Տեղի ունեցաւ «Հայաստան» խմբակցութեան մամուլի ասուլիսը

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Լիլիթ Գալստեանը եւ Արթուր Խաչատրեանը հանդէս եկան մամուլի ասուլիսով։
Նրանք ամփոփեցին խորհրդարանական շաբաթն ու պատասխանեցին լրագրողների հարցերին:
Արթուր Խաչատրեանը անդրադառնալով ՀՀ 2026 թւականի պետբիւջէի նախագծի վերաբերեալ քննարկմանն ասաց. «Բիւջէն, որ ներկայացրել է կառավարութիւնը կարող ենք վստահաբար կոչել ձախողումների ամփոփման բիւջէ։ Կառավարութեան վարած խայտառակ տնտեսական քաղաքականութեան արդիւնքում, երբ արտածին գործօնները վերացան, մենք տեսանք, որ տնտեսական աճը գահավիժեց 5.2-5.4%-ի միջակայքում՝ այն դէպքում երբ կառավարութիւնը խոստացել էր բարենպաստ պայմաններում 9%, իսկ սովորական պայմաններում 7%»:
Նա նշեց,որ պետական պարտքն ընթացիկ տարւայ վերջին 15 մլրդ դոլարից է անցնում, իսկ 2026 թւականին 6 տրիլիոն դրամ անցնելու է, իսկ իշխանութեան ներկայացուցիչները չեն էլ կարողանում հաշւարկել պարտքի ազդեցութիւնը տնտեսութեան վրայ՝ յաւելելով որ 330 հազարից աւել անյուսալի վարկ կայ ՀՀ բանկային համակարգում։
Խաչատրեանը նշեց, որ այդ ամէնին զուգահեռ ՀՀ բնակչութեան ¾-ը միջին աշխատավարձից ցածր է ստանում։
Նա նաեւ արձանագրեց, որ Փաշինեանը յայտարարում է, որ պետական բիւջէով ոչ թէ մարտունակ, այլ պաշտպանունակ բանակ է կառուցում։
Արթուր Խաչատրեանը անդրադառնալով երէկ (նոյ. 13-ին – ԽՄԲ.) Նիկոլ Փաշինեանի՝ ԱԺ-ում արւած յայտարարութեանը, թէ առաջին եւ երկրորդ նախագահների առաջնորդած ուժերը չպէտք է լինեն խորհրդարանում՝ ասաց. «Փաշինեանը չի որոշում, թէ որ քաղաքական ուժերը պէտք է լինեն խորհրդարանում: Կայ ժողովուրդ, ընտրողներ, որոնց Փաշինեանը ժամանակին կոչում էր 3 մլն վարչապետ, եւ ընտրութիւնների մեխանիզմներից մէկը, որով ձեւաւորւում է կառավարութիւնը, ընտրութիւններն են»,-ասաց նա։
Խաչատրեանը նշեց, որ դեռեւս 2021-ի ընտրութիւններից սկսած՝ Փաշինեանը տարբեր ուժերի կոչում է ազդեցութեան գործակալներ։ «Նման յայտարարութիւններ ինքն անում է երեւի 5-6 տարի, պարբերաբար հարցումներ են ուղղւում դատախազութիւն, իրաւապահ մարմիններ՝ արդեօ՞ք նման ազդակներ ստացել են, նման գործեր կան, թէ՞ ոչ, բայց որեւէ պատասխան չկայ։ Կա՛մ Նիկոլ Փաշինեանը պէտք է պատասխան տայ՝ ովքեր են ազդեցութեան գործակալները եւ դատարանում պաշտպանի իր յայտարարութիւնը, կա՛մ իրաւապահները պէտք է ջոկատներ ուղարկէին տարբեր մարդկանց յետեւից»,- ասաց նա։
Խաչատրեանը չի բացառում, որ Փաշինեանը տարբեր կուսակցութիւնների կարգելի, որովհետեւ հասկանում է, որ արդար պայքարում կը կորցնի իշխանութիւնը։
«Արցախի կորստից յետոյ յաջորդ ցաւալի ապտակը, որի մէջ մենք շարունակում ենք ապրել, Բաքւում ընթացող կեղծ դատավարութիւններն են»,- իր հերթին ասաց Լիլիթ Գալստեանը՝ արձանագրելով որ այդ բեմականացւած դատավարութեան ժամանակ ադրբեջանցի դատախազը պահանջում է ցմահ եւ 15-20 տարւայ ազատազրկում։
Նրա խօսքով՝ Բաքւի կեղծ դատավարութեանը զուգահետ ՀՀ իշխանութիւնների տոտոլ մերժողական պահւածքն է։
«Տոտալ բառը մեղմ է ասւած, այն պղծութեան հասած ուրացում է, երբ այսօր ցեղասպան Ադրբեջանում, Բաքւում կեղեքւում եւ դատապարտւում են ռազմաքաղաքական ղեկավարներ, ովքեր Արցախի անկախութեան եւ այսօր արդէն Հայաստանի անվտանգութեան համար են զոհասեղանին յայտնւել»,-ասաց Գալստեանը։
Նա յիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամաւորները չեն պաշտպանել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի բանաձեւում հայ գերիների վերաբերեալ առաջարկի ներառումը։
«Արցախի ուրացումից յետոյ աւելի ոչ բարոյական վարքագիծ ՀՀ քաղաքական իշխանութիւների կողմից դժւար է պատկերացնել»,-ասաց նա։
Անդրադառնալով կրթութեան ոլորտին՝ Գալստեանն ասաց, որ ուսուցիչների ընդամէնը 7%-է ստանում 300 հազար եւ աւել դրամ աշխատավարձ։
Լիլիթ Գալստեանը յայտարարեց, որ քաղաքական մեծամասնութիւնը ծածանում է 300 դպրոց, 500 մանկապարտէզ ծրագիրը, որը իրենց խոստացել էր մինչեւ 2026 թւականը։
«Իրենց կառավարութեան գործունէութեանը լաւագոյն դէպքում 6 ամիս է մնացել, իսկ մինչեւ 2026 թւական՝ 2 ամիս, բայց ՀՀ-ում խոստացւած 300 դպրոցի փոխարէն մենք ունենք ընդամէնը յանձնւած եւ աւարտւած 59 դպրոց»,-ասաց նա։
Ըստ նրա՝ վերջին 4 տարիների ընթացքում բիւջէի կատարողականը 40 տոկոսը չի գերզանցում։
Arfd.am



