնը մտնում է Արեւմուտքի ծրագրերի մէջ, եւ այդ ծրագիրն իրականացնելու համար Հայաստանով տարածք է պէտք, եւ «միջանցք» կոչւողը հէնց դա է։ Կարճ ասած՝ Հայաստանից տարածք, հող պոկելու խնդիր է»,- ասել է թուրքագէտը։

Տիրան Լոքմագեօզեանի խօսքով՝ ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանում որոշակի ծրագրեր փոխւեցին, քանի որ Իրանը նախապատրաստւում էր Իսրայէլին հակահարւած տալ կամ պատժամիջոցներ սահմանել։ Իրավիճակը լուրջ էր, քանի որ Իսրայէլն էլ ցանկանում էր Իրանին ներքաշել պատերազմական գործողութիւնների մէջ։ Սակայն այս պահին նման լարւածութիւն թոյլ տալը Միացեալ Նահագներում նպատակայարմար չեն համարում, քանի որ այնտեղ սպասւում են նախագահակական ընտրութիւններ։

«ԱՄՆ նախագահական ընտրութիւններից յետոյ ամէն ինչ արդէն պարզ կը լինի, բայց այսօր ամէն ինչ պէտք է հանգիստ լինի, որովհետեւ պատերազմի կուսակցութիւններն ԱՄՆ-ում են նստած։ Միայն ընտրութիւններից հետ կորոշւի, թէ ինչ քայլեր պէտք է գործադրեն»,- եզրափակեց Տիրան Լոքմագեօզեանը։

Related Articles

Back to top button