Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լեւոն Տէր-Պետրոսեանը՝ Փաշինեանին. «Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավէճի առարկան՝ հազարամեակների հայկական Արցախը, քո արկածախնդրութեան պատճառով այլեւս գոյութիւն չունի»

«ԱԼԻՔ» – Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավէճի առարկան՝ հազարամեակների հայկական Արցախը, քո արկածախնդրութեան պատճառով այլեւս գոյութիւն չունի, եւ քեզ այլ բան չի մնում այս դառն իրողութիւնից մեր ժողովրդի ուշադրութիւնը շեղելու յուսահատ ճիգերից բացի։

Այս մասին, դիմելով Նիկոլ Փաշինեանին, յայտարարութիւն է տարածել Լեւոն Տէր-Պետրոսեանը:

«Աղմկիր որքան ուզում ես, այս իրողութիւնն արդէն պատմական փաստ է, որն այլեւս ջնջել չի լինի։

Իսկ եթէ, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրութիւնն իմանայ ողջ ճշմարտութիւնը ղարաբաղեան խնդրի կարգաւորման դիւանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից յետոյ այդ գործընթացի խորհրդապահութիւնը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտօնապէս ներկայացւած խաղաղութեան բոլոր (այդ թւում՝ 2019 թ. յունիսի) պլանները եւ հայկական դիւանագիտութեան պաշտօնական պատասխանները դրանց։

Այ դա արդէն կը լինի իսկական բանավէճ, հիմնւած փաստերի վրայ։ Իսկ եթէ դա չանես, եւս մէկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտութիւնից եւ զբաղւած ես պատմական պատասխանատւութիւնից փոքրոգիաբար խուսափելու գործով»,- նշւած է յայտարարութիւնում։

Related Articles

Back to top button